Ոչխար են գողացել, ոչխա~ր

Ոչխար են գողացել, ոչխա~ր
Մի քանի օր առաջ ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում էր ստացվել, թե Աննա Նասիբյանից խարդախությամբ 87 գլուխ մանր եղջերավոր անասուն են հափշտակել: Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Հարություն Հ.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Փորձելով ասվածից ավելի տեղեկություններ հավաքել՝ հանդիպեցի Սարիգյուղում ապրող Ղազարյանների ընտանիքին` Գագիկ եւ Գարիկ եղբայրներին, նրանց մորը` Աննա Նասիբյանին, որոնց` 5-6 տարվա ընթացքում ստեղծած տնտեսության զգալի մասը "գել ու գազանի" փայ էր դարձել:



Նրանց պատմելով, սկզբում Հովո կամ Համո անունով ներկայացած երիտասարդը դեպքից մոտ մեկ ամիս առաջ հանդում հանդիպել է տիկին Աննայի տասնութամյա տղաներին` Գագիկին ու Գարիկին, ցանկություն հայտնելով գնել ամբողջ գառներն ու ոչխարները: Բայց գնի շուրջ չեն "բարիշել", ու գործարքը չի կայացել: Վարդավառից մի քանի օր առաջ նույն Հովո-Համոն, որի անունն իրականում Հարութ է, համաձայնության է եկել Ղազարյանների հետ, մորթած վիճակում Երեւան է տեղափոխել 24 գառ եւ մեկ կով նրանց հարեւանից` խոստանալով հաջորդ օրը գումարը բերել: Հաջորդ օրը Սարիգյուղ վերադառնալով, վճարել է հարեւանի կովի դիմաց, Ղազարյաններին էլ ասել, թե` ուշ հասա Երեւան, հաճախորդներն արդեն գնացել էին: "Էսօր 63 ոչխարն էլ տանեմ, վաղն առավոտյան ամբողջ գումարը տամ ձեզ",-ասել է ու իր հետ Երեւան տարել երիտասարդ եղբայրներին: "Պայմանավորվել էինք, որ հասնենք Երեւան, հաջորդ օրվա առավոտյան էնտեղ գումարը կտա",-պատմում է Գագիկը: Երեքով օթեւանել են Աէրացիայի տարածքում գտնվող մի հյուրանոցի լյուքս համարում:



"Առավոտյան ընկերը զանգեց, Հարութն ասաց, որ իջնում է գումարը վերցնի-գա",-հիշում է Գագիկը: Մի քանի ժամ սպասելուց հետո պարզ է դարձել, որ Հարութն այլեւս չի գա: Զանգել են նրա հեռախոսահամարին, որն արդեն անհասանելի էր: Խարդախությամբ հափշտակված անասունների համար տրվելիք գումարը կազմում է 2 միլիոն 700 հազար դրամ: Տիկին Աննայի խոսքով, մի քիչ էլ էժան են հաշվել` մտածելով, որ "կուրտում տալն ավելի լավ է": Գարիկի պատմելով, ոչխարները երկու բեռնատարներում բեռնավորելով, Հարութն իր ու Գագիկի հետ  տաքսիով է մեկնել` բեռնատարների ետեւից: Առանց խնդիրների անցել են խոզերի աֆրիկյան ժանտախտի վարակից ի վեր Դիլիջանում տեղակայված կարանտինի կետը, որտեղ ոստիկաններ են հերթապահում, երեկոյան հասել Երեւան, Ջրաշխարհի մոտ վրացական համարներով մի մեքենայի են հանդիպել, որը դիմավորել է անասնագողերին եւ ուղեկցել Չորրորդ գյուղ:



Վարորդն էլ է մսավաճառ եղել, ծննդով նոյեմբերյանցի, Չորրորդ գյուղի բնակիչ: Սույն անձը ոչխարները գնել է բավականին էժան` 13 հազար դրամով, 18 հազարով վաճառել ուրիշ մեկի: Այս գործում հարցականները շատ են: Այս օրերին ոստիկանները կարանտինային կետում արգելում են մարզից դուրս հանել նույնիսկ գառ ու ոչխար: Իմ ծանոթներից մեկն օրինակ՝ ընտանեկան խնջույքի համար գնած մեկ գառ չէր կարողացել տեղափոխել Սեւան, հանդիպել էր ոստիկանական արգելքի: Հիմա հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս եղավ, որ 63 ոչխարով երկու բեռնատարներն անցել են նույն կարանտինային կետով` առանց արգելքի: Ինչպես Գարիկն է պատմում, այդտեղ հասնելով՝ թե իրենք, թե Հարութը մեքենայից չեն իջել, որովհետեւ քաղցրաշենցին նախօրոք բեռնատարի վարորդներին գումար է տված եղել` սպասարկման եւ ոստիկանների գրպանը դնելու համար: Ըստ մեր աղբյուրների` այդ մեքենաները կարանտինի մատյանում գրանցված էլ չեն:



Բացի դա, երբ գործը վարող ոստիկանները փորձել են հեռախոսով "դուրս գալ" խարդախ Հարութի վրա, "Վիվասելից" պատասխանել են, որ տվյալ հեռախոսահամարը գրանցված չէ, եւ սովորաբար նման համարներից գողերն են օգտվում: Դեռ ամիսներ առաջ օրենք ընդունվեց, որ կարճ ժամանակում բոլոր բաժանորդները պարտավոր են գրանցել իրենց հեռախոսահամարները: Հետեւաբար ինչպե՞ս է գործածվել չգրանցված հեռախոսահամարը: Հնարավոր չէ՞ վերծանել չգրանցված հեռախոսահամարի մուտքային եւ ելքային զանգերն ու այդպիսով գտնել Հարութի հանցակիցներին:



Փորձեցի այս առնչությամբ պարզաբանում ստանալ "Վիվասել-ՄՏՍ"-ից: Դեռ 2007թ. մարտի 30-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել էր որոշում, որով նույն տարվա հուլիսի 1-ից բոլոր կանխավճարային քարտերը պետք է վաճառվեին միայն գրավոր պայմանագրերի հիմքով: Բացի այդ, ՀԾԿՀ-ն բջջային կանխավճարային կապի բաժանորդների գրանցման ժամկետը երկարաձգել էր մինչեւ 2008-ի հոկտեմբերի 1-ը, որից հետո չգրանցված հեռախոսահամարներն անջատել էին: Հիմա, ինչպե՞ս է գործածվել հանցագործի չգրանցված հեռախոսահամարը:



Գուցե 28-ամյա երիտասարդը կարողացել է չգրանցած քա՞րտ ձեռք բերել: Այս առնչությամբ "Վիվասել-ՄՏՍ"-ից տեղեկացրին, որ հանձնաժողովի կայացրած որոշումն ընկերությունը կատարել է, եւ չգրանցված հեռախոսահամարների սպասարկումը պահանջված ժամանակում դադարեցվել է: Նույնիսկ դիլերներից գնված քարտերը` թեկուզ մի քանի րոպե կամ ժամ ուշացումով, այնուամենայնիվ, գրանցվում են ընկերությունում: Իսկ "Վիվասել-ՄՏՍ"-ում ունեցած կապերի շնորհիվ նման քարտ ձեռք բերելը բացառեցին: Այս առնչությամբ ոստիկանական մեր աղբյուրը հակառակն է պնդում: Ըստ նրա, չգրանցված հեռախոսահամարներով հանցագործություն նախապատրաստելը մեր օրերում ամենեւին էլ զարմանալի ու նոր բան չէ, քրեական գործերի շրջանակներում այդ փաստին վերջերս շատ են բախվում, եւ չգրանցված հեռախոսահամարներ շատերն ունեն:



Հիմա գործին մասնակից անձանցից շատերի ինքնությունը պարզվել է: Բոլոր մեքենաների վարորդները հարցաքննվել են: Մնում է գտնել հետախուզման մեջ գտնվող Հարութին, որի կինը, ասում են, ապրում է Ռուսաստանում, իսկ ինքը վերջին շրջանում բնակարան էր վարձել Աբովյանում: Ըստ որոշ աղբյուրների, այդ նույն օրերին քաղցրաշենցի Հարութը այլ բնակավայրերում, այդ թվում` Վարդենիսում, նույնպես խարդախությամբ անասուններ է թռցրել եւ կասկածվում է եւս 12 հանցագործության մեջ: ,Ախր էդ գողի խիղճը պետք է տանջի,-ասում է Աննա Նասիբյանը:-Երբ պտղատու ծառերից բերք ես կորցնում, քեզ մխիթարում ես, որ ծառը հաջորդ տարի էլ բերք կտա: Բայց սա այդ դեպքը չի...": Ղազարյանները մտադիր են մի քիչ էլ սպասել ոստիկանների աշխատանքին, եւ եթե արդյունք չլինի, մտադիր են դիմել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որ նա անձամբ վերահսկի գործի ընթացքը: