Փաստաբանին սպառնացողը ոչ մի բանով առավել չէ երգչուհուն սպառնացողից

Փաստաբանին սպառնացողը ոչ մի բանով առավել չէ երգչուհուն սպառնացողից

Փաստաբանների պալատը դատապարտում է մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ սպառնալիքներ ներկայացնելու վարքագիծը: Այս մասին երեկ հաղորդագրություն էր տարածել ՀՀ Փաստաբանների պալատը։ Նկատենք, որ փաստաբանների նկատմամբ սպառնալիքները վերջերս պարբերական բնույթ են կրում։ Դրանք հնչում են հիմնականում «ընդդիմադիր» փաստաբանների նկատմամբ, այսինքն՝ նրանց, որոնք պաշտպանում են հակախանական դեմքերի շահերը, «Սասնա ծռերի» գործում են ներգրավված, հանդես են գալիս անօրինականությունների դեմ սուր հայտարարություններով եւ այլն։



«Փաստաբանության մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանը, նրա ընտանիքի անդամները եւ նրանց գույքը գտնվում են պետության պաշտպանության ներքո։ Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար անհրաժեշտ օրենքով սահմանված միջոցներ, եթե իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով»,- ասված է ՓՊ հայտարարությամն մեջ՝ հիշեցնելով փաստաբանին սպառնացողների համար նախատեսվող քրեական պատժի մասին։ ՓՊ-ն նաեւ տեղեկացրել է, որ դեպքի առթիվ փաստաբան Արայիկ Պապիկյանի կողմից արդեն իսկ հաղորդում է ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: ՓՊ-ն իրավապահ մարմիններին կոչ է արել ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ փաստաբան Արայիկ Պապիկյանի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքներ ներկայացրած անձին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար միջոցներ:



Առաջին հայացքից բնական եւ օրինական հայտարարություն է՝ Փաստաբանների պալատը դատապարտում է իր անդամին ուղղված սպառնալիքները եւ կոչ անում իրավապահներին հայտնաբերել սպառնալիքների հեղինակին։ Անշուշտ, տարակուսելի է, որ իրավապահներին պետք է ինչ-որ մեկը կոչ անի, որ նրանք կատարեն իրենց անմիջական պարտականությունները։ Մանավանդ, երբ հետեւում ես լրահոսին, պարզվում է՝ երբ ուզում են, այդ պարտականությունները լավ էլ կատարում են։ Ընդ որում՝ շատ ավելի կասկածելի սպառնալիքների պարագայում։ Մասնավորապես, մեր իրավապահ մարմինները հատկապես փութաջան ու եռանդուն են աշխատում այն հանցագործներին հայտնաբերելու եւ պատժելու ուղղությամբ, որտեղ իրենք շահ ունեն։ Օրինակ՝ ոստիկանությունն ինտենսիվ գործի է անցել եւ հետախուզում է հայտարարել «Գայանե Մանուկյան» անունով օգտատիրոջ նկատմամբ, ով Ֆեյսբուքում սպառնացել է սպանել երգչուհի Ալլա Լեւոնյանին։ Համենայնդեպս, երգչուհին ինքն է այդպիսի հաղորդում տվել ոստիկանությունում։



Գայանե Մանուկյանն ԱՄՆ-ում բնակվող հայ կին է, usarmenianews.com լրատվական կայքի խմբագիրը, որը տեւական ժամանակ է՝ պատերազմի մեջ է ոստիկանության տարբեր աշխատակիցների, ֆեյսբուքյան գործիչների ու մեկ այլ լրատվական կայքի տիրոջ՝ Ա․ Հովսեփյանի հետ։ Այս տարաբնույթ ու խառը պատմությունների մեջ ինչ-որ պահի հայտնվել է նաեւ հայտնի երգչուհին։ Թե ինչ խնդիր կա նրա եւ Ալլա Լեւոնյանի միջեւ, մենք չխորացանք՝ կանայք իրենք իրար մեջ կլուծեն իրենց հարցերը։ Բայց թե ինչու է ոստիկանությունը թեւքերը քշտել ու մտել այս կանացի կռվի մեջ, որ «անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ ձեռնարկի տվյալ օգտատիրոջը հայտնաբերելու ուղղությամբ», դա էլ դժվար չէ հասկանալ։ Իսկ Արայիկ Պապիկյանին սպառնացողին օպերատիվորեն հայտնաբերելու շահագրգռություն իրավապահները, բնականաբար, չունեն։ Այս երկակի ստանդարտների կիրառումն է, որ մեզանում անհնարին է դարձնում օրինականության հաստատումն ու խարխլում հավատն օրինականության մարտիկների նկատմամբ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ