Տարվա լավագո՞ւյն, թե՞ «համեստագույն» քաղաքապետ

Տարվա լավագո՞ւյն, թե՞ «համեստագույն» քաղաքապետ
Պարզվում է՝ Մասիսի երիտասարդ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը 2017 թ․ տարվա լավագույն քաղաքապետն է: Այդ «տիտղոսին» Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսային արժանացրել է Armenian info.am տեղեկատվական պորտալը, որը տարվա լավագույն «առողջապահական գործիչ» է ճանաչել Ասատուր Ասատրյանին՝ «Աստղիկ» ԲԿ տնօրենին, իսկ նրա ղեկավարած կառույցը՝ տարվա լավագույն բուժհաստատություն: Թե ինչ հիմունքներով են ճանաչվում տարվա լավագույնները, ավելի ստույգ կիմանան պորտալն ու նրա կողմից ճանաչված լավագույնները:



Իսկ թե ինչու է պորտալը որոշել հարցում անել հենց Արարատի մարզում, երբ է արել այդ «սոցհարցումները», ինչքան մարդու է հարցն ուղղել, նրանց քանի տոկոսն է ասել, որ տարվա լավագույն քաղաքապետը Դավիթ Համբարձումյանն է, կայքում նշված չէ: Միայն նշվում է, որ հարցված մասիսցիները լավ-լավ բաներ են ասել իրենց քաղաքապետի մասին, եւ նրանց զգալի մասն էլ, որպես տարվա լավագույն քաղաքապետ, նշել է Դավիթ Համբարձումյանի անունը: Իր՝ լավագույնը լինելու «բարի ավետիսը» քաղաքապետը «համեստորեն» տեղակայել է նաեւ քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Ակնհայտ է, որ փառքից գլխապտույտ ապրող երիտասարդ «օսկարակիրը» հայտնվել է հայտնի հեքիաթի մուլտֆիլմի հերոսուհու հոգեվիճակում. «Հայելի իմ, հայելի, ո՞վ է ինձնից ավելի գեղեցիկ ու խելացի…»: