Աշխարհի ամենաերկար զիփլայնը՝ շուտով, Տավուշի մարզում

Աշխարհի ամենաերկար զիփլայնը՝ շուտով, Տավուշի մարզում

Օգոստոսի 19-ին «Յելլ էքսթրիմ Պարկը» տոնեց իր ծննդյան 2-րդ տարեդարձը, որի առիթով կազմակերպվել էր մեծ շոու ծրագիր Արամ Mp3-ի, «Նեմրա» ռոք խմբի և Հայկ Պետրոսյանի մասնակցությամբ:



Մինչ շոու ծրագրի մեկնարկը, լրագրողները հնարավորություն ունեցան անձամբ փորձարկելու տարածաշրջանում իր տեսակով եզակի զիփլայնը՝ զգալով խոր անդունդի վրայով ձորից ձոր թռչելու էքստրեմալ հաճույքը: Նշենք, որ այս պահին գործում է 5 տարբեր երկարության զիփ լայներ, որոնցից ամենակարճը 100 մ-ից մի քիչ ավելի է, իսկ ամենաերկարը՝ մոտ 700 մետր: Այս տարածություններն անցնելու համար բարձրությունից վախ չունեցողները կամ այդ վախը հաղթահարողները հագնում են սաղավարտ և հատուկ համազգեստ, հետո ամրագոտիներով կապվում ճոպանից և նվազագույնը 20 կմ/ժ արագությամբ անդունդի վրայով սլանում դեպի հանդիպակաց ձորը: Ավելի երկար տարածություններն անցնում են ավելի մեծ արագությամբ: Էքստրեմալ թռիչքն ուղեկցվում է Տավուշի մարզի գեղատեսիլ բնությամբ զմայլվելով, եթե, իհարկե, վախից աչքերդ չես փակում: Թեպետ՝ վախենալու ոչինչ չկա, քանզի ամեն ինչ հաշվարկված է և ապահով, ընդամենը պետք է հաղթահարել առաջին 1-2 վայրկյանը: Առաջին թռիչքից հետո կրկնապատկվում է նորից թռչելու ցանկությունը:



«Այսօր մենք նշում ենք «Յելլ էքսթրիմ Պարկ»-ի երկու ամյակը: 2015 թվականին, երբ նոր սկսեցինք մեր գործունեությունը, բավականաչափ ռեսուրսներ ծախսեցինք միայն բացատրելու համար, թե ինչ է զիփլայնը և էքսթիրմն ընդհանրապես: Այժմ մենք արդեն շուկա ենք ստեղծել և միայն ուրախ ենք, որ Հայաստանում բացի մեզանից այլ զիփյալներ ևս կառուցվում են, և զարգանում են նաև այլ տարածքներ: Սկսելով զիփլայնով, աստիճանաբար ընդլայնեցինք մեր ծառայությունները: Փորձեցինք ցույց տալ, որ հնարավոր է ստեղծել աշխատանք այնտեղ, որտեղ կան ենթակառուցվածքային բազմաթիվ խնդիրներ: Այս ընթացքում շատ փոփոխություններ ենք իրականացրել պարկի ներսում. զիփլայնի տարածքում բարելավվել են արահետները, ավելացվել են առաջին բուժօգնության տուփեր, և շուտով նաև կշահագործվեն գործող գծերին զուգահեռ ընթացող նոր գծեր: Եվ իհարկե, նախաձեռնեցինք մեգա պրոյեկտ՝ աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցումը»,ճլրագրողների հետ զրույցում իրենց գործունեության երկու տարին ամփոփեց «Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը:



Ինչ վերաբերում է ամենաերկար զիփլայնի կառուցմանը, ապա Տիգրան Չիբուխչյանն ասաց, որ նախնական նախատեսված էր 2680 մետր երկարությամբ կառուցել այն, բայց հետո ավելի է երկարել: «Այժմ կետերի փորձարկման արդյունքում դարձել է 2770 մետր, որն իր հերթին նոր ճարտարապետական խնդիրներ է բերել: Այսինքն այն աշխատանքը, որը կատարել էինք մինչև օրս, նորից պետք է իրականացնենք: Բայց արդեն ունենք հստակություններ աշխատանքում և ճոպանների հետ կապված: Այս աշտարակը կառուցված է տեխնիկական ճոպանի համար, որն անցկացնելու ենք: Այն ճարտարագիտական աշխատանքները, որոնք տարվել են, պետք է վիզուլ փորձարկվեն և ըստ դրա վերջնական տեսք կունենան այս կառույցները: Քանի որ մենք գտնվում ենք հիմնական մեր տարածքից 400 մետր հեռավորության վրա, ուստի պետք է լուծենք նաև խնդիր, թե մարդիկ ինչպես մեր հիմանական կետից այստեղ տեղեփոխվեն: Տրանսպորտային միջոցներից մեկը լինելու է զորբը, մյուսի մասին ավելի ուշ կտեղեկացնենք: Հաշվի առնելով այս ամենը՝ աշխարհի ամենաերկար զիփլայնը վերջնական շահագործման կհանձնվի հաջորդ տարի»:



Տիգրան Չիբուխչյանը այս տարիների ձեռքբերումներից է համարում այն, որ Ենոքավան համայնքում կարողացել են ստեղծել պայմաններ, որ համայնքի բնակիչները լինեն մրցունակ աշխատաշուկայում: Տիգրանի կարծիքով բնակիչներն արդեն սկսել են գիտակցել, որ եթե ցանկանում են աշխատել սպասարկման ոլորտում, պետք է տիրապետեն օտար լեզուների, շինարար դառնալու համար պետք է պրոֆեսիոնալ լինեն: Մասնագետների ապահովաման խնդիրը լուծելու համար տարբեր քայլեր են ձեռնարկվում, որոնցից մեկը Դիլիջանի պետական քոլեջի հետ համագործակցությունն է:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ