Արմեն Հարությունյանի երկար սպասված ասուլիսը

Արմեն Հարությունյանի երկար սպասված ասուլիսը
Օմբուդսմեն Արմեն Հարությունյանի երկար սպասված ասուլիսին էի գնացել, որովհետեւ նրա հետ հանդիպելու եւ նրան մեզ հետաքրքրող հարցերն ուղղելու հնարավորությունները սահմանափակ են: Պետք է որոշակի ընթացակարգ անցնենք, նախապես գրանցվենք ՄԻՊ-ի մամլո խոսնակի մոտ, անընդհատ զանգահարենք ու հիշեցնենք: Եթե Արմեն Հարությունյանն ազատ ժամանակ ունենա ու բարեհաճի պատասխանել, մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները կստանանք, եթե ոչ՝ այդպես էլ կմնանք սպասելով: Ուրբաթ պարզվեց, որ միայն լրագրողների համար չէ Արմեն Հարությունյանը «դժվար հասանելի», թեեւ ի պաշտոնե հակառակը պետք է լիներ:



3 քաղաքացի էին եկել ՄԻՊ գրասենյակ՝ իրենց խնդիրները մարդու իրավունքների պաշտպանին ներկայացնելու, բայց անվտանգության աշխատողները նրանց չէին թողնում միջանցքից առաջանալ: Քաղաքացիները դժգոհում էին, թե՝ ամեն անգամ ՄԻՊ-ը խոստանում ու այդպես էլ չի ընդունում իրենց: Դժվար է ասել՝ գրասենյակում լրագրողների առատությունը, թե քաղաքացիների նկատմամբ խղճահարությունը ստիպեց գրասենյակի աշխատակցուհիներից մեկին նրանց սենյակ հրավիրել:



ՆԱԽ ԽՈՍԵՑ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ



Ասուլիսում Արմեն Հարությունյանն ասաց, որ վերջին 9 ամիսներին ՄԻՊ գրասենյակ է դիմել 3 հազար 140 քաղաքացի: 256-ի խախտված իրավունքները վերականգնվել են: Արմեն Հարությունյանը ներկայացրեց իր ղեկավարած գրասենյակի աշխատանքի արդյունքներն ու ասաց, որ դիմածների մոտ կեսի խնդիրները օմբուդսմենի մանդատի հետ կապ չեն ունեցել: Չմոռացավ նաեւ դրվատել ինքն իրեն՝ ասելով. «Սա մոտավորապես տեղավորվում է այն տոկոսի մեջ, որը, որպես կանոն, օմբուդսմենների միջազգային պրակտիկայում վերականգնվում է»:



Ըստ անձանց քանակի, քաղաքացիներն առավել հաճախ բողոքել են Երեւանի քաղաքապետարանից, գյուղապետարաններից, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, իսկ ըստ դիմումների քանակի՝ պատվավոր հորիզոնականն զբաղեցնում է ոստիկանությունը, 2-րդ եւ 3-րդ տեղերը կիսում են դատարաններն ու սոցիալական հարցերի նախարարությունը, 4-րդում կրկին Երեւանի քաղաքապետարանն է: Վատագույն հնգյակը եզրափակում է ՊՆ-ն: Այս տարվա ինն ամիսների ընթացքում բանակից ՄԻՊ գրասենյակը ստացել է 39 բողոք 40 անձանցից:



ԼԱՎ ՕՐԵՆՔ ՈՒՆԵՆԱԼԸ ԵՐԲԵՔ ՈՒՇ ՉԷ



«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի լրամշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն իր առաջին նիստը կգումարի հոկտեմբերի 11-ին: Այս մասին ուրբաթ ավետեց օմբուդսմենը, որը գլխավորում է այդ խումբը: 10 հոգանոց աշխատանքային խմբի անդամներից 4-ը հասարակական սեկտորից են՝ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Ինտերնյուսի» գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի» նախագահ Արզուման Հարությունյանը եւ «ԱրմենՏել» ՓԲԸ իրավաբանական բաժնի տնօրեն Դավիթ Սանդուխչյանը: Մյուս 4-ը՝ ոլորտը ներկայացնող կառույցներից,  եւս մեկը՝ Հանրային խորհրդից, եւ խմբի ղեկավարը՝ օմբուդսմենը:



Հիշեցնենք, որ լրագրողական ՀԿ-ների մի մասը հրաժարվեց մասնակցել խմբի աշխատանքներին՝ ի սկզբանե կանխատեսելով դրա անարդյունավետությունը: Արմեն Հարությունյանն այստեղ տարօրինակ բան չի տեսնում. «Բազմակարծություն է»,-ասում է ու հավելում, որ մյուս մասն էլ համագործակցում է, երրորդներն աշխատանքներին չեն մասնակցում, բայց տեսակետ կհայտնեն: Ինչ վերաբերում է խմբի աշխատանքներին, ապա զրոյից չեն սկսելու: ՄԻՊ-ի խոսքով՝ բոլորը գիտեն, թե օրենքում ինչն է ընդունելի, ինչը՝ ոչ, ուստի պետք է բոլոր մոտեցումները դնել սեղանին եւ կոնսենսուսի գալ: Ո՞րն է գործող օրենքի ամենամեծ թերությունը՝ ըստ նրա: «Սխալ հարց եք տալիս, օրենքը ավելի մեծ կամ ավելի փոքր բաց չի կարող ունենալ:



Խնդիրն այս է՝ օրենքն իր ամբողջականությամբ կարողանո՞ւմ է հարցի լուծման համար մեխանիզմներ ապահովել, թե՞ ոչ: Իհարկե կարողանում է, բայց մենք կարծում ենք, որ այդ մեխանիզմները որքան ավելի կոնկրետ ձեւավորված լինեն, այնքան կնվազեցնեն կամային մեկնաբանությունների հնարավորությունները»,-խուսանավեց օմբուդսմենը: Հիշեցնենք, որ, շատերի կարծիքով, օրենքը բազմակարծություն եւ ԶԼՄ-ների ազատություն չի ապահովում, մինչդեռ հենց գործող օրենքով է իրականացվելու կապուղիների մրցույթը:



ԵԹԵ «ԲԱՆԳԼԱԴԵՇ» ԿԱՄ «3-ՐԴ ՄԱՍԻՎ» ՈՒՂԱՐԿԵԻՆ, ԽԱԽՏՈՒՄ ԿՀԱՄԱՐԵՐ



Արմեն Հարությունյանը ասուլիսին խոսեց նաեւ «Հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» նոր օրինագծից, որը ՄԻՊ գրասենյակն է մշակել: Տեղեկացրեց, որ այն արդեն պատրաստ է, 2 շաբաթ առաջ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գրասենյակին: Հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովի 2 փորձագետ Հայաստան կգան: Նրանց վերջնական փորձագիտական կարծիքը լսելուց հետո նախագիծն ԱԺ կուղարկվի: Հետաքրքրվեցինք, թե ինչ գնահատական է տալիս օմբուդսմենը ՀԱԿ հանրահավաքներն Ազատության հրապարակում անցկացնելու դիմումները պարբերաբար մերժող Երեւանի քաղաքապետարանի որոշումներին:



Պարզվում է, որ ընդդիմության իրավունքները որեւէ կերպ չեն խախտվում: «Եթե նրանց մերժեին եւ ասեին՝ գնացեք Բանգլադեշ, գնացեք 3-րդ մասիվի զանգվածում հանրահավաք արեք, ես կհամարեի, որ դա իրոք խախտում է, որովհետեւ համաչափ տեղ չէ առաջարկված»,-քաղաքապետարանի որոշումների իրավաչափ լինել-չլինելու հարցին պատասխանեց Արմեն Հարությունյանը: Այնուհետ պարզաբանեց. «Եվրոպական կոնվենցիայով եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպով հետեւյալն է ասվում՝ երկիրը, իշխանությունները կարող են մերժել ընդդիմությանը, եթե ինչ-որ պատճառներ կան, բայց պարտադիր պետք է հանրահավաքը լինի ոչ հեռու՝ մոտավորապես նույն տեղում, իսկ Մատենադարանը շատ մոտ է Ազատության հրապարակին»։



«Ձեր նշած անձնավորությունն իրականում արել է քաղաքական հայտարարություն, բայց այնքան պարզունակ եւ տարրական տրամաբանություն չպարունակող, որ դրան չարժե անդրադառնալ»,-Արմեն Հարությունյանի հիմնավորումը  Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն այսպես մեկնաբանեց: Ի դեպ, մեր՝ «արդյո՞ք քաղաքական միտում չեք տեսնում քաղաքապետարանի որոշումներում» հարցին օմբուդսմենը պատասխանել էր, որ ինքը քաղաքական տեսանկյունից մեկնաբանություններ չի տալիս, եւ ժամանակն է, որ մենք դա իմանանք, բայց «Հրապարակի» համար մի բացառություն կանի ու կմեկնաբանի. «Քաղաքական տեսանկյունից այն, ինչ կարելի է անել եւ ռեզոնանս ստանալ Ազատության հրապարակում, նույնը կարելի է անել նաեւ Մատենադարանում։ Դրանք համաչափ տեղեր են»։



ԲԱՆԱԿԸ ԲԱՑ Է, ԲԱՅՑ ԴԱ ՄԽԻԹԱՐԱԿԱՆ ՉԷ



«Իհարկե, դա մտահոգող է եւ մեզ համար մխիթարական չի կարող լինել, որ մեր բանակը ավելի բաց է»,-բանակում տեղի ունեցող սարսափելի դեպքերի վերաբերյալ ասաց օմբուդսմենը՝ հավելելով, որ, իր վրաստանցի կոլեգայի խոսքով Վրաստանում նման դեպքերն ավելի շատ են ու չեն բարձրաձայնվում: Նա հարցին «գլոբալ» է նայում, որովհետեւ   «բանակը մեր հասարակության կոնցենտրացված հայելին է. ինչ հասարակությունում կա` դրական-բացասական, նույնն էլ բանակում է»:



Մի քանի օր առաջ Արմեն Հարությունյանը հանդիպել է Սեյրան Օհանյանին ու համոզվել, որ «շահագրգիռ աշխատում են այդ ուղղությամբ»: ՄԻՊ գրասենյակը բանակի խնդիրները հոգեբանական տեսանկյունից է  ուսումնասիրում եւ արդյունքները պիտի ներկայացնի ՊՆ-ին:  Անձամբ օմբուդսմենը վերջին մի քանի ամիսներին զորամասեր չի այցելել՝ ծանոթանալու մարդու իրավունքների վիճակին, բայց գրասենյակի աշխատակիցները, ըստ նրա,  պարբերաբար այցելում են:



ՄԻՊ-Ը ԲՈՅԿՈՏՈՒՄ Է



Դե յուրե գոյություն ունեցող պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտն ըստ էության, դե ֆակտո չի գործում: Ընթացակարգն այն աստիճան է բարդացել, որ գրեթե չեզոքացնում է դրանից օգտվելու հնարավորությունները: Փոխարենը բանտերն այնքան  գերծանրաբեռնված են, որ մի խցում մինչեւ 12 կալանավոր է պահվում: Վերջերս Հայաստան այցելած ՄԱԿ-ի ՄԻ խորհրդի կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խումբը, ի թիվս այլ խախտումների, այս մասին էլ էր ահազանգել: ՄԻՊ-ն էլ իր զեկույցներում խնդիրը հիշում է, բայց սայլը տեղից չի շարժվում:



Բացի դեկլարատիվ բնույթի հայտարարություններից, ի՞նչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում: Արմեն Հարությունյանն ասաց, որ պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովի աշխատանքներին, ի նշան բողոքի, արդեն 8 ամիս է՝ չեն մասնակցում: Թե գործնականում ինչ կտա ՄԻՊ-ի  բոյկոտը՝ դժվար է ասել, բայց փաստն այն է, որ  խնդիրը հրատապ լուծում է պահանջում: