Քննչական կոմիտեն պարզաբանում է «Սանիթեքի» աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքը

Քննչական կոմիտեն պարզաբանում է «Սանիթեքի» աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքը

Ինչպես այսօր տեղեկացրել ենք՝ օրերս ծեծկռտուք է տեղի «Սանիթեքի» աշխատակիցների և մի քաղաքացու միջև։ Ծեծկռտուքից հետո քաղաքացին մահացել է սրտի կաթվածից։ Նրա հետ եղել է նաև որդին, ով մարմնական վանսվածքներ է ստացել։ Մենք պարզեցինք նաև, որ մահացածը ԱԱԾ նախկին աշխատակից էր։



Քննչական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան՝ նշել են հետևյալը․ «2017թ. օգոստոսի 15-ին` ժամը 20:10-ի սահմաններում, Կարմի Բլուր կոչվող գերեզմանատան մուտքի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ձեռքերով հարվածներ են հասցրել 1958 թ, ծնված տղամարդուն եւ նրա որդուն։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն տղամարդու մահվան պատճառը պարզելու համար։ Եզրակացությունը դեռ չի ստացվել։ Փորձագետների կողմից վարույթն իրականացնող մարմնին տրամադրված նախնական տվյալների համաձայն՝ տղամարդը մահացել է բավարար արտահայտված գեներալիզացված /համատարածուն/աթերոսկլերոզի հետևանքով: Որդուն պատճառված վնասվածքները գնահատվել են թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:



Փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, 59-ամյա քաղաքացին եւ նրա որդին ճանաչվել են տուժող։ Նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել ականատես անձինք։ Քննությամբ հստակեցվում են վիճաբանությանը մասնակից անձանց շրջանակը, անհատականացվում նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ խափանման միջոցէ ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին»,-ասացին Քննչական կոմիտեից՝ հաստատելով, որ կասկածյալը «Սանիթեքի» աշխատակից է։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ