Անձրևն արեց այն, ինչն ազգովի չկարողացանք

Անձրևն արեց այն, ինչն ազգովի չկարողացանք

Հայաստանի սակավ կանաչ հարստությանը պատուհասած հրդեհները եւ դրանք մարելու պատկան կառույցի անկարողությունը տխուր հետեւությունների առիթ են տալիս: «Կայացած կառույց» հորջորջված ԱԻՆ-ի համբավը ծխացավ, երբ պարզվեց, որ չունի տեխնիկական պատշաճ հագեցվածություն եւ սեփական ուժերով ի վիճակի չէ հրդեհաշիջման միջոցառումներ իրականացնել: Եվ ապավինեց ՌԴ-ի աջակցությանը: 



Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, ով ներկա է եղել հրդեհաշիջման աշխատանքներին, համաձայնեց մեր դիտարկմանը: «Վերջին երկու դեպքերը ցույց տվեցին, որ մեր ԱԻՆ-ը չունի այն տեխնիկան, որը կաշխատի լեռնային պայմաններում: Այսինքն՝ մեքենաները գրեթե չեն կարողանում բարձրանալ լեռնային ճանապարհներով, եւ քանի որ ՀՀ-ն լեռնային երկիր է, եւ ակնհայտ է կլիմայի աստիճանական փոփոխությունը՝ շատ շոգ, քիչ անձրեւներ, ուստի պետք է նման պայմաններին համապատասխան տեխնիկա ձեռք բերել, մասնավորապես՝ համապատասխան ինքնաթիռ: Այժմ ՀՀ ժամանած ինքնաթիռի գոնե փոքր տարբերակը մենք պետք է ունենանք, թեկուզ դոնոր կազմակերպությունների միջոցով կամ վարկային միջոցներով: Ի վերջո, Սեւանի պես ռեզերվուար ունենք, մեծածավալ հրդեհների ժամանակ ծայրահեղ դեպքում կարող են օգտագործել ջրային այդ ռեսուրսը»:



Ապագայում նմանատիպ աղետներից խուսափելու համար, ըստ մեր զրուցակցի, ԱԻՆ-ը պետք է վերազինի իր տեխնիկական բազան նաեւ ամենագնաց հրշեջ մեքենաներ ձեռք բերելով, որպեսզի գոնե լեռնային անանցանելի ճանապարհներով հրդեհի օջախներին հնարավոր լինի մոտենալ: «Մեքենաներն էս վերջին դեպքերի ժամանակ իրենք բերել էին, սակայն դրանք չէին բարձրանում: Մենք էլ հարցնում էինք՝ ինչո՞ւ եք բերել, ցույց տալու համա՞ր, թե ինչքան մեքենա կա այստեղ: Վերջին երկու դեպքերը, կարծում եմ, իրենց հետեւություն անելու տեղիք կտան: Կլիման գնալով փոխվում է, եւ իրավիճակն ավելի է վատանում: ՀԷԿ-երի թիվն է ավելանում, որոնք վերցնում են գետերի ջուրը՝ ձորերին զրկելով խոնավությունից: Հիմա ունենք այն, ինչը մեր ձեռքով ենք արել՝ բնության հերն անիծելով, կներեք այս բառերիս համար: Պետք է ի վերջո հասկանալ, որ ինչ անես բնության հետ, նա հետո քո արածը քեզ է վերադարձնելու: Լավն անես՝ լավը կվերադարձնի, վատն անես՝ վատը կբերի քո դեմ»,- ասաց պրն․ Մանվելյանը:
Նրա խոսքով՝ անտառային հրդեհները հիմնականում այն լանջերում, այն գոտիներում են բռնկվում, որոնք անհասանելի են նույնիսկ մարդու համար: Ակնհայտ է, որ, չունենալով համապատասխան տեխնիկա, շատ դժվար, գրեթե անհնար է պայքարել նման հրդեհների դեմ: Կարեն Մանվելյանի խոսքով՝ վերջին երկու հրդեհի առաջացմանը նպաստեց թերեւս նորմայից բարձր ջերմաստիճանը՝ շոգը, ինչպես նաեւ էկոհամակարգի առաձնահատկությունները: «Ե՛վ Արտավանում, ե՛ւ Խոսրովի արգելոցում, բացի խոտածածկ տարածքներից, հրի մատնվեցին գիհու նոսր անտառները, որոնք շատ դանդաղ են աճում, սակայն կարող են մեկ վայրկյանում վառվել: Գիհին դյուրավառ ծառ է, որը եթերայուղեր է պարունակում եւ արագ է բռնկվում: Անշուշտ, սրան գումարվեց նաեւ այդ օրերին առկա քամին, որը եւս իր ազդեցությունն ունեցավ հրդեհի տարածման հարցում»,- ասաց մեր զրուցակիցը: Նա նաեւ նշեց, որ Արտավանում հրդեհի առաջացման պատճառը, միանշանակ, մարդկային գործոնն է: «Մի անզգույշ քայլ՝ սիգարետ նետելը կամ հին ավտոմեքենաները գործի գցելը, որոնցից հնարավոր է կայծ դուրս գա, հերիք է, որպեսզի հրդեհ բռնկվի»: «Խոսրովի անտառ» պետական արգելոցում էլ, ըստ բնապահպանի, խոտը չի հնձվում, եւ տարիների ընթացքում խոտածածկ է կուտակվել, ինչն էլ այրվում էր: Վերեւի հատվածը թեեւ հանգցնում էին, տակի հատվածից հրդեհը շարունակվում էր:



Նկատեցինք, որ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը եւ գերատեսչության այլ ներկայացուցիչներ նշում են, որ հրդեհաշիջման հիմնական դժվարությունները պայմանավորված են տեղանքի կտրտվածությամբ, հրդեհին մոտենալու ճանապարհների սակավությամբ, ինչպես նաեւ՝ բջջային կապի բացակայությամբ: Ստացվում է, որ բնությունն ինքն է մեղավոր, որ նման ռելիեֆ է ձեւավորել, ծառերն ու խոտերն էլ իրենց հերթին են մեղավոր, որ նման տարածքներում են բուսնել, էլ չասած բջջային կապի օպերատորների թերացման մասին, ովքեր հաշվի չեն առել հրդեհի հավանականության ռիսկերն ու կապով ապահովել տեղանքը: Կարճ ասած՝ ԱԻՆ-ը մեղավոր չէ, որ ի վիճակի չի եղել հրդեհի դեմն առնել, թեեւ նրա հիմնական առաքելությունն արտակարգ իրավիճակներին օպերատիվ արձագանքելն ու կանխարգելելն է: Պրն․ Մանվելյանն արձագանքեց՝ ունենք այն, ինչ ունենք, եւ ԱԻՆ-ի տեխնիկական հագեցվածությունը պետք է համապատասխան լինի հենց մեր ռելիեֆին եւ բնակլիմայական առանձնահատկություններին:



«ՊՆ-ի տրամադրած ուղղաթիռները, որոնք եկան Արտավան, շատ բարձրից էին թռչում, եւ ջուրը, որը թափվում էր, մինչեւ գետնին էր հասնում, մեծ մասը գոլորշիանում էր: Փաստորեն, ՀՀ ժամանած ինքնաթիռի մեկ ռուս պիլոտը կանի այն, ինչն ազգովի չկարողացանք անել, քանի որ այսօր տեխնիկայի դար է, ոչ թե մեշոկներով կամ շորերով հրդեհ մարելու դար: Տեսնելով, որ աղետի դեմն առնել հնարավոր չէ, կամավորները խառնվեցին գործին: Մոտ 1000 հոգի մարդ էր եկել, մարդիկ իրենց շորերն էին հանում, որ հանգցնեն հրդեհը»: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ թեեւ հանրությանն իրազեկվում է սպասվող հրդեհավտանգության մասին, սակայն՝ ապարդյուն: «Ինչպես ասում են՝ ինչքան ուզում ես գայլի գլխին ավետարան կարդա, միեւնույն է, անզգույշ են կամ էլ ուշադրություն չեն դարձնում նման կոչերին: Իհարկե, մենք իրազեկվածության, ինչպես նաեւ այդ ուղղությամբ կրթվածության խնդիր ունենք, եւ պետք է նման քարոզչությունը հաճախակի լինի: Մատաղ սերնդին պետք է կրթել այդ ուղղությամբ: Եվ միայն հրդեհի ուղղությամբ չէ, այլ նաեւ աղբ թափելու, բնությունն աղտոտելու եւ այլ ուղղություններով: Մեծահասակներին բան հասկացնելը մի քիչ դժվար է: Ինչքան ուզում ես՝ քարոզի, մեկ է, մարդն իր զիբիլը թողնում է, սիգարետը շպրտում՝ դառնալով սպառնալիք բնության համար»:



ՀԳ. Նշենք, որ ՀՀ-ն սակավ անտառածածկ երկիր է. անտառների ընդհանուր տարածքը մոտ 407 հազար 681 հա է, որը կազմում է ՀՀ տարածքի 23,7%-ը։ Վերջին հարյուրամյակում մարդու տնտեսական գործունեության հետեւանքով ՀՀ անտառների տարածքը կրճատվել է մոտ 2 անգամ, ընկել են անտառների արտադրողականությունը եւ պաշտպանական ունակությունը։ Անտառների պահպանությունը, վերականգնումը եւ արդյունավետ օգտագործումը կարգավորվում են ՀՀ անտառային օրենսգրքով (2005թ.)։ Արտավանում հրդեհի հետեւանքով, ըստ պրն․ Մանվելյանի, այրվել է մոտ 650-700, իսկ Խոսրովի արգելոցում՝ մոտ 2800-3000 հեկտար տարածք:



Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ