Կան մարդիկ, որոնք թաքնվելով «անապահով խավի» տակ, էդ մարդկանց ուղղորդում են նման քայլերի

Կան մարդիկ, որոնք թաքնվելով «անապահով խավի» տակ, էդ մարդկանց ուղղորդում են նման քայլերի

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրենցից դժգոհող առևտրականներին, որոնք քիչ առաջ ԱԺ դարպասների մոտ բողոքի ակցիա էին անում՝ նշելով, թե ՊԵԿ-ն իրենց տեռորի է ենթարկում։



«Այդ բողոքի ակցիայից տեղյակ չեմ, բայց պետք է ասեմ, որ օրենքով սահմանված կարգով պետք է բոլորը հարկերը վճարեն։ Հարկերից խուսափելու համար, եթե դիմում են նման ակցիաների, դուք էլ պետք է հասկանաք, որ դուք ինքներդ պետք է կանգնեք մեր կողքին և բոլոր էն մարդիկ, որոնք խուսափում են հարկերից, ոչ թե դրանց քաջալերեք, այլ բացատրեք, որ չի կարելի միտինգ անելով կամ ակցիա անելով խուսափել հարկերից։ Դա բացառվում է»,-ասաց Վարդան Հարությունյանը։ Նա նշեց, որ այդ առևտրականների հետ մի քանի օր առաջ հանդիպում է եղել, մանրամասն բացատրվել է՝ ինչ պետք է անեն․ «Եթե դրանից էլ են դժգոհ ու փորձում են մանիպուլյացիայի միջոցով խուսափել հարկերից, չի լինելու»։



Hraparak.am-ի դիտարկմանը, թե առևտրականները դժգոհում են փաստաթղթավորման բարդություններից, Հարությունյանն ասաց․ «Բարդ չի, մենք առաջարկել ենք ձրի հաշվապահություն, դրանից հրաժարվում են։ Եվ ավելին, կարող եմ ասել, որ ոչ բոլոր տնտեսվարողներն են էդ վիճակում, կան տնտեսվարողներ, որոնք օրինական դաշտում աշխատում են, և շնորհակալ եմ էդ մարդկանցից, որ փորձում են օրինակ ծառայել մյուսների համար։ Եվ կան մարդիկ, որոնք թաքնվելով «անապահով խավի» տակ, ունենալով մեծ հնարավորություն, էդ մարդկանց ուղղորդում են նման քայլերի»։
Հարցին, թե Գագիկ Ծառուկյա՞նն է ուղղորդում, քանզի ակցիայի մասնակիցները հիմնականում «Առինջ մոլի» առևտրականներն էին, ՊԵԿ նախագահն ասաց․ «Ոչ, Գագիկ Ծառուկյանն իմ լավ ընկերն է, իմ լավ բարեկամն է, նաև ինքն էլ, իր հեղինակությունն օգտագործելով, փորձել է մի քանի օր առաջ առևտրականներին հասկացնել, որ մեր արածը լրիվ օրինականության սահմաններում է, և պետք է էդ մարդիկ հասկանան, որ հետդարձի ճանապարհ չկա, պետք է օրինական դաշտում աշխատեն»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ