Թերակղզու քարքարոտ, կեղտոտ աստիճանները եւ մուրացիկ մոմավաճառները. սա՞ է տուրիզմի տեսլականը

Թերակղզու քարքարոտ, կեղտոտ աստիճանները եւ մուրացիկ մոմավաճառները. սա՞ է տուրիզմի տեսլականը

Թեեւ ամառն արդեն ավարտվել է, սակայն զբոսաշրջիկների հոսքը Հայաստանի գեղատեսիլ վայրեր չի դադարում։ Շաբաթ, կիրակի օրերին Սեւանի թերակղզին լիքն էր հիմնականում Իրանից ժամանած տուրիստներով։ Պարզվում է՝ 2 օր առաջ Սեւանի թերակղզու աստիճանները բարձրացող մի իրանուհի ընկել է աստիճաների վրա, իսկ վայր ընկնելու պատճառը աստիճանների վրայի մանր քարերն էին եղել: Թերակղղու աստիճանները ոչ միայն քարքարոտ են ու կանաչներ են բուսնել, այլ տեղ–տեղ քարերը շարժվում են: Դա դեռ քիչ է, ամեն քայլափոխի կարող ես տեսնել մոմավաճառ երեխաների, մուրացիկ տատիկների, անգամ այլ քաղաքներից եկած երեխաների ու կանանց, ովքեր մոմ են վաճառում: Տղան, ում մոտեցանք, հասցրել էր արդեն 50 հատ մոմ վաճառել եւ ասաց, որ ամեն օր մոտ 3000դրամ է վաստակում: 



Միգուցե տասնյակ մարդիկ մոմ վաճառելով եւ մուրացկանությամբ հոգում են իրենց օրվա հացի խնդիրը, բայց դրսից եկած օտարերկյա զբոսաշրջիկներին այս տեսարանը այնքան էլ դուր չի գալիս: Նրանք մեզ հետ զրույցում ասում էին, որ լսել են Սեւանի մասին, անգամ կարդացել են պատմությունը եւ ցանկացել են իրենց աչքով տեսնել այդ ամենը, ինչի համար էլ Հայաստան են եկել, սակայն զարմացել էին, որ մինչեւ թերակղզի հասնելը հանդիպում են տարբեր մարդկանց, որոնք օգնություն են խնդրում: Նայելով մոմավաճառ եւ մուրացիկ մարդկանց՝ ասում էին. «Միթե Հայաստանում այսքան էլ վատ են ապրում»:



Հ.Գ. Ի՞նչ եք կարծում, զբոսաշրջիկը, այս պատկերը տեսնելով, կցանկանա մյուս տարի Հայաստան գալ:



Նելլի Կարապետյան