Կարեն Կարապետյանի, Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին

Կարեն Կարապետյանի, Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր խորհդրարան էր այցելել ԱԺ «Ծառուկյան դաշինքի» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Նիստից րոպեներ անց դուրս գալով՝ նա պատասխանեց լրագորղների հարցերին։ Լրագրողներ-Ծառուկյան հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև․



-Պարոն Ծառուկյան, եթե Սերժ Սարգսյանը լինի վարչապետի թեկնածու, նա Ձեզ համար ցանկալի թեկնածո՞ւ է:



-Ես ուզում եմ եթե-ով հարցերին չպատասխանեմ: Երբ համապատասխան Հանրապետական կուսակցությունն իր որոշումը կկայացնի, իր թեկնածուին կառաջարկի, այն ժամանակ կասենք:



-Բայց նա ընդունելի՞ թեկնածու է Ձեզ համար:



-Ուրեմն, համապատասխան դուք պետք է իմանաք, որ էդ իրավունքը տրված է ՀՀԿ-ին: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք տարել են առավելագույն ձայներ՝ 50+1, և որոշողն ու առաջարկողն իրենք են:



-Դա հասկանալի է, Դուք կո՞ղմ եք Սերժ Սարգսյանի թեկնածությանը:



-Բա եթե հասկանալի է, հարցն ինչի՞ եք ինձ տալիս: Երբ որ կասեն, այն ժամանակ իմ պատասխանը կլսեք:



-Ինչպե՞ս եք գնահատում կառավարության գոծունեությունը, արդեն մեկ տարի է՝ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարում է: Դրական ցուցանիշներ կա՞ն:



-Ես ութ ամիս առաջ եմ ասել, որ Կարեն Կարապետյանն իմ ընկերն է, ինքը ներկայացրել է ծրագիրը, աշխատում է անել: Էսօր ընկերն ընկերոջ մասին կարծիք ասելը դա ես կոռեկտ չեմ համարում: Երբ որ մենք իրար հետ հանդիպում ենք, ես ասում եմ բացասականն էլ, դրականն էլ: Այսօր դրականը նկատելի է, որ 25-30 տոկոս բանկի տոկոսները դառել են 8-10 տոկոս, և այսօր տուրիստների քանակի աճն արդեն 25 տոկոսից ավելի է: Ինքը կներկայացնի համապատասխան իր տարվա կատարած գործերը, ըստ այդմ էլ մենք կասենք:



-Դուք Սերժ Սարգսյանի՞ն եք տեսնում վարչապետի պաշտոնում:



-Մեր տեսնելով ու չտեսնելով չէ, ՀՀԿ-ն է որոշողը, իրենք դեռ չեն քննարկել:



-Եթե ՀՀԿ-ն որոշի, որ նա է վարչապետի թեկնածուն, Դուք չեք խոչընդոտի՞:



-Խոչընդոտողը պետք է լիներ ժողովուրդը, եթե մեր ժողովուրդն իր ձայնով գնացել է 50+1 տոկոսը տվել է ՀՀԿ-ին, հենց ՀՀԿ-ն էլ պատասխանատու է երկրի, ժողովրդի անվտանգության համար: Ես համապատասխան քարոզարշավի ժամանակ մեր ժողովրդին ներկայացրել էի՝ ժողովուրդ ջան, հավաքվելով ու ասելով՝ Ծառուկյան փրկի, ես ասել եմ՝ ձեր ցավը տանեմ, տվեք փրկեմ: Ասում եմ խնդիրները, լուծումները, 15 կետերը, ծրագրերը, որ համակարգ փոխվի, մարդիկ փոխվեն, ասում էի ներդրումների բերման աղբյուրը: Ասում էին՝ Ծառուկյանը բլեֆ է արել: Համապատասխան մարդը ելավ հեռուստացույցի մոտ, ասեց, որ՝ մենք պատրաստ ենք Ծառուկյանի ծրագիրն իրականություն դարձնենք:



-Եթե ժողովուրդն ընդվզի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, Դուք կիմանա՞ք:



-Եթե օրենքի շրջանակներում ժողովուրդն ընդվզող էր, թող այն ժամանակ ձայնը տար՝ ում հավատում էր: Հավատացել են, տվել են… Ամենակարևորն այսօր պարոն Ծառուկյանն այնքան քաղաքական փորձ ունի, որ ցանկացած հարցի լիարժեք ձեր պատասխանները տալու է:



-Այսօր կա՞ ոլորտ, որտեղ առաջընթաց է գրացվել:



-Ուրեմն, այդ ոլորտը կույր մարդն էլ կարող է տեսնել, որ այսօր ամբողջ աշխարհը խոսում է Հայաստանի սպորտի զարգացման մասին: Ցանկացած օլիմպիական խաղեր, մեր մարզիկները ոսկե մեդալով են վերադառնում:



-Ձեզ համար վարչապետի ընդունելի թեկնածուն Կարեն Կարապետյա՞նն է, թե՞ Սերժ Սարգսյանը:



-Նորից եմ ասում՝ այսօր այդ խնդիրը տրված է ՀՀԿ-ին, իրենք իրենց կազմով պետք է որոշեն:



-Այսինքն՝ Դուք ցանկություն չունե՞ք:



-Եթե հնարավորություն չես տվել: Հիմա դու մեծ ցանկություն ունես, ուզում ես աստղ դառնաս, եթե էդ հնարավորությունը քեզ չտան…



-Պետք է ձգտել:



-Աղջիկ ջան, ձգտում ենք, քարոզել ենք, ամբողջ սահմանամերձ գոտիով ասել ենք:
Ներդրումներ բերելո՞ւ եք Հայաստան: Եթե դուք նկատել եք, Ծառուկյանը միշտ արել է, անելու է, ներդրումներ էլ ենք բերելու, կառուցում ենք մեր երկիրը: Էսօր ես անձնական շահ չունեմ, մեր շահը ժողորդի կարգավիճակը փոխելն է, հնարավորություն տալը:



-Դուք նեղացա՞ծ եք ժողովրդից:



Իմ ժողովրդի ցավը տանեմ, ես իրում եմ իմ ժողովրդին, իրենց կողքին եմ: Բայց ձայները մեծ մասը ՀՀԿ-ին տվեցին:



-Բայց ընտրությունները կեղծեցին:



-Ո՞վ է ասում կեղծել են: Ժողովուրդը տվել ա իրա քուչի տղուն, իրա գյուղապետին, մարզպետին; Բայց նրանք խնդրի լուծող չեն, տվեք պահանջեք: Այդպիսի անհիմն հայտարարություններ ես չեմ անի այսօր, որ կեղծվել են:



-ՀՀԿ-ի հետ կոալիցիայի հարց քննարկվո՞ւմ է:



-Չի քննարկվել, որ քննարկվի, դուք՝ բոլորդ կիմանաք:



-Իշխանափոխության հնարավորություն տեսնո՞ւմ եք:



Նոր են անցել խորհրդարանական ընտրությունները: Կատարվել է ընտրություն, մարդիկ իրենց ձայնը տվել են: Հենց վերջանում է՝ թեժ աշուն, թեժ գարուն: Ժողովուրդն իր ձայնը տվել է, ժողովուրդն էլ պետք է պահանջի: Իսկ ՀՀԿ-ն պարտավոր է պատասխանատու լինի ժողովորդի կենսամակարդակը բարձրացնելու, անվտանգությունն ապահովելու համար:



-Բացառո՞ւմ եք, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմեք:



-Ես այս կյանքում ոչ մի բան չեմ բացառում, բայց երբ որ լինի, ես կասեմ: Կարևորը՝ իմ խոսքն ու խոստումը իմ ժողովրդին ես պահել եմ, իմ պարտքը պետք է կատարեմ ժողովրդի առաջ:



-ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն է ներկայացվել խորհդրարան, Դուք կողմ կքվեարկեք, թե՞ դեմ:



-Ցանկացած կուսակցություն իրավունք ունի առաջարկ անելու ու ներկայացնելու: Եվ ես իմ թիմին այսօր հրահանգել եմ, որ ցանկացած կուսակցություն, երբ հարց է բարձրացնում, պարտավոր եք ներկա լինելու, քննարկելու և համապասխան որոշում կայացնելու: Հլա թող մի հատ ներկայացնեն: Մենք, ի՞նչ է, ավելի լավ առաջա՞րկ ունենք այլ երկրների կողմից, որ ներդրումներ կլինեն, տարեկան 4 մլրդ կներդնեն, ժողովրդի վիճակը կլավանա, անվտանգությունն ավելի ապահով կլինի: Պետք լինի, կքննարկենք, և հնարավոր է՝ մենք այլ կերպ անդրադառնանք: Երևի մենք ԵՏՄ հնարավորությունները ճիշտ չենք օգտագործում, 200 միլիոնանոց շուկա է: Կարելի է այդ հարցն էլ քննարկել, թե ինչ կարելի է անել: Անհնարին ոչինչ չկա: Հարկավոր է նայել ու քննարկել առաջարկը, ոչ թե աչքի տեղը ունքն էլ հանել: