Ուզում են բոլոր թոշակառուներին սովամա՞հ անեն

Ուզում են բոլոր թոշակառուներին սովամա՞հ անեն
«Այս թանկացումները ո՛չ ինչ-որ մեկի սրտով են, ո՛չ էլ հոգուն մոտ, եւ մի՞թե կառավարությունում կամ Ազգային ժողովում դրա մասին չգիտեին, որ կանչում՝ հանձնարարություններ են տալիս, թե գնացեք լսումներ արեք, քննարկեք՝ հարցը ոնց լուծեք»,- ասում է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն ու իր վրդովմունքը հայտնում վերջին ամիսների թանկացումների վերաբերյալ։



«Բայց չէ՞ որ այդ թանկացումները նոր չեն, ահագին ժամանակ է՝ կա․ կարագը, պանիրն ավելի շուտ են թանկացել, բա նրանք տեղյակ չե՞ն, կարագ, պանիր չե՞ն ուտում, իհարկե՝ ամեն ինչն էլ իրենց ձեռքն է, սուտ-սուտ բաներ են դրանք, բոլորը խաղ է։ Հնարավոր է հենց իրենք են թանկացնում ու էժանացնում, որպեսզի ժողովուրդն ասի՝ վայ, էս ինչ լավ պետություն է։ Հիմա առջեւում ընտրություններ են գալիս՝ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, ես վստահ եմ, որ այդ գները մի քիչ կիջնեն, բայց հետո թե ոնց կլինի՝ չգիտեմ, բայց հավատ չունեմ, որովհետեւ մի բանը որ մեզ մոտ բարձրանում է, էլ ոչ մի անգամ չի իջնում, մեր պրակտիկայում կա՞ մի ապրանք, որի գինը բարձրացել է ու հետո իջել»,- ասում է քանդակագործն ու նկատում, որ եթե ուրիշ երկրներում Նոր տարվա շեմին ամեն ինչ էժանանում է, մեզ մոտ՝ Հայաստանում, թանկանում է․ «Մի՞թե պետությունը, իշխանությունը ոչ մի լծակներ չունեն՝ ազդելու այդ ամեն ինչի վրա։ Ասում է՝ կարագն ուրիշ երկրներում էլ է թանկացել։ Այ մարդ, մենք ուրիշ երկրների հետ ի՞նչ գործ ունենք, կարող է կարագն այնտեղ թանկացել է, բայց աշխատավարձն այնքան բարձր է, որ նա չի զգում այդ թանկացումը, իսկ մեր երկրում թոշակն ու աշխատավարձը չեն բարձրանում, եւ ասում են՝ մինչեւ 2020-ը չի բարձրանալու, ու անընդհատ թանկացումներ են լինում։ Այսպես չի կարելի ժողովուրդ պահել, ես համաձայն չեմ դրան։ Հիմա ի՞նչ անենք, ընդդիմությունն ասում է՝ այսպես շարունակվի, ժողովրդին փողոց կհանենք»։



Նախագահի պաշտոնում դեսպան Արմեն Սարգսյանի անունը հրապարակելու առնչությամբ էլ Թոքմաջյանը նկատում է, որ Ս․ Սարգսյանը, հավանաբար հաշվի առնելով նրա՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան լինելը, դրա համար է օտար լեզուների կարեւորությունն առաջ քաշել․ «Բայց կարեւորն անգլերե՞նն է, թող լավ հայերեն իմանա։ Իսկ թե ոնց կարա լինի՝ ոչ մեկ չի կարող ասել։ Երեւի մի բան գիտեն, որ իր թեկնածությունն են դրել...։ Բայց ես էլի մարդկանց անուններ էի լսել՝ Տիգրան Սարգսյան, նույնիսկ՝ Արկադի Ղուկասյան, բայց, կարծում եմ, լավ կլինի հայաստանցի լինի, թե չէ Ղարաբաղից բերում են, նրանք էլ մի քիչ օտարի աչքով են նայում, ճիշտ է՝ հայ են, բայց տարբերությունը մի քիչ զգացվում է»։



Իսկ ընդհանրապես Թոքմաջյանը կարծում է՝ եթե նախագահը պիտի ոչ մի իրավունք չունենա, ի՞նչ նշանակություն ունի՝ կուսակացական կլինի՞, թե՞ ոչ, անգլերեն կամ ռուսերեն կիմանա՞, թե՞ չի իմանա․ «Հիշեցի տերտերի եւ նրա Բալդի ծառայի հեքիաթը, որ ասում է՝ կուզեմ լինի մի ծառա, շատ բան իմանա, ապրի չոր հացով, լինի խոհարար, բայց շատ էժան վարձով։ Մի տեսակ մեր կյանքն այնքան նման է այդ պատմությանը՝ կուսակցական չլինի, անգլերեն իմանա, քիչ ուտող լինի, չգիտեմ ինչ, բայց այդ ամենի կողքին նա մոռացավ ասել ամենակարեւոր հատկության մասին, որ ժողովրդի մասին մտածող լինի, իսկ ամենակարեւորը՝ ժողովրդին սիրող, հումանիստ ղեկավար լինի, բայց իշխանավորները ժողովրդին չեն սիրում, դա է ամենացավալին, իրենք միայն իրենց են սիրում»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**