Վիգեն Սարգսյանը ծառայել է ՊՆ-ում, ուսանողների պահանջներն էլ չեն ընդունելու

Վիգեն Սարգսյանը ծառայել է ՊՆ-ում, ուսանողների պահանջներն էլ չեն ընդունելու
Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը հարգում է տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողներին, բայց տրամաբանական չի համարում «Հանուն գիտության զարգացման» կարգախոսով պայքարը։ «Տարկետում հասկացությունը շարունակում է գործել պայմաններով, ընդ որում՝ այնպիսի պայմաններով, որ հասանելի լինի բոլորին։ Էսօր տարկետումը գործում է այն մարդկանց համար, որոնք ավելի շատ միավորներ են հավաքում։ Իսկ մենք առաջարկում ենք տարկետման իրավունքից օգտվող բոլոր այն ուսանողներին, որոնք ի սկզբանե ասում են, որ ես չեմ խուսափում բանակից, թույլ տվեք ես ավարտեմ ուսումս։ Դրանից լավ առաջա՞րկ»,-ասաց նա։ Այսինքն իրենց որևէ պահանջ չե՞ք ընդունում, Զաքարյանն ասաց․ «Իրենց պահանջները չենք ընդունում, որովհետև մենք էնքան վստահ հիմնավոր ենք ներկայացնում մեր առաջարկածը, որ այլ պահանջը դա նշանակում է վերադառնալ, նորից թույլ տալ, որ չարաշահողները չարաշահեն, խուսափողները խուսափեն, գիտությունն էլ դրանից չշահի։ Պատրա՞ստ եք դրան»։



Hraparak.am-ը հետաքրքվեց, թե քանի՞ հոգի է լինելու այս օրինագծի շահառուները, քանի՞սն են, որ օգտվում են տարկետման իրավունքից և չեն գնում բանակ և քանի՞սն են, որ այս օրենքից հետո մեկ տարվա ընթացքում ընթացքում համալրելու են զինուժը։ Զաքարյանը, սակայն, թվերն այս պահին չի կարող ասել։ Արտակ Զաքարյանն անդրադարձավ նաև Վիգեն Սարգսյանին ուղղված քննադատություներին և նրա ծառայել-չծառայելու հարցին։ Hraparak.am-ը հարցրեց, թե ինքը տեղյա՞կ է՝ կոնկրետ որտեղ է ծառայել Վիգեն Սարգսյանը։ «Այո, պաշտպանության նախարարությունում»,-ասաց նա։ Նկատեցինք, որ խնդիրն այն է, որ նա կաբինետում է անցկացրել իր ծառայությունը, և առաջնագծում վիրավորվելու հնարավորություն չի ունեցել, Զաքարյանն այսպես արձագանքեց․ «Ինչի՞ եք անպայման ուզում, որ բոլորը վիրավորվեն, անպայման տուժվեն․․․ հիմա իմ բախտը բերել ա, ես էլ չեմ վիրավորվել, մի քանի անգամ բերել ա, չեմ վիրավորվել պատահաբար»։ Հարցին՝ զենք կրե՞լ է Վիգեն Սարգսյանը, Զաքարյանն ասաց՝ բոլոր զինծառայողներին էլ զենք հասնում է։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**