Քրդե՞րն են սպառնում հայերին, թե թուրքերը

Քրդե՞րն են սպառնում հայերին, թե թուրքերը
Երեկ մի շարք լրատվամիջոցների, այդ թվում եւ մեր թերթի էլեկտրոնային փոստին ուղարկվել էր մի նամակ, որտեղ «Փեշմերգներ» կոչվող քրդական կազմակերպությունը բացահայտ սպառնում է հայերին եւ զգուշացնում սեպտեմբերի 19-ին Վանի Սուրբ խաչ եկեղեցու պատարագին մեկնել որպես հյուր, քանի որ այդ հողը, տարածքը պատկանում է իրենց: Նամակում գրված է նաեւ, որ թուրքական իշխանությունը գնաց այդ քայլին՝ ձգտելով ոտնահարել քրդերի իրավունքներն այդ հողի նկատմամբ: Նամակում պատարագ անցկացնելու Թուրքիայի որոշումը համարվում է մտածված եւ խորամանկ քաղաքական խաղ, որով թուրքերը փորձում են զրկել քրդերին իրենց սեփական հողի իրավունքից համաշխարհային հասարակության աչքում:



Նամակի հեղինակ քրդերը մեղադրում են նաեւ թուրք ազգայնականներին, մասնավորապես գրելով. «Թուրքական ազգայնականները, որոնք անվանում են իրենց «իսլամիստներ», համարում են, որ հայկական եկեղեցին հայկական կոչելով, նրանք թուլացնում են քրդերի ինքնավարության պահանջն այդ հողի վրա: Դրանք հայկական հողերն են ՝ քրդերը այդ հողերի վրա իրավունք չունեն, այս են ուզում ասել թուրք ազգայնականները: Նրանք լավ հասկանում են, որ հայերը չեն կարողանա եւ չեն ցանկանա ապրել քրդական հողի վրա, որը ժամանակավոր գտնվում է Թուրքիայի կազմում:



Հենց այդ պատճառով էլ թուրք ազգայնականները խաղում են մի խաղ, որի նպատակն է ցույց տալ, որ այդ հողերի տերերը քրդերը չեն: Դա ցույց է տալիս, որ թուրքերը վախենում են քրդերից, վախենում են մեր «փեշմերգե»-ից: Բայց նրանք չեն հասկանում, որ իրենց այս խորամանկ քայլով բոլոր քրդերին կդարձնեն «փեշմերգե», որոնք պատրաստ են մինչեւ վերջ պաշտպանել իրենց հողերը թուրքերից, հայերից եւ այլ ազգերից»: Այնուհետեւ նամակում ասվում է, որ հայերը թուրք ազգայնականների ձեռքում խաղալիք են դարձել, եւ իրենք երբեք թույլ չեն տա հայերին եւ հայ զբոսաշրջիկներին գնալ «Քրդստան» (նկատի ունեն Վանի տարածքը)՝ որպես «հաջի» իրենց հայրենի հողեր:



«Այդ դեպքում մենք հայտարարում ենք, որ հայերը, որոնք համաձայնվել են խաղալ այն խաղը, որը մտածել են թուրք ազգայնականները, նույնպես կհայտնվեն այնպիսի վտանգի մեջ, որի մեջ «Քրդստանում» հայտնվել են թուրք զինվորները եւ ժանդարմները: Մեզ համար տարբերություն չի լինելու, թե ինչ հագուստով են մեզ մոտ գալիս մարդիկ, որոնք պահանջում են մեր հողերը: Մենք զգուշացնում ենք այն հայերին, ովքեր ուզում են գալ մեզ մոտ աղոթելու, որ մենք հարգում ենք այն հյուրերին, ովքեր գիտեն, որ հյուր են եւ հարգում են տանտիրոջ օրենքները: Քրդստանը դա քրդերի հայրենիքն է, եւ դրա մասին պարտավոր են իմանալ եւ Անկարայում, եւ Երեւանում»,-բացահայտ սպառնում են հայերին նամակի հեղինակները, ավելացնելով, որ թուրք-հայկական սադրանքը քրդերին թշնամի է դարձնում թուրքերին եւ հայերին: «Քրդերը կարող են հյուր ընդունել: Քրդերը կարող են պաշտպանել իրենց հողերը եւ իրենց պատիվը: Մենք ասացինք մեր խոսքը: Քրդստանը  քրդերի հայրենիքն է»,- ավարտվում է նամակը:



Մենք չկարողացանք պարզել՝ կա՞ արդյոք իրականում նման կազմակերպություն, թե՞ ոչ: Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը մեզ հավաստիացրեց, որ Թուրքիայում նման կազմակերպություն չկա: Իսկ մեր հարցին, թե արդյո՞ք այնտեղ բնակվող քրդերն այդ տարածքը համարում են իրենցը, Հասանովը պատասխանեց. «Դա ոչ քրդական, ոչ էլ հայկական հող է: Դա պետականորեն ամրագրված թուրքական հող է, եւ թուրքական իշխանությունները ինչ ուզում անում են: Քրդերն արդեն երկար տարիներ է, բնակվում են այնտեղ: Իսկ թե ինչպես են մտածում նրանք, ես չգիտեմ, ես նրանց հետ չեմ խոսել»: Իսկ նամակի մասին տեղյակ չէր եւ խորհուրդ տվեց դրան լուրջ չվերաբերվել: «Շատ մարդ շատ բան կարող է ասել: Հիմա համացանցում մեկը կարող է վեր կենալ ու հայհոյել մյուսին: Դա լուրջ չէ»,- հավելեց Կնյազ Հասանովը:



Ավելի ուշ նա մեզ հայտնեց, որ կապվել է Թուրքիայում բնակվող քրդերի հետ եւ պարզել, որ նման կազմակերպություն չկա, իսկ այդ նամակն ընդամենը թուրքական մամուլի հերթական պրովոկացիոն քայլն է հայերին եւ քրդերին գժտեցնելու համար: «Ռյա թազա» թերթի գլխավոր խմբագիր Գրիշա Չաթոյանը նույնպես կարծում է, որ նման սադրանքներով փորձում են սեպ խրել հայ եւ քուրդ ազգերի միջեւ: