Պետական մտածողության պակաս կա

Պետական մտածողության պակաս կա

Ոռոգման ջրի խնդիրն Արարատյան դաշտը վերածում է անապատի: 22.000 հա հող չի մշակվում միայն ջուր չլինելու պատճառով: Սակավաջրության պատճառը ձկնաբույծներն են, որոնք անխնա օգտագործում են ջրային պաշարները՝ ասում են հողագործները: Ձկնաբույծները հակադարձում են։ «Ոչ թե չի մշակվում, որովհետեւ ջուր չկա, այլ բերքի իրացման խնդիր կա»,- ասում է «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ նախագահ Արմեն Բունիաթյանը:



Նրա կարծիքով՝ անջրդի հողերը սխալ կառավարման հետեւանք են: «Փոխանակ կառավարությունը փողը վերամշակող ընկերությունների վերազինման վրա ծախսի, սերմեր ու թունաքիմիկատներ է ներկրում: Դա կարելի է անել այն դեպքում, երբ արտադրություն-սպառում շղթան անխափան գործում է: Բայց երբ գյուղացին բերքն աճեցնում ու ամեն տարի կանգնում է իրացման խնդրի առաջ, որովհետեւ մթերման սահմանափակում կա, ճիշտ կլինի, որ միջոցներն ուղղվեն վերամշակող ընկերությունները ոտքի կանգնեցնելուն»,- ասում է նա:



Ձկնաբույծը վստահ է՝ եթե մթերող ընկերությունները վերազինվեն ու ամբողջ հզորությամբ աշխատեն, ոչ թե գյուղացին կգնա նրա դուռն ու կասի՝ ապրանք ունեմ՝ կառնե՞ս, այլ մթերողն ինքը կգա գյուղացու դուռն ու կխնդրի, որ իրեն ապրանք վաճառի։
Արմեն Բունիաթյանն ավելի քան վստահ է, որ Արարատյան դաշտում ջրի խնդիրն արհեստականորեն է սրվում: Ըստ նրա՝ պետք է ուղղակի ներդրումներ արվեն, որ ջուրը հասնի գյուղացուն: «Խորհրդային տարիներին Արարատյան դաշտավայրով մեկ դրենաժային համակարգ են կառուցել՝ հողակտոր չի եղել, որի կողքով ջուր չանցներ: Պետական մտածողություն է պետք. ընդամենը հոսանք պետք է ծախսվի, եւ խնդիրը կվերանա»:



Հայ ձկնաբույծների միավորման նախագահը հարցը նաեւ պետական բարձր մակարդակներում է բարձրացրել: Ասում է՝ ողջունելի է, որ գյուղացու բերքը մթերելու համար կառավարությունը որոշել է 2,5 մլրդ. դրամ սուբսիդիա տրամադրել: «Մի խելացի բան էլ է անում՝ գումարը ոչ թե մթերողների ձեռքն է տալիս, այլ փոխանցում է գյուղացուն՝ բերքը հանձնելուց անմիջապես հետո»:




Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ