Մոր վախից նրանք հաճախ դիմում են սուտ մատնության

Մոր վախից նրանք հաճախ դիմում են սուտ մատնության

«Աբովյան» ՔԿՀ-ում, որտեղ պատիժ են կրում անչափահասները, աղջիկներ գրեթե չեն լինում: Եթե անգամ հայտնվում են, ապա՝ մեկ-երկու ամսով: Հայաստանում ընդունված չէ խիստ պատիժներ սահմանել անչափահաս աղջիկների նկատմամբ: Սա չի նշանակում, թե մեր աղջիկները հանցագործություններ չեն գործում: Նրանք հաճախ են հանցագործությունների գնում ընտանիքում տիրող նահապետական բարքերի պատճառով՝ վախենալով ծնողի զայրույթից, անբարենպաստ ընտանեկան վիճակից կամ մոր հետ վատ հարաբերությունների պատճառով:



Անչափահաս աղջիկներին Հայաստանում հազվադեպ են ազատազրկում



Մեկ տարի առաջ Արարատի եւ Վայոց Ձորի դատարանը սուտ մատնության համար դատապարտեց Արտաշատի բնակիչ անչափահաս Աննա Ղ․-ին: Աղջիկը հին Նոր տարվա օրը՝ հունվարի 13-ին, գնացել էր Արտաշատի ոստիկանություն եւ հայտնել, որ Վազգեն Մ․-ն ընկերների հետ իրեն բռնի կերպով տարել է Տափերական գյուղի մոտ գտնվող հյուրանոցը եւ բռնաբարել: Դատարանում, սակայն, պարզվել է, որ Վազգենն Աննայի ընկերն է եղել, որի հետ նա ունեցել է սիրային կապ, որ հյուրանոց նա գնացել է իր կամքով, եւ հետագա սեռական զարգացումներն աղջկա հետ եւս կամավոր են եղել:



Դատարանում Աննան ընդունել է մեղքը: Իսկ հարցաքննությունների ժամանակ խոստովանել է, որ մի քանի ամիս չի շփվել սիրած տղայի հետ, իսկ դեպքի օրը նրան պատահական է հանդիպել, բացատրվել, ու երիտասարդները որոշել են գնալ հյուրանոց, հարաբերություններ պարզել: Զրույցը բարեհաջող ավարտ է ունեցել, Աննան ու Վազգենը միացել են, նույնիսկ որոշել, որ այդ օրվանից պետք է միասին ապրեն, որից հետո գրկախառնվել են, համբուրվել եւ այլն, նույնիսկ խնդրել են, որ Վազգենի ընկերն իրենց նկարի հյուրանոցում: Այդ ողջ ընթացքում աղջկան զանգել են ծնողները, քույրը, ցանկացել են իմանալ, թե որտեղ է նա: Աննան չէր կարող մորն ասել ճշմարտությունը, որովհետեւ իրեն արգելված էր հանդիպել Վազգենի հետ, եւ աղջիկն անջատել է հեռախոսը: Առավոտյան տուն գնալով՝ Աննան ստիպված է եղել խաբել ծնողներին, որ Վազգենն իրեն ուժով է տարել հյուրանոց: Մայրն էլ պահանջել է, որ դիմի ոստիկանություն: Առերեսման ժամանակ Աննան չի կարողացել ստել ու պատմել է ճշմարտությունը: Մեր դատավորներն անչափահաս աղջիկների նկատմամբ բարի են: Կանանց գաղութում ոչ մի անչափահաս աղջիկ չկա: Աննան դատապարտվել է 1 տարվա ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվում, բայց դատվածությունը մնում է որպես աղջկա կենսագրության սեւ էջ:



Տղան ընդունել է հայրությունը



Գորիսի բնակիչ 16-ամյա Անժելա Բ․-ն եւս սուտ մատնություն է արել երեւանցի Արմենի նկատմամբ: Նա հայտնաբերել է, որ հղի է ու, վախենալով խոստովանել ծնողներին, նրանց հայտնել է, որ իրեն ամիսներ առաջ բռնաբարել է երեւանցի մի երիտասարդ: Մայրը զանգահարել է ոստիկանություն ու հայտնել, որ Անժելային բռնաբարել են: Անժելան ոստիկանությունում պատմել է, որ ամռանն աշխատել է Կապանի մանկական սրճարանում, որտեղ ծանոթացել է Վիկա անունով մի աղջկա հետ: Աղջիկները որոշել են գնալ Երեւան՝ զբոսնելու, բայց գիշերելու տեղ չեն ունեցել եւ դիմել են Վիկայի ծանոթին:



Վերջինս մորաքրոջ որդու՝ Արմենի հետ եկել է ու աղջիկներին տարել հյուրանոց, որտեղ ուտել-խմելուց հետո Արմենն իրեն բռնաբարել է: Հետագայում անչափահաս աղջիկը խոստովանել է, որ տղան իր նկատմամբ որեւէ բռնություն չի գործադրել կամ սպառնացել, եւ ինքը նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել իր կամքով: Հետաքրքիրն այն է, որ Արմենը չի հրաժարվել երեխայից: Աղջկա մայրն իրավապահներին հայտնել է, որ դուստրն ապրում է Արմենի հետ՝ հայկական բարքերի տեսանկյունից միանգամայն ընդունելի ավարտ: Դատարանը, ինչպես միշտ, մեղմ է վարվել անչափահաս աղջկա հետ: Նրա նկատմամբ կիրառվել է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց` ծնողների հսկողությանը հանձնելը 2 ամիս ժամկետով:



Երեկ՝ բաճկոն, վաղը՝ «Այֆոն»



Միշտ չէ, որ դատավորներն այսչափ գթասիրտ են գտնվում անչափահաս աղջիկների նկատմամբ: Էրեբունի եւ Նուբարաշեն շրջանների ԸԻ դատարանն անցյալ տարի աննախադեպ դաժան դատավճիռ կայացրեց՝ երկու ամսով «Աբովյան» ՔԿՀ ուղարկեց 17 տարեկան Լուսինե Մ․-ին՝ սահմանելով նաեւ տուգանք 200 հազար դրամի չափով: Մեկ տարվա ընթացքում փոքրիկ այս գողը երեք գողություն է կատարել: Մի անգամ նա օրը ցերեկով 8 հազար դրամ արժողությամբ մանկական բաճկոն է գողացել հագուստի սրահի մուտքի մոտից: Քննիչին խոստովանել է, որ գողանալուց հետո բաճկոնը դեն է նետել, քանի որ հաճույք է ստանում գողանալուց եւ փախչելուց: Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկում էլ մի տղամարդուց հափշտակել է 13 հազար ՀՀ դրամ արժողության «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս եւ դիմել փախուստի: Նա հեռախոսը վերցրել է զանգելու համար, սակայն հրաժարվել է վերադարձնել տիրոջը: Երբ տղամարդը գնացել է մոտակայքում հերթապահող ոստիկանների ուղղությամբ, աղջիկը տաքսի է նստել ու փախել: Հաջորդ օրը, երբ հետաքննիչները նրանց տուն են այցելել, նա վերադարձրել է հեռախոսն ու մեղանչել: Գործում եզրակացություն կա, որ անչափահասը հոգեխախտ է, անձի շեղումներ ունի: Դրանք ընտանեկան վիճակից են գալիս: Շուրջ յոթ տարի առաջ նրա ծնողներն ամուսնալուծվել են։ Աղջիկը բնակվում է մոր, պապի, տատի, կրտսեր քրոջ եւ երկու եղբայրների հետ, ընտանիքում հաճախ է տարաձայնություններ ունենում, փախչում տնից: «Նրա կյանքի եւ դաստիարակության պայմանները բարվոք չեն, հոգեկան զարգացման աստիճանը եւ ընդհանուր զարգացման վիճակը` ոչ բավարար»: Աղջիկը երրորդ անգամ էլ է գողություն կատարել․ անցյալ տարվա նոյեմբերին նա ընկերոջ հետ մտել է «Vogue house» կանանց հագուստի սրահ, խոսեցրել է աշխատակցուհուն, եւ մինչեւ նրա ընկերը գողություն կաներ խանութից, դրամարկղի փեղկի վրայից փախցրել է երկու «Այֆոն-5» հեռախոս: Այս գործով դատաքննությունը դեռ չի ավարտվել: Հազիվ թե այս անգամ էլ աղջկա բախտը բերի: Նա արդեն 18 տարեկան է:



ՀԳ. Ներկայացրել ենք բացառապես այն դեպքերը, երբ աղջիկներն ընդունել են իրենց մեղքը: Նրանց անունները հրապարակման մեջ փոխված են:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ