Երեկ տեղի ունեցավ «Օդաչուի հուշերը», «Սահմանադրություն և քաղաքականություն», «Մտորումներ» գրքերի շնորհանդեսը

Երեկ տեղի ունեցավ «Օդաչուի հուշերը», «Սահմանադրություն և քաղաքականություն», «Մտորումներ» գրքերի շնորհանդեսը

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում երեկ տեղի ունեցավ ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար (1991-92), Ազգային անվտանգության գլխավոր վարչության նախկին նախագահ (1992-93), Գերագույն խորհրդի նախագահի նախկին խորհրդական (1993-96), Սահմանադրական դատարանի նախկին դատավոր (1996-2014) Վալերի Պողոսյանի հեղինակած «Սահմանադրություն և քաղաքականություն», «Մտորումներ», և նրա մոր՝ Հայաստանի առաջին կին օդաչու, պարաշյուտիստ Նինել Ղարաջյանի (ծնունդով Լոռու մարզից) հուշերի ժողովածուի՝ «Օդաչուի հուշերը» գրքի շնորհանդեսը։

Միջոցառմանը ներկա էին Կրթության և գիտության նախկին նախարար (2003-06), նախագահի խորհրդական (2006-08), «Լոռու ձոր հայրենակցական միություն» ՀԿ ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանը, ՍԴ մամուլի նախկին քարտուղար, հրապարակախոս, լրագրող Հովհաննես Պապիկյանը, ով «Օդաչուի հուշերը» գրքի խմբագիրն է, ԵՊՀ Սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ Գագիկ Սողոմոնյանը, գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, զինծառայողներ Ավիացիոն համալսարանից, Պողոսյանի հարազատները, նախկին գործընկերները, ընկերները։

Շնորհանդեսի ընթացքում նաև ցուցադրվեց 2014 թվականին «Շողակաթ» հեռուստաընկերության «Մշակութային ազդագիր» թողարկման շրջանակներում Նինել Ղարաջյանի մասին պատմող ակնարկը։

Իսկ թե ինչու էր գրքերի շնորհանդեսի համար ընտրվել հենց ապրիլի 27-ը, Վալերի Պողոսյանն ասաց, որ Նինել Ղարաջյանն իր առաջին պարաշյուտային թռիչքը 1935 թվականի հենց այս օրն էր կատարել։ «Քանի որ գիրքը դրանց մի 10 օր առաջ էր տպարանից դուրս եկել, մոտ էր այդ օրվան, ուստի խնդրեցի, որ ապրիլի 27-ին կազմակերպվի։ Մյուս երկու գրքերն էլ անցյալ տարվա վերջին էին դուրս եկել, մտածեցի երեք գրքերն էլ ներկայացնել», - նշեց ՍԴ նախկին դատավորը։ 

Պողոսյանն ասաց, որ արխիվում է գտել մոր հուշերը և որոշել հրատարակել դրանք։

Հարցին՝ ինչո՞ւ որոշեց, որ «Մտորումներ» գրքի շապիկի վրա պետք է լինի Արշակունյաց թագավոր Տրդատ Ա-ի արձանի լուսանկարը, պետական գործիչը պատասխանեց, որ գիրքը կարդացող կհասկանա։ «Գրքում Տրդատի մասին երեք հոդած կա։ Այդ հոդվածները պատահական չեն հայտնվել։ Պատահական չէ նաև Լուվրի թանգարանում Տրդատի արձանի լուսանկարի ընտրությունը։ Որպեսզի ուշադրություն հրավիրեմ Տրդատ Առաջինի նկատմամբ, ով հանիրավի մեզ մոտ՝ և՛ պատմության գրքերում, և՛ դասագրքերում, պատշաճ չի ներկայացվում։ Եվ ես կուզենայի, որ դրա մասին խոսվեր, ասվեր։ Ուսումնասիրենք մեր պատմությունը, հասկանանք՝ ով ենք եղել», - ընդգծեց նա։