Գյուղնախարարը կոկորդիլոսի վարկածը լուրջ է ընդունել

Գյուղնախարարը կոկորդիլոսի վարկածը լուրջ է ընդունել
Վերջին օրերի մեր հրապարակումները խախտել են գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի աշխատանքային անդորրը, խռովել նրա հոգեկան աշխարհը: Բանն այն է, որ գյուղատնտեսական ոլորտի ղեկավարը "տանել չի կարողանում սուտն ու կեղծիքը", նախընտրում է աշխատել բաց, թափանցիկ ու շիտակ: Իսկ մենք մեր "վատ" հրապարակումներով ստվերել ենք նրա մարդկային ու կառավարչական որակները՝ իրեն վերագրելով "չեղած բաներ":  Սկսենք մորեխներից:



Մենք գրել էինք, որ կանխվել է հերթական անհեթեթ ծրագրով բյուջեից փող կորզելու նախագիծը: Պետբյուջեով գումար է նախատեսված մորեխների դեմ պայքարի համար: Նախարարության Բույսերի պաշտպանության եւ կարանտինի ՊՈԱԿ-ն էլ համապատասխան մոնիտորինգ անելով պարզել էր մորեխների բնակության հիմնական վայրերը (Շիրակ, Արագածոտն, Գեղարքունիք) եւ խեղաթյուրել տվյալները: Ըստ որի Գեղարքունիքի մարզում 650 հեկտարի վրա պետք է մորեխնեի դեմ թեժ պայքար տարվեր, իսկ Շիրակում՝ 2.390 հա-ի, սակայն բուսասանիտարիայի տեսչությունը առանձին մոնիտորինգ է արել ու բացահայտել, որ Գեղարքունիքի մարզում նախատեսված 650 հեկտարը շատ քիչ է, ավելի մեծ տարածք պետք է ընդգրկվի, Շիրակի մարզի մոտ 2.390 հեկտարն էլ իրականությանը չի համապատասխանել:



Այս մասին զեկուցվել է փոխնախարար Սամվել Ավետիսյանին, ինչից հետո Գերասիմ Ալավերդյանը հապշտապ արձակուրդից վերադարձել է ու գործուղվել Շիրակի մարզ՝ կրծողներ ու մորեխներ հայտնաբերելու, հո չէի՞ն թողնելու, որ 17 միլիոն դրամը հենց այնպես կորչի, եթե պետք լիներ՝ կոկորդիլոս էլ կհայտնաբերեին: Սակայն Գերասիմ Ալավերդյանի պարզաբանմամբ՝ "Մոնիտորինգը ներկայացվել է 3000 հեկտարի վրա (Արագածոտն, Գեղարքունիք, Շիրակ): Մենք արդյունքները կուրորեն չենք ընդունում ու սկսում աշխատել, մեր տեսչության եւ ստեղծված հանձնաժողովի միջոցով ստուգում ենք մոնիտորինգի ներկայացրած թվերը, երբ համոզվում ենք, ապա նոր իրականացնում:



Մոնիտորինգի արդյունքները նայել ենք, բերել են 2.990 հեկտարի վրա: 417 հեկտարը՝ Արագածոտնում, 1000 հեկտարը՝ Շիրակի մարզում եւ 1.580 հեկտարը՝ Գեղարքունիքի մարզում, վարակվածությունը նորմայից բարձր է: Եթե մեկ քմ-ի վրա 5-10 մորեխ են հայտնաբերում, պետք է անհապաղ աշխատանքներ իրականացնեն: Մրցույթ է հայտարարվել, ես նույնիսկ չեմ ճանաչում, թե ովքեր են այդ մարդիկ: Աշխատանքներն իրականացնելուց հետո կբերեն կատարողականներ, մենք էլ մարզպետարանների հետ տեղում ստուգումներ իրականացնելուց հետո նոր կանցնենք վճարումների, թե չէ կոկորդիլոսի խնդիր չկա":



Երկրորդ թեման գյուղնախարարության ենթակայության տակ գտնվող Շիրակի, Արմավիրի, Մասիսի ու Նոր Գեղիի  քոլեջների տնօրենների փոփոխությունն էր: Մեզ հասած տեղեկություններով՝ Գերասիմ Ալավերդյանը նրանց  աշխատանքից ազատել է ապօրինաբար: Ամիսներ առաջ ֆինանսների նախարարության բացահայտած ստուգումների արդյունքում խախտումներ են բացահայտվել, ինչի մասին իրենց չի տեղեկացվել: Սակայն ֆինանսների նախարարությունը դիմել է դատախազություն, Գերասիմ Ալավերդյանն էլ առանց սպասելու դատախազության եզրակացությանը, աշխատանքից ազատելու որոշում է կայացրել:



"Նախ, ես դատախազություն չեմ դիմել, բայց հնարավոր ա, որ դիմեմ, ֆինանսների նախարարության ԿՌՈւ-ն հայտնաբերել է չարաշահումներ ու դիմել դատախազություն: Նրանք ավել ուսանող են պահել, մեկ ուսանողը պետության վրա նստում ա 350 հազար դրամ: Եվ կոնկրետ 2007-2009 թվականներին Նոր Գեղիի քոլեջում 47 ավել ուսանող, Արմավիրում՝ 37, Շիրակում՝ 9, Մասիսում՝ 8: Դա որ բազմապատկում ես, մեծ թիվ է տալիս: Մրցույթի մասին հայտարարություն տրվեց թերթում մեկ ամիս: Ֆինանսների նախարարությունը հայտնաբերել էր, քանի որ պետական բյուջեի ֆինանսավորում էր, մենք կազմեցինք հանձնաժողով եւ ուսումնասիրեցինք տեղում",-պարզաբանեց գյուղնախարարը, ապա անդրադարձավ մեր հոդվածին. "Այո, ես ազատել եմ, այս նյութի մեջ մեկ ճիշտ բան էիք գրել, որ առանց աջ ու ձախ նայելու եմ ազատել, իսկ շտկելու հնարավորություն տվեցի, գումարները չվերականգնեցին:



Ազատված չորսը տնօրեններից երկուսը՝ Շիրակն ու Նոր Գեղին, իմ կուսակիցներն են, բայց նշանակություն չունի, խախտում են արել, պիտի ազատվեն",-իր կուսակիցների հետ տեսած դաժան հաշվեհարդարով փորձեց մեզ զարմացնել Գերասիմ Ալավերդյանը, ապա դժգոհեց, որ տնօրենները պետական գույքի հետ իրենց հայեցողությամբ են վարվել. մեկը քոլեջի "տրակտորն է իր դռանը կանգնեցրել, մյուսն էլ կամպյուտրն է տարել": "Ես էդ մարդկանց ընդհանրապես չեմ տեսել, չեմ էլ լսել, ինձ հերիք էր թվերն ու փաստերը, եթե հիմա գան, կարող ա չճանաչեմ: Ես հրավիրել եմ խորհրդակցության եւ ասել, որ կա նման խախտումներ ու խնդիրներ: Եվ ես հասկացա ինչ ա կատարվել՝ կոնկրետ մեխանիզմներ են մշակել ավել մարդ պահելու համար",- ասաց սկզբունքային գյուղնախարարը: