Սահմանամերձ Մարտիրոս գյուղն ամբողջությամբ լուսավորվել է

Սահմանամերձ Մարտիրոս գյուղն ամբողջությամբ լուսավորվել է

Ավելի քան 700 տարվա պատմություն ունեցող եւ պատմամշակութային արժեքներով հարուստ Վայոց Ձորի սահմանամերձ Մարտիրոս գյուղը 1990-ական թվականներից մնացել էր մութ փողոցներով: Երկու փուլով իրականացված ծրագրի արդյունքում իրավիճակն արմատապես փոխվել է:



Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, դեռեւս 2016թ. աշնանը Մարտիրոսում տեղակայվել էր 52 LED լուսարձակ՝ լուսավորելով 1716 մ երկարությամբ տարածք։ Ընթացիկ տարում, ծրագրի երկրորդ փուլով, էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է եւս 38-ով, ինչի արդյունքում լուսավորվել է գյուղն ամբողջությամբ։
Լուսավորվել է նաեւ հին գյուղի տարածքը, որտեղ գործող եկեղեցին այսօր էլ այցելուներ ունի:



Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը եւ գյուղի բնակիչները:
«Ժամանակի եւ հանգամանքների բերումով՝ մայրաքաղաքի եւ հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման տեմպերի միջեւ մեծ տարբերություն է արձանագրվել: Դա խանգարում է երկրի համաչափ զարգացմանը: Գործընկեր կառույցի հետ՝ տարբեր ծրագրերով, տարիների մեր ջանքերն ուղղել ենք մարզերում ենթակառուցվածքների զարգացմանը: Ուրախ ենք արձանագրել, որ այս գյուղում եւս արտաքին լուսավորության խնդիրը հաղթահարվել է՝ ապահովելով բնակիչների անվտանգությունը: Դա ամենակարեւոր, սակայն միակ առավելությունը չէ. համայնքում էներգախնայող համակարգի տնտեսական արդյունավետությունը կարող են գնահատել առաջիկայում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բնապահպանական եւ էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով նվազեցնում է էներգիայի ծախսը՝ թեթեւացնելով համայնքի ֆինանսական բեռը: Տնտեսված գումարները կարող են նպատակաուղղվել այլ խնդիրների կարգավորմանը: Լուսատուները գյուղի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-00:00-ն, իսկ ձմռանը՝ 18:00-23:00-ն: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: