Չարենցավանի պաշտոնական կայքը մեկ շաբաթից ավելի է՝ չի աշխատում

Չարենցավանի պաշտոնական կայքը մեկ շաբաթից ավելի է՝ չի աշխատում

Չարենցավանի կայքը մեկ շաբաթից ավելի է՝ չի աշխատում։ Մտնում ես charenstavan.am, կայքը չի բացում, գրում է՝ կայքը հասանելի չէ։ Եվ Չարենցավանի քաղաքապետարանում, պարզվում է, տևական ժամանակ որևէ մեկն ի զորու չէր հստակ պատասխան տալ՝ ինչու՞ չի աշխատում քաղաքի պաշտոնական կայքը։ Քաղաքապետի մամուլի հարցերով խորհրդական Սուրեն Մուրադյանն ասաց, որ արձակուրդում է, խորհուրդ տվեց դիմել Ծրագրերի և կանխատեսումների բաժնի պետ Աշոտ Ծերունյանին։ Վերջինս բացատրեց, որ կայքը չի աշխատում, որովհետև չեն կատարել դոմեյնի համար նախատեսվող վճարումը։ Վճարն էլ, պարզվում է, ընդամենը 5000 դրամ է։ Իսկ թե ինչու չեն վճարել, Ծերունյանը դժվարացավ հստակ պատասխանել՝ առաջարկելով դիմել աշխատակազմի քարտուղարին։ Զանգահարեցինք աշխատակազմի քարտուղար Շուշանիկ Սարգսյանին։ Վերջինս նույնպես անտեղյակ էր խնդրից ու չկարողացավ պատասխանել, թե ինչու չի աշխատում իրենց պատասխանատվության տակ գտնվող կայքը։ Նա էլ առաջարկեց դիմել ֆինանսական բաժին։ Այս բաժնի պետ Արսեն Ավդալյանը նույնպես մեր հարցին չկարողացավ պատասխանել, խնդրեց սպասել՝ մեկ ժամից նոր կճշտի, կասի։ Փաստորեն, քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմում չգտնվեց մեկը, որ մեր պարզ հարցին տար սպառիչ պատասխան։ Ամբողջ կազմով մեկը մյուսի վրա էին գցում։



Իսկ մեզ այդ կայքում հետաքրքրում էր, մասնավորապես, աճուրդների և մրցույթների բաժինը։ Սակայն, ինչպես վերջում պարզվեց, կայքում նման բաժին գոյություն չունի։ Ի վերջո, ստիպված եղանք այս փոքր հարցով դիմել քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին։ Վերջինս տեղյակ չէր, որ կայքը չի աշխատում և զարմացավ մեր հարցից։ «Բայց հնարավոր չի՝ չաշխատի։ Ես հենց հիմա կկանչեմ, էդ խնդիրը կկարգավորեմ ու կիմանամ՝ էդ ինչի ինձ չեն տեղեկացրել, որ մեր կայքի հետ խնդիր կա»,-ասաց նա։ Այնուհետև իր մոտ կանչեց բոլոր պատասխանատուներին, որոնց հետ մենք զրուցել էինք, հանձնարարեց տեղում պարզաբանել հարցը։ Քաղաքապետի միջամտությունից հետո համապատասխան բաժինների ղեկավարները վերջապես հստակ պատասխան տվեցին, թե ինչու չի աշխատում կայքը։ Պարզվեց՝ դոմեյնի ժամկետը լրացել է, և ինչ-որ տեխնիկական պատճառներով ձգձգվել է վճարում կատարելը, վաղը կամ մյուս օրը խոստացան, որ անպայման փոխանցումը կկատարեն, և կայքը նորից հասանելի կլինի։ Թե ինչու մեկ շաբաթ է՝ չէին կարողանում այդ վճարումը կատարել, դա մեզ համար այդպես էլ հստակ չպարզաբանվեց։ Թեպետ, դատելով աշխատակազմի աշխատաոճից և իրենց աշխատանքի հանդեպ պատասխանատվությունից, թերևս կանխատեսելի է՝ ինչու համապատասխան ջանքեր չեն գործադրել այս պարզ հարցի լուծման համար։



Ինչ վերաբերում է մեր հարցին, թե ինչու չկա աճուրդների կամ մրցույթների բաժին, քաղաքապետը ճշտեց և ասաց, որ իրենք այդ հայտարարությունները տեղադրում են gnumner.am կայքում և «Հայաստանի Հանրապետություն» թերթում։ Շահգալդյանն ասաց, որ քանի որ gnumner.am-ում տեղադրվում է, էլ իմաստ չկա իրենց կայքում էլ տեղադրել։ Նկատեցինք, որ շատ բնակիչներ, որոնք գուցե առաջին անգամ են փորձում մասնացկել որևէ աճուրդի, տրամաբանական է, որ առաջինը մտնեն և տվյալ քաղաքի պաշտոնական կայքից տեղեկանան՝ ինչ աճուրդ ու մրցույթ կա։ Մյուս կայքերն ավելի պրոֆեսիոնալների համար են։ Բացի այդ, քաղաքի պաշտոնական կայքում ամեն ինչի մասին պարզ ու հասանելի ձևով քաղաքացիներին տեղեկացնելը խոսում է տվյալ քաղաքի բնակչության հանդեպ վերաբերմունքի մասին։ «Եթե շատ կարևոր է, կասենք՝ կայքում էլ կտեղադրեն»,-համաձայնեց քաղաքապետը։



Մեզ հետաքրքրում էր նաև ավագանու վերջին որոշմամբ հաստատված տաղավարներ կառուցելու մասին մրցույթի և մի բնակարանի աճուրդի վերաբերյալ հայտարարությունը, որը խոստացան թերթում ու gnumner.am-ում տեղադրելուց զատ՝ տեղադրել նաև charentsavan.am կայքում, հենց որ կայքն սկսի աշխատել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ