Եթե կոշտ լինեն, ցանկացած բան կարելի է բնում խեղդել

Եթե կոշտ լինեն, ցանկացած բան կարելի է բնում խեղդել

Արդեն 25 տարուց ավելի է` շրջանառվում է Ալավերդի քաղաքի անվանափոխության հարցը: Այդ տարիների քննարկումների ընթացքում առաջարկվել է Ալավերդին անվանակոչել Մանես, Ձորափոր, Թումանյան, Միկոյան, Լալվար, Դեբեդ, Սանահին, անգամ Կոշաբերդ եւ այլ անուններով, սակայն անունը մնացել է այնպես, ինչպես որ կա։ Ամենաքննարկվող տարբերակն էլ եղել է «Լալվարը», որը չի փոխարինել «Ալավերդուն»։ Բանն այն է, որ «Ալավերդի» անունը թուրքական ծագում ունի՝ «Ալլահ վերդի», թարգմանվում է՝ «Աստծո տված»։ Ալավերդում լուրեր են շրջանառվում, թե կրկին բարձրացել է քաղաքն անվանափոխելու հարցը, եւ նախաձեռնողներից մեկն էլ Լոռվա նախկին մարզպետ, տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանն է։ Սակայն Հ․ Քոչինյանը մեզ հետ զրույցում նշում է, որ մտքով չի էլ անցել առաջարկի Ալավերդի քաղաքի անվանափոխությունը։ Դեռ 1997-98 թթ․ այդ հարցի շուրջ խոսակցություններ ծավալվել են, որին ինքն ակտիվ մասնակցել է, սակայն դրանից հետո հարցը չի բարձրացվել․ «Ճիշտն ասած՝ էն ժամանակ, որ մենք հետաքրքրվում էինք, պարզվեց, որ «Ալավերդի» նշանակում է «Ալ սար»։ Եվ հենց այդ ժամանակ, որ ասում էին «Ալ սար» է նշանակում, հենց էդ պատճառով էլ չփոխվեց, հանձնաժողով կար, այն ժամանակ դրանով էր զբաղվում»։



- Պարոն Քոչինյան, նոյեմբերի 5-ին Ալավերդու քաղաքապետի ընտրությունն է։ ՀՀԿ-ն գործող քաղաքապետի փոխարեն առաջադրել է Սասուն Խեչոյանի թեկնածությունը։ Դուք նրան ճանաչո՞ւմ եք։



- Իմ ժամանակ ինքն ակտիվ աշխատանքում չի եղել, բայց այն ժամանակ ինքն Ալավերդու քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում էր աշխատում, նորմալ մարդ եմ համարում։ 11 տարի է՝ ես ոչ մեկի հետ չեմ շփվում, 11 տարին, կարծում եմ՝ երկար ժամանակ է։



- Ալավերդիում համայնքային խոշորացում է սպասվում։



- Ենթադրում եմ՝ այո, բայց չգիտեմ, թե որոնք են միանում։ Ենթադրում եմ՝ Աքորին, Կաճաճկուտը։ Ես մարզպետ եղած ժամանակ կողմնակից էի խոշորացմանը, նույնիսկ էն ժամանակ խնդիր դրվեց՝ բերեք Լոռիում փորձնական անենք, բայց ես այսպիսի մասշտաբներով չէի պատկերացնում։ Փոքր գյուղեր, մեկը մյուսին հարեւան, խնամի-բարեկամական կապեր կային, այն ժամանակ տնտեսական առումով նպատակահարմարություն կար։ Հիմա, ճիշտն ասած, նման խոշորացումը… մի տեսակ շատ է խոշորացվում։ Եվ հետո՝ դժվարություններ կլինեն մարդկանց տեղաշարժի առումով։



- Պարոն Քոչինյան, խոսակցությունները, որ Ալավերդին քրեական քաղաք է, չեն դադարում։ Իսկապե՞ս քրեական հեղինակություններն այդտեղ շատ են։



- Ես չէի ասի, որ այն ժամանակ շատ էին։ Կրիմինալը կշատանա, կպակասի՝ իրավապահ մարմինները պիտի մի քիչ ավելի աչալուրջ լինեն։



- Համացանցում պահանջում են Վանո Սիրադեղյանի վերադարձը՝ որպես ոստիկանապետ, քանի որ նա կարողացավ Հայաստանն ազատել կրիմինալից։



- Ցավոք սրտի, նման բաները վերադարձնել չեն լինում, բայց գիտե՞ք ինչ, եթե կոշտ լինեն, ցանկացած բան կարելի է բնում խեղդել եւ վերջացնել։ Եվ հասարակությունը դա կողջունի, նման դեպքերում ուժային կառույցները պետք է կոշտ լինեն։



Աննա ՊԱՊԻԿՅԱՆ