Փողը քո գրպանը գնա, գարշահոտը մե՞նք շնչենք

Փողը քո գրպանը գնա, գարշահոտը մե՞նք շնչենք

Ապագան Հայաստանի զարգացող համայնքներից է: Սասունցիներով վերաբնակեցված գյուղում չաշխատող մարդ չկա: Գյուղացիների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով այստեղ գրավիչ պայմաններ են ստեղծվում ներդրողների համար:



Բայց կա մի «բայց», որը գյուղի հենց մուտքից վանում է Ապագա այցելողին: Եթե նախապես տեղեկացված չլինես համայնքի զարգացման ծրագրի մասին, քթիդ խփող գարշահոտից վատ տպավորութուններով ետ կդառնաս՝ առանց գյուղ մտնելու: Թռչնաղբի հոտն է՝ ասում են համայնքի բնակիչները: Նրանք չնայած թռչնաբուծությամբ չեն զբաղվում, բայց ստիպված են շուրջտարին տառապել թռչնաղբի սրտխառնոց առաջացնող հոտից:



Գարշահոտը տարածվում է Ապագայի հարեւանությամբ գտնվող «Արաքս» թռչնաֆաբրիկայից: Աշխատակիցները թռչնաղբը փոխանակ ներսում՝ մաքրման կայանի միջոցով մշակեն, հանում-լցնում են գյուղի դաշտերի մեջ: «Ինչի՞ մշակեն, եթե կարող ծախել: Տրակտորի մի կոշ թռչնաղբը ոսկու գնով են վաճառում»,- ասաց Ապագայի բնակիչ Լեւոն Խաչատրյանը:



Ըստ նրա՝ մեկ կոշ թռչնաղբի համար գնորդը 10-13 հազար դրամ է վճարում: Լեւոն Խաչատրյանը, թեեւ ինքն էլ եկամուտ ունի այդ առեւտրից, քանի որ ապրանքն իր «Կամազով» է տեղափոխում, բայց դժգոհ է․ «Ինչի՞ պիտի փողը ֆաբրիկայի ղեկավարության գրպանը գնա, իսկ գարշահոտը շնչեն համագյուղացիներս: Դրա եղածն ի՞նչ է, որ ծախում են: Նույնիսկ ամաչում եմ, որ ինձնից գին են հարցնում»:
Ապագացիները թռչնաղբի հասցրած բարոյական վնասի խնդիրը ներկայացրել են ֆաբրիկայի ղեկավարությանը: Լուրջ չեն ընդունել: «Սեփականատերն օլիգարխ է, նրան ո՞վ կարող է բան ասել: Ֆաբրիկայի ներսում մաքրող ավազաններ ուներ, քանդեց, որովհետեւ հասկացավ, որ կեղտից էլ կարող է եկամուտ ստանալ: Հիմա դնելու է մտածի՝ ոնց անի, որ հոտը մեզ չհասնի՞»։



Մեր տեղեկություններով, «Արաքսի» ղեկավարությունը չի էլ փորձել հանդիպել ու ներողություն խնդրել ապագացիներից՝ հասցրած բարոյական վնասի համար: Քաղաքակիրթ աշխարհի հետ համեմատվել սիրող մեր գործարարներին տեղեկացնենք, որ իրեն, իր երկիրն ու սեփական բիզնեսը հարգող գործարարը նման դեպքերում ոչ միայն ներողություն կխնդրեր, այլեւ հարցը կլուծեր ֆինանսական փոխհատուցմամբ:




Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ