Պետոն խփել է Մելոյին, Մելոյի տղերքն էլ՝ Պետոյին

Պետոն խփել է Մելոյին, Մելոյի տղերքն էլ՝ Պետոյին

Երկու օր է՝ մամուլում տեղեկություն է շրջանառվում, թե միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի, եւ ինչ-որ քրեական հեղինակությունների միջեւ։



Ըստ այդ տեղեկությունների՝ օրեր առաջ մի խումբ անձինք այցելել են Մանուկյանին պատկանող շշերի գործարան եւ առաջարկել, որ պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը։ Սակայն Մանուկյանը մերժել է նրանց առաջարկը, որը հետո վերածվել է փոխադարձ վիրավորանքների, իսկ հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը, ով, ըստ հրապարակման, «օրենքով գող» է եղել, պատգամավորի սեղանին դրված շշով հարվածել է Մանուկյանի գլխին: Մանուկյանի աշխատակիցները հասել են ու նրանց ծեծել։ Դեպքը փորձել են կոծկել, որ իրավապահներին չհասնի եւ քրեական գործ չհարուցվի։
Երեկ փորձեցինք այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանից, սակայն նա կա՛մ զանգերին չէր պատասխանում, կա՛մ անհասանելի էր։ Կապ հաստատեցինք նրան պատկանող գործարանի՝ «Սարանիստ» ՍՊԸ-ի հետ, որը շշերի արտադրությամբ զբաղվող ընկերություն է։ Այստեղից մեր զանգին պատասխանած աշխատակցուհին, խորհրդակցելով ընկերության տնօրենի հետ, բառացի փոխանցեց հետեւյալը․ «Մենք Ձեզ ոչ մի բան հայտնելու չունենք»։
- Ի՞նչ է նշանակում՝ մեզ ոչ մի բան հայտնելու չունեք։



- Ուզում եմ ասել՝ ոչ մի տեղեկություն, ոչ մի բան բացարձակ, տնօրենն էլ ասաց, որ չի զրուցելու Ձեզ հետ տվյալ նյութի․․․



- Տվյալ դեպքի կապակցությա՞մբ։



- Այո։ Եվ նյութի էլ, որը որ գրված է եղել։



- Իսկ գոնե հերքում կամ հաստատո՞ւմ է դեպքը, նման միջադեպ եղե՞լ է։



- Ոչ մի բան ինքն ինձ չասաց։



Ըստ էության՝ պատգամավորի գործարանից չեն հերքում, որ նման միջադեպ եղել է, պարզապես չեն ցանկանում խոսել այդ մասին։ Մենք, այդուհանդերձ, որոշ հանգամանքներ փորձեցինք պարզել։ Մասնավորապես այն, որ գողական աշխարհի ներկայացուցիչը եղել է Ազատանցի Պետոն, որը լուրջ դեմք է այս աշխարհում եւ Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի Սամոյի) սանիկն է։ Նա եղել է ընկերոջ հետ։ Պետոյին դուր չի եկել պատգամավորի պահվածքը, եւ սեղանին դրված շշով (որոշ տեղեկությամբ՝ մոխրամանով) հարվածել է Մելիք Մանուկյանի գլխին։ Այնուհետեւ Մելիք Մանուկյանի աշխատակիցները ծեծել են իրենց հյուր եկած անձանց՝ պատճառելով վնասվածքներ։



Նրանցից մեկը հայտնվել է հիվանդանոցում։ Մեր տեղեկություններով՝ Շշի Մելոն այս օրերին շատ խառն է՝ փորձում է խնդիրը կարգավորել գողականների հետ։ Խոսակցություն կա, որ ում դիմում է, հրաժարվում են միջամտել կամ որեւէ կերպ մասնակցել այս խնդրին, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը։ Մեր աղբյուրը նշեց նաեւ, որ Մանուկյանն սպասում է, որ «վերջին վարյանտ» Սերժ Սարգսյանը կմիջամտի ու կհարթի խնդիրը, իսկ մինչ այդ խուսափում է հատկապես լրագրողների հետ առերեսվելուց:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ