Ձեռքդ տուր

Ձեռքդ տուր

«Միասին» է կոչվում խորագիրը այն նախագծի, որ մեկնարկեց «Նարեկացի» արվեստի միությունում և համախմբում է արվեստով զբաղվող հաշմանդամներին ու հայտնի արվեստագետներին։ Նրանք կաշխատեն միասին, հանդես կգան համատեղ աշխատանքներով՝ կողք կողքի: Առհասարակ մարդու մեծությունը հաճախ որոշվում է իր վերաբերմունքով ծերերի, հաշմանդամների հանդեպ։ Ու նմանատիպ նախագծերը հրաշալի հնարավորություն են տալիս ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձանց ինտեգրել հասարակության մեջ, ևս մեկ անգամ ասել՝ ձեռքդ տուր, դու մենակ չես, ու նոր ճանապարհներ բացել նրանց համար։ Նրանք իրենց գունավոր երազանքներն իրականացնելու, արվեստի դաշտ ներգրավվելու և ազատ ստեղծագործելու համար հավասար պայմաններ ունենալու կարիքն ունեն։



Այս նախագծի շրջանակներում «Նարեկացի» արվեստի միությունում պարբերաբար կներկայացվեն հաշմանդամություն ունեցող անհատների երաժշտական, նկարչական կամ այլ ոլորտներում ուշագրավ աշխատանքները:



-2004 թվականին ճամփորդում էի Հայաստանից Նյու Յորք և օդանավակայանում հանդիպեցի մի աղջկա՝ Գոհար անունով, ով սայլակով էր: Նա գնում էր մասնակցելու Անգլիայում կայանալիք հաշմանդամների խնդիրներին վերաբերող համաշխարհային սիմպոզիումին: Իմ ներքին ձայնն ինձ հուշեց, որ ես պետք է խոսեմ այդ աղջկա հետ, և պարզեցի, որ նա անգլերեն չգիտի, չնայած դրան մենակ է գնում մասնակցելու այդ սիմպոզիումին: Անմիջապես փոխեցի պլաններս ու նրա հետ մեկնեցի Անգլիա: Ամեն քայլափոխի մի հրաշք կամ փորձություն էր տեղի ունենում., ու ես շատ բան հասկացա և դեռ հասկանում եմ: Հասկացա, որ մենք պետք է ստեղծենք բոլոր հարմարությունները հաշմանդամների համար, հնարավորություն ընձեռենք, որպեսզի նրանք կարողանան հանդես գալ իրենց արվեստով,- ասաց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:



Եվ ահա ծրագրի մասնակիցները՝ ֆիզիկական տարաբնույթ արատներով անձինք, հավաքված են «Նարեկացի» արվեստի միությունում ու նրանց՝ կյանքով լեցուն աչքերի գունավոր երազանքները, ներաշխարհի հուզականությունն ու պոռթկումները լավագույնս ներկայացված են իրենց իսկ աշխատանքներում։



Սպասենք պատրաստակամություն ցուցաբերած արվեստագետների հետ նրանց միասնական աշխատանքի արգասիքին, ինչպես նաև նորանոր արվեստագետների ներգրավմանն այս համամարդկային ծրագրին։



Վարդինե Իսահակյան