ԱԺ հանձնաժողովն արտահերթ նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծին

ԱԺ հանձնաժողովն արտահերթ նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծին
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում երեքշաբթի մեկնարկող քառօրյայից առաջ այսօր նիստ էր նշանակված, ինչը չի կայացել անդամների մեծ մասի բացակայության պատճառով: Ներկա չի եղել նույնիսկ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, նույն հանձնաժողովի անդամ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մեզ փոխանցեց, որ Նահապետյանը գործուղման մեջ է, որտեղ՝ տեղյակ չէր:



ԱԺ կայքում եւս չգտանք այդ մասին տեղեկատվություն: Օգտվելով ԱԺ կանոնակարգ նոր օրենքի դրույթից՝ հանձնաժողովի կազմի ¼-րդ պատգամավորական ձայներով արտահերթ նիստի հրավիրելու պահանջ է ներկայացվել եւ արտահերթ նիստ հրավիրվել, Սարգասյանից բացի ՀՀԿ-ականներից մասնակցել են Ֆելիքս Ցոլակյանը, Միհրան Պողոսյանը եւ ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը: Նիստի օրակարգում էին պաշտպանության նախարարության ներկայացրած նախաձեռնությունները՝ «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծերը: Ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Վահե Էնֆիաջյանի, Արտակ Զաքարյանի և Արտակ Զեյնալյանի ներկայացրած օրենքի նախագիծը «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:



Պատգամավորներն առաջարկում են երկարաձգել զինվորական ծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն տվող օրենքի գործողության ժամկետը: Պաշտպանության նախարարությունն առաջարկել էր շեշտակի բարձրացնել գումարի չափը, որը զինվորական ծառայությունից խուսափած անձանց հնարավորություն կտա ազատվել քրեական պատասխանատվությունից՝ հասցնելով այն 9 միլիոն դրամի: ՊՆ առաջարկները չեն ընդունվել և նախագծի լրամշակված տարբերակում ներառված չեն:



Նշենք, որ հանձնաժողովի անդամներ են նաեւ ՀՀԿ-ական գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը: Հանձնաժողովի փոխնախագահը ԲՀԿ-ական Դավիթ Մանուկյանն է՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, նույն խմբակցությունից Արթուր Մանուկյանը, Բահան Կարապետյանը, Ելք-ից Սասուն Միքայելյանը: Չի բացառվում, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները՝ հաշվի առնելով ուսանողության բողոքի ակցիաները ակադեմիական տարկետման վերացման դեմ, չեն ցանկանում հայտնվել նրանց թիրախում: Հիշեցնենք, որ Ծառուկյան դաշինքըառաջին ընթերցման ժամանակ կողմ էր քվեարկել նշված օրենքին: