Թիվ չի ասում, անուն չի տալիս, բայց ուզում է արդյունքը տեսնենք

Թիվ չի ասում, անուն չի տալիս, բայց ուզում է արդյունքը տեսնենք

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե այն բանից հետո, երբ մեկ տարի առաջ հայտարարեց, որ ով ինչ ուզում է, կարող է ազատ ներկրել, քանի՞ տոկոսով ավելացան ներկրողները։ Հարությունյանը, ինչպես սովորաբար լինում է, խնդրեց գրավոր ներկայացնել հստակ վիճակագրություն, քանի որ չէր տիրապետում թվերին, բայց ասաց․ «Համենայնդեպս, ավելացումներ կան»։ Նա նաև հստակ չնշեց, թե քանի տոկոսով է ստվերը բերվել հարկային դաշտ իր աշխատանքի արդյունքում։ Միայն նշեց, որ ինքը մեկ տարի առաջ խոստացել է, որ պայքարելու է ստվերի դեմ, և ինչ խոստացել է՝ կատարել է ու կատարելու է։



Hraparak.am-ը հետաքրքրվեց Հարությունյանից, թե իրենք ունե՞ն տվյալներ կամ հետաքրքրվո՞ւմ են, թե քանի ընկերություն է գործում օֆշորում։ Հարությունյանն այստեղ էլ մանևրեց՝ հստակ որևէ թիվ կամ անուն չհնչեցնելով։ «Ճիշտն ասած՝ ես մի անգամ էլի էդ հարցին պատասխանել եմ, օֆշորում հաշիվ ունենալը ես վատ բան չեմ համարում։ Ես վատ եմ համարում, երբ որ էդ հաշիվներն օգտագործելով՝ փորձում են ստվերում մնալ և հարկերից խուսափել, չվճարել»,-ասաց նա՝ նշելով, որ պայքարում են, որ և՛ չլինեն օֆշորում, և՛ եղածները ստվերում չգործեն։



-Ունե՞ք այդպիսի տվյալներ։



-Մենք դրա դեմ պայքարում ենք, դա կլինի օֆշորում, դա կլինի Հայաստանում գրանցված ընկերություն, կապ չունի՝ որտեղ ա գրանցված, օֆշոր բառը էդքան վատ բառ չի, եթե մարդիկ սահմանված օրենսդրությամբ գործում են և հարկեր են վճարում։ Բոլորն էսօր մեր կողմից գտնվում են մոնիտորինգի տակ, եթե կան մարդիկ, որոնք միտումնավոր փորձում են հարկերից խուսափել, մեր ամենօրյա գործառույթն է՝ պայքարել դրանց դեմ։ Դրանք կլինեն իմ ընկերները, հարազատները, ով կլինի, դա նշանակություն չունի։



-Մենք դրա արդյունքն ինչպե՞ս կարող ենք տեսնել, մի քանի անուն կարո՞ղ եք տալ, որ օֆշորում հայտնաբերել եք մեկին, ով հարկ է թաքցնում։



-Դուք արդեն մի տարուց ավելի է՝ իմ հետ հանդիպումներին մասնակցում եք, ես, ո՞նց ասեմ, իմ մեջ չկա էդ մտադրությունը էժան PR-ի և անուններ հնչեցնելու։ Չեմ անելու դա։



-PR-ի խնդիր չէ այստեղ, հստակ արդյունք ենք ուզում ցույց տաք, թեկուզ թվեր ասեք՝ քանի՞ այդպիսի ընկերություն եք հայտնաբերել։



-Ուրեմն, ընկերությունները բազմաթիվ են, որոնք էլի եմ կրկնում, և օֆոշորում են գործել, և գործել են մեր հարկային դաշտում։ Մեր հարկային օրենսդրությամբ սահմանված յուրաքանչյուր մարդ, որը որ թաքնվում է հարկ վճարելուց՝ դա կլինի մանր, խոշոր ընկերություն, կլինի ընկեր, թե բարեկամ, նա պետք է հարկվի։ Եթե մենք պետք է մեր միջից հանենք ու չտարանջատենք էդ ամեն ինչը ու փորձենք միասնական մի կետի խփել, ամեն ինչը ստացվելու է…



-Շատ թեական ասացիք, ոչինչ չհասկացվեց։



-Չեմ ասելու։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ