«Հրապարակ». Մասիսում 2020 թվականն է

«Հրապարակ». Մասիսում 2020 թվականն է

Գերատեսչությունների պաշտոնական կայքերում տիրող խառնաշփոթին մենք պարբերաբար անդրադառնում ենք: Հերթական խառնաշփոթին առնչվեցինք Մասիսի քաղաքապետարանի պաշտոնական կայք այցելելիս: Պարզվում է՝ Մասիսում ժամանակը երեք տարով առաջ է ընկել, եւ այժմ ոչ թե 2017, այլ 2020 թվականն է, այն էլ՝ դեկտեմբերի 31-ը: Հենց այս թվագրությամբ է կայքում տեղադրվել մոտ մեկ տարի առաջ ընտրված համայնքապետ Դավիթ Համբարձումյանի ողջույնի խոսքը կայքի այցելուներին: Իսկ նրա կենսագրականը թվագրված է 2020 թվականի նոյեմբերի 20-ով: Ավելին՝ համայնքապետի թե՛ ողջույնի խոսքը եւ թե՛ կենսագրականը կարելի է գտնել կայքի «Նորություններ» բաժնում: Կայքի պատասխանատուների համար, փաստորեն, նորություն է, որ Համբարձումյանը (ով ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է` Թույների Մհերի որդին) Մասիսի քաղաքապետն է, ով, ի դեպ, պաշտոնն ստանձնել է անցյալ տարվա նոյեմբերին: Նկատենք, որ նմանատիպ խառնաշփոթ ժամանակին տեղ էր գտել նաեւ Արարատի մարզկենտրոն Արտաշատի քաղաքապետարանի կայքում: Այդտեղ էլ նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանն ու փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանն էին գլխավոր նորությունների երկու հերոսները՝ իրենց կենսագրականներով: Ժամանակը հիշյալ կայքում նույնպես մի քանի տարով առաջ էր ընկել՝ տատանվում էր 2018-ի եւ 2019-ի միջակայքում: Մեր անդրադարձից հետո, սակայն, ժամացույցի սլաքները ետ տարվեցին, եւ կայքում ժամանակը «վերադարձավ» մեր օրեր: