Բոստանջյանը չի բարիշել Դալլաքյանի հետ

Բոստանջյանը չի բարիշել Դալլաքյանի հետ
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի՝ Շիրվանզադեից արած մեջբերումներից հետո, եթե հիշում եք, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը հայտարարությամբ հրաժարվեց Դալլաքյանի տղայի քավորությունից՝ քաղաքական դրդապատճառներով սուրբ գործ քանդվեց: Նախօրեին Դալլաքյանը փորձեց շտկել իրավիճակը՝ նույն ամբիոնից հայտարարելով, թե ինքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին նկատի չի ունեցել: Երեկ նախկին քավորից փորձեցինք պարզել՝ կարգավորվե՞լ են Բոստանջյան-Դալլաքյան հարաբերությունները:



- Պարոն Բոստանջյան, բարիշե՞լ եք Դալլաքյանի հետ:



- Ես ե՞րբ էի խռովել, որ բարիշեմ: Ես ասել էի խոսք, որը մնում ա ուժի մեջ:



- Խոսո՞ւմ եք Վիկտոր Դալլաքյանի հետ, ե՞րբ եք վերջին անգամ խոսել:



- Չէ, ես չեմ հանդիպել: Էսօր առաջին անգամ եկել եմ ԱԺ:



- Տեղեկություն էր շրջանառվում, որ Ձեզ ԲՀԿ-ից են ասել, որ քավորությունից պետք է հրաժարվեք: Ճի՞շտ է դա:



- Սխալ տեղեկություն է:



- Ինքնուրո՞ւյն եք այդ որոշմանը հանգել:



- Այո, լրիվ:



- Պարոն Բոստանջյան, եկեղեցու քահանաները, սակայն, ասում են, որ մամուլին տված հայտարարությամբ քավորությունը չի քանդվում, դա սուրբ գործ է:



- Ոչինչ: Քահանաներն էլ իրենց հերթին քահանայություն չեն անում:



- Իսկ քավոր-սանիկական այլ հարաբերություններ ունե՞ք քաղաքական դաշտում:



- Չէ: Ես ընդհանրապես շատ հարգում եմ, հասկանում եմ, որ դա իսկապես սուրբ գործ է, բայց հանգամանքների բերումով ստացվել է էնպես, որ ես քավորություն երեւույթի մեջ չկամ:



- Բա ո՞նց համաձայնեցիք Դալլաքյանի տղայի քավորը լինել, որ չկայիք:



- Դե լավ, դա արդեն ուրիշ բան է:



- Իսկ պարոն Դալլաքյանն այս ընթացքում չի՞ փորձել Ձեզ բացատրել ինչ-որ բաներ:



- Մենք երկուսս էլ դեռ չենք հասցրել անցած-գնացածից հետո փոխանակվել որոշակի մտքերով, որը ես շատ բնական եմ համարում գոնե էս պահի համար ու մտածում եմ, որ ամեն ինչ ընթանում է ամենայն հավանականությամբ այնպես, ինչպես պետք է ընթանար: Իսկ վաղվա օրը ինչ ցույց կտա, դա վաղը կիմանանք:



ՀԳ - Ի դեպ, երեկ խորհրդարանում պատասխանելով  Վիկտոր Դալլաքյանի՝ կեղծ բարեգործների մասին հայտարարության առթիվ լրագրողների հարցին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. «Մարդը պետք է ոչ թե օդի մեջ խոսա, այլ լիարժեք: Եթե ես այսօր հայտարարություն եմ անում, պետք է ասեմ ինչի համար եմ անում: Ելնեմ, օդի մեջ մեջբերում անեմ, դա ի՞նչ է նշանակում: Իսկ մնացածը ասված է, ներկայացված է»: Լրագրողները նաեւ հարց ուղղեցին, թե եթե անուններ չտրվեցին, ինչո՞ւ Դուք Ձեզ վրա վերցրիք այդ հայտարարությունը: «Ո՞վ է ասել:



Ես որպես բարեգործ… ամեն մարդ իրա չափով պիտի կարողանա բարի գործ անի: Մենք պետք է ոչ թե մարդկանց փնովենք, որ իրենց վաստակած գումարը նա կարողանա փայաբաժին հասցնել: Մենք առաջարկել ենք, որ լինի բարեգործության օր, որ մարդը կարողանա այդ օրը բարի գործ անի: ...Մենք մեր վրա չենք վերցրել: Ավելի շատ դուք եք այդ խառնաշփոթությունը սարքում: Մենք խոսել ենք բարեգործի անունից, որպես բարեգործ: Եթե այսօր Հայաստանում ասում են բարեգործ, հասկանում են առաջին հերթին Ծառուկյան Գագիկ»:



Այդ դեպքում Բոստանջյանն ինչո՞ւ հրաժարվեց Դալլաքյանների ընտանիքի հետ քավորությունից՝ հարց ուղղեցին լրագրողները. «Դա ընդհանուր բարեգործությանն էր վերաբերվում: Գնացեք պարոն Բոստանջյանին հարցրեք: Ընդհանուր բարեգործությանն է ելույթը վերաբերվել: Այդ մարդը գիտի, որ կուսակցության ղեկավարը բարեգործություն է կատարում: Կապ չունի, բայց բարեգործությունը ամեն մեկը պարտավոր է գնահատելու, հարգելու, ընդունելու»: