Հայոց բանակ. «թույլ օղակները» պատժվել են

Հայոց բանակ. «թույլ օղակները» պատժվել են
Հունիսի 16-ին Լեռնային Ղարաբաղի 5-րդ պաշտպանական շրջանի 2-րդ հրաձգային գումարտակում արձանագրվել էր սպանության դեպք։ Յարմջա եւ Սեյսուլան գյուղերի մերձակայքում, այսինքն՝ շփման գծում կամ, ինչպես ասում են, կրակային դիրքում տեղակայված ականանետային դասակի հերթափոխի վերջին օրն էր։ Ցերեկվա ժամը 11-ի սահմաններում զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալը հիշյալ տեղանքով անցնելիս նկատում է, որ հերթապահը տեղում չէ։



Դրա համար նա նկատողություն է անում դասակի հրամանատար Վահե Հովնիկյանին (Սպիտակ քաղաքից)։ Վերջինս պարզելով, որ տվյալ դիտորդական դիրքում այդ պահին պիտի լիներ սերժանտ Արման Ավագյանը (ծննդով Երեւանից), իր մոտ է կանչում նրան, հարցնում, թե ինչու է լքել դիտակետը, ու հարվածում։ Ընկնելու պահին Արմանի սաղավարտն ընկնում է, եւ գլուխը դիպչում է երկաթբետոնե սալին։ Մինչեւ մերձակա բուժկետ հասցնելը հայկական բանակի զինվորը մահանում է՝ այդպես էլ գիտակցության չգալով։ Միջադեպի երկրորդ մասը վերաբերում է մեղավորներին պատժելուն։ Վահե Հովնիկյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, բայց դեռեւս մեղադրական որոշում չի կայացվել։ Վերջերս հայկական բանակում կատարվող սպանություններին վերաբերող հրապարակումներում շատ է խոսվում մեղավորներին չհայտնաբերելու ու չպատժելու մասին։



Թե՛ մամուլում, թե՛ հանրության մեջ հաճախ են կարծիքներ հնչում բարձր հրամանատարական կազմին պատասխանատվության ենթարկելու մասին։ ՊԲ հրամանատարությանը քավության նոխազներ են պետք, եւ նրանք գտնվեցին։ Վերոհիշյալ ողբերգական միջադեպի համար զորացրեցին գումարտակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ, մայոր Բ. Մելքումյանին եւ շտաբի պետ, մայոր Ա. Գալստյանին։ Ավելի բարձր հրամանատարների մասով բավարարվեցին նկատողություններով՝ առանց զինվորական կոչումի եւ պաշտոնի իջեցման։



Ողբերգական միջադեպի համար ամենագլխավոր մեղավորներն արդյո՞ք Բ. Մելքումյանն ու Ա. Ավագյանն են, կամ՝ արդյո՞ք նրանք են միայն։ Մեզ հաջողվեց պարզել, որ մայոր Մելքումյանը 18 տարվա զինվորական ստաժ ունի, մեկ տարի 8 ամիս առաջ էր ստանձնել պաշտոնը հրաձգային գումարտակում։ Հիշյալ գումարտակը, որ համարվում էր զորամասի վատագույն ստորաբաժանումներից մեկը, Մելքումյանի ծառայության ժամանակ դարձել էր լավագույնը։ Տվյալ պաշտոնում նրա ծառայության ժամանակահատվածում, մինչեւ այդ ողբերգական միջադեպը, մեր տեղեկություններով, ոչ մի պատահար ու խախտում չէր գրանցվել, ինչի համար վերջինս էլ զորամասի եւ ՊԲ հրամանատարների կողմից արժանացել էր խրախուսման ու զանազան պարգեւների։ Մեզ հայտնեցին, որ այդ օրը նա այլ հերթափոխում էր, իսկ դժբախտ պատահարի կապակցությամբ ոչ կարծիք են հարցրել, ոչ նույնիսկ հանդիպել. զորացրման հրամանը ստորագրել են եւ տուն ուղարկել։



Պատժված մյուս սպան՝ շտաբի պետ մայոր Ավագյանը Արցախյան պատերազմում զոհվածի զավակ է։



Մենք դատաիրավական մարմին չենք։ Մենք չենք որոշում այս կամ այն անձանց մեղավորության չափը եւ դատավճիռ կայացնում։ Ընդամենը հրապարակեցինք ՊԲ-ում արձանագրված վերջին ողբերգական միջադեպերից մեկի՝ հունիսի 16-ին կատարված սպանության վերաբերյալ մեր ստացած տեղեկությունները, որից կարելի է ենթադրել, թե «թույլ օղակները» հայտնաբերվել եւ «վնասազերծվել» են։ Բայց, ինչպես հայտնի է, ձուկը ոչ թե աղիքներից կամ լյարդից, այլ գլխից է սկսում նեխել։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ