Ի՞նչ ակնկալել 2018թ.-ի բյուջեի նախագծից

Ի՞նչ ակնկալել 2018թ.-ի բյուջեի նախագծից

Ազգային ժողովում մեկնարկել են ՀՀ 2018թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ներկայացնելով բյուջեի նախագիծը, ասաց, որ Հայաստանի 2018թ. պետական բյուջեի նախագծով կառավարությունը պլանավորել է այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տարիների կայուն տնտեսական աճը:



«Վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսության վրա ազդեցություն են թողել արտաքին աշխարհից գրանցվող տնտեսական ցնցումները, որի արդյունքում գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ: Այժմ, թեև նկատվող դրական միտումներին, տնտեսական աճի հիմքերը դեռևս բավարար ամուր չեն տնտեսական կայուն աճի ապահովման համար: Դրա համար մենք 2018թ. բյուջեով ծրագրել ենք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տարիների կայուն տնտեսական աճը՝ ապահովելով 5 տոկոսանոց կայուն տնտեսական աճ, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ լուծել մեր առջև ծառացած խնդիրները: Նշված ցուցանիշին հասնելը մեզանից մեծ ջանքեր է պահանջելու»,-ասաց վարչապետը:



Կարեն Կարապետյանի խոսքով` 2018թ.-ի պետական բյուջեի հիմքում ընկած են տնտեսական աճը, Հայաստանի անվտանգությունը և սոցիալական վիճակի բարելավումը` հավելելով, որ 2018թ․-ի կառավարության եկամտային քաղաքականությունը ևս լինելու է հավասարակշռված․ «Հաշվի առնելով մեր կառավարության ծրագրի նպատակադրումները` 2018թ.-ի բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մեջ կառավարությունը փոփոխություններ է կատարել: Միջնաժամկետ հորիզոնում հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվելու է ծախսային կառուցվածքի վերանայմամբ՝ տնտեսական աճի ապահովման նպատակով առավել շեշտադրելով կապիտալ ծախսերի անհրաժշտությունը»-եզրափակեց վարչապետ Կարապետյանը: