Կարգապահական կանոնագիրքը կփրկի՞

Կարգապահական կանոնագիրքը կփրկի՞
«Բանակում տեղի ունեցող բացասական երեւույթները կանխելու նպատակով անհրաժեշտ է լուծել առկա կրթական-դաստիարակչական խնդիրները, եւ կարծում եմ, մենք մոտ ապագայում ձեռնամուխ կլինենք այդ աշխատանքներին»,-ուրբաթ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի փակ նիստից հետո հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը:



Մեր հարցին, թե այդ խնդիրը լուծելու համար հատկապես ի՞նչ քայլեր պիտի արվեն եւ արդյո՞ք միայն կատարված հանցագործությունները բացահայտելու եւ մեղավորներին պատժելու համար էր այս նախաձեռնությունը, թե՞ օրենսդրական փոփոխության կամ միգուցե նոր օրենքի մշակման անհրաժեշտություն կա, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Հանձնաժողովը ՊՆ-ի հետ համատեղ նախաձեռնել է կարգապահական կանոնագրքի ընդունման հարցը, որը գտնվում է փորձագիտության փուլում եւ շուտով կընդունվի եւ կգործի:



Այսինքն՝ հստակ կլինի, թե օրենքով սահմանված ինչպիսի լիազորություններ ու պարտականություններ են դրվում հրամանատարների առջեւ եւ ինչ իրավունքներ ունեն զինծառայողները: Եվ օրենքով էլ պիտի պատժվեն բոլորը»: Ստացվում է, որ մինչ օրս իրենց պարտականությունները չգիտեն եւ բոլորն էլ չեն պատժվում հանցանքի համար: