Պատմության ծաղրը

Պատմության ծաղրը

Դարձյալ կրքեր են բորբոքվել: Ասում են` պետք է անվանափոխել փողոցներ, դպրոցներ, վերջնականապես ապաբոլշեւիկանալ, վերադառնալ մաքուր ազգայինին, հայկականին… Հայ լրագրողը Ֆեյսբուքում Սարգիս Կասյանին անվանում է «դավաճան տականք» եւ սպառնում. «Եվ հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի մտնել «առողջ» բանավեճի մեջ»: Հայ քաղաքական գործիչը զարմանում է, թե ինչու է Կարեն Դեմիրճյանին հետմահու շնորհվել ազգային հերոսի կոչում, եթե նա «քսան տարի ծառայել է խորհրդային համակարգին»: 



Ձեւավորվել է կանխադրույթ, որ եթե չլիներ բոլշեւիկյան քարոզչությունը, ապա 1920 թվականի աշնանը Հայաստանը չէր պարտվի: Կասյանին մեղադրում են հայկական բանակը կազմալուծելու, դասալքություն սերմանելու մեջ: Ահա քեզ պատմության ծաղր` Սարգիս Կասյանը, Ավիս Նուրիջանյանը, Գեւորգ Աթարբեկյանը Բաքվից կարողացել են Հայաստանում իրավիճակ փոխել, երկիրը տանել Թուրքիայի հետ պատերազմում պարտության... Ինչ էր անում երկրի օրվա իշխանությունը` ոչ ոք այս հարցին չի անդրադառնում: Եվ ստացվում է, որ գործնականում Կարսը թշնամուն հանձնած, Ալեքսանդրապոլի պայմանագիր ստորագրած գործիչները ոչ միայն կատարելապես անմեղ են, այլեւ նրանց հիշատակն արժանի է խնկարկման:



Իրականում հայ ազգային պայքարի բոլոր գործիչները, հայդուկապետերն ու մյուսները պարտված, հողը եւ հայրենիքը թշնամուն հանձնած անձնավորություններ են` որքան էլ ցավալի լինի խոստովանել: Բայց մենք նրանց մեծարում ենք եւ շարունակում ենք հուսալ, որ եթե Երեւանում Սարգիս Կասյանի անվան փողոց չլինի, ապա Հայաստանի ինքնիշխանությունը կդառնա կատարյալ, եւ մեր բոլոր երազանքները կիրականանան...
Մենք մեզ տալիս ենք հարյուրամյա պատմության նկատմամբ վճիռ կայացնելու իրավասություն, մեկին բարձրացնում ենք, մյուսին ցած նետում պատվանդանից: Մեկին հերոսացնում ենք, մյուսին հռչակում «տականք դավաճան»: Չենք հաշտվում իրականության հետ` որ առաջին հանրապետությունը դատապարտված էր: Որ մենք անկախությունը կորցրել ենք այնպես, ինչպես մեր հարեւանները: Որ պարզապես նրանք մեզնից հաշվենկատ են գտնվել եւ ստեղծված իրավիճակից դուրս են եկել նվազագույն կորուստներով կամ նույնիսկ` ձեռքբերումներով, ինչպես, օրինակ, Ադրբեջանը: Որ եթե անգամ մեզնից մեկը լիներ Հայհեղկոմի նախագահը, այլ ոչ թե Սարգիս Կասյանը, միեւնույն է` լինելու էր այն, ինչ եղել է, որովհետեւ եթե մայիսյան ապստամբությունից հետո երկրի բանտերը լցվել էին կոմունիստներով եւ նրանց համակիրներով, ապա բոլշեւիկյան իշխանությունը դաշնակցականների հանդեպ հանդուրժողական չէր լինելու...
Չենք կարողանում հաղթահարել «միայն մենք ենք իսկական հայրենասերը» բարդույթը: Դրա համար էլ նախկին քաղբանտարկյալ գործչի համար Կարեն Դեմիրճյանին ազգային հերոսի կոչում շնորհելն ընդունելի չի դառնում: Քանի որ ինքը բանտարկվել է, երբ Դեմիրճյանը Հայաստանի կոմունիստական առաջնորդն էր: Նրան չի հետաքրքրում, թե Դեմիրճյանից ինչ ջանքեր են պահանջվել, որպեսզի Մոսկվայի առաջ հնարավորինս պաշտպանի Հայաստանի ինքնությունը: Եթե ինքը տասը տարի բանտ է նստել, ուրեմն` վերջ, Հայաստանի իշխանությունը «տականք դավաճան» էր:



Այս անհանդուրժողականության վերջը չի երեւում: Չի պարզվում, թե վերջապես ինչ ենք ուզում եւ ինչպես: Ինչ-որ մեկին, երեւի, պետք է լինում, որ մենք ժամանակ առ ժամանակ մտնենք անպտուղ եւ անիմաստ բանավեճի մեջ, դրսեւորվենք որպես մեկս մյուսի հանդեպ կատարյալ անհանդուրժողական: Այսօր Կասյանի մասին են խոսում, վաղը կհասնեն Մյասնիկյանին, Խանջյանին... Արտաքին միջամտությունն ինքնին սարսափելի չէ, բոլոր երկրներն էլ բախվում են դրան: Վտանգավորն այն է, որ ներսում մենք պատրաստ ենք դրան: Մեկի համար բաղձալին Ռուսաստանն է, մյուսը երազում է արեւմտյան «քաղաքակրթություն»: Եվ այդ երկվությանը զոհաբերում ենք անցյալը: Եվ չենք ըմբռնում, որ գալու է նաեւ ներկան «աճուրդի դնելու» պահը: Ինչպես եղել է հարյուր տարի առաջ, երբ ստիպված եղանք անկախություն հռչակել... Օսմանյան կայսրության պահանջով: Եվ այն զոհել քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի ցանկություններին: Եվ հիմա անկախություն զոհողներին պանծացնում ենք...



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ