Մոսկվան, Բաքուն եւ Թեհրանը ընդլայնում են գործակցությունը

Մոսկվան, Բաքուն եւ Թեհրանը ընդլայնում են գործակցությունը

Մոսկվան, Բաքուն եւ Թեհրանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը նավթագազային ոլորտում եւ միջազգային էներգետիկ հարթակներում: ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ, այսպիսին են եղել Պուտին-Ռոուհանի-Ալիեւ հանդիպման արդյունքները: Ըստ երեք նախագահների հանդիպման արդյունքում տարածված համատեղ հայտարարության, կողմերը նաեւ քայլեր են ձեռնարկելու երեք երկրների էլեկտրական ցանցերի միավորման ուղղությամբ: Պայմաններ են ապահովվելու նաեւ առեւտրային շրջանառության եւ մասնավոր սեկտորի տնտեսական գործունեության ակտիվացման համար: Այս համատեքստում Մոսկվան, ըստ էության, բավական լուրջ հետաքրքրություն է ցուցաբերել նաեւ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հանդեպ, որի բաղադրիչ է լինելու նաեւ Ռեշտ-Աստար երկաթգիծը: Հասկանալի է, որ այս հանդիպման առանցքային դերակատարները Մոսկվան եւ Թեհրանն են, եւ պատահական էլ չէ, որ օրակարգում այնպիսի հարցեր կան, որոնք միայն երկուսին են վերաբերվում, սակայն արդեն իսկ մտահոգիչ է այն, որ Հարավային Կովկասում տեղի են ունենում պրոցեսներ, որոնք շրջանցում են, մեղմ ասած, Հայաստանը, չասելու համար՝ անտեսում: Հասկանալի է նաեւ, որ Բենդեր-Աբասը Սանկտ Պետերբուրգի հետ երկաթուղով միավորելու գաղափարը ավելի շատ քաղաքական եւ աշխարհաքաղաքական հարց է, սակայն դրան առնչվող Ռեշտ-Աստար գծի կառուցման ընթացքում հեռանկարում արդեն հարվածում է Գյումրի-Կարսի հնարավոր գործարկման նպատակահարմարությանն առհասարակ: Այդուհանդերձ, Հասան Ռոուհանին լավատես է եւ կարծում է, որ երեք նախագահների հանդիպումը բարեկամության եւ անկեղծ հարաբերությունների նշան է: