Բանակի մասին կամ լավ, կամ` ոչինչ

Բանակի մասին կամ լավ, կամ` ոչինչ
ԼՂ Մարտակերտի շրջանի «Եղնիկներ» զորամասի հրամանատար Սասուն Գալստյանի վայրագությունները բացահայտվելուց առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ տեսանյութը կեղծ է եւ ադրբեջանական քարոզչամեքենայի արգասիք է: Անգամ երբ այդ կարծիքը հերքվեց եւ պարզվեց, որ տեսանյութն իրական է, հետո էլ հայտարարեց, որ տեսանյութի հեղինակն ու տարածողները հայտնաբերվելու են եւ պատժվեն: Ուրբաթ ՀՀ ՊՆ քննչական վարչության պետ Արմեն Հարությունյանին մեր թղթակիցը հարցրել է, թե արդյո՞ք հանցագործությունը բացահայտող անձը խրախուսվելու փոխարեն ենթակա է պատժի, եւ գործի նախաքննությամբ «Youtube»-ում տեղադրված տեսանյութի տեսանկարահանողներն անցնո՞ւմ են, թե՞ ոչ:



«Նախաքննության ընթացքում եթե նման բան բացահայտվի, որ տարածողը նպատակ ունի ինչ-որ կերպ վնաս պատճառել հասարակական շահերին, ծառայության շահերին եւ այլն, այդ դեպքում եթե նրա գործողություններում հանցակազմ պարունակվի, իհարկե քրեական պատասխանատվության կենթարկվի»: Սա նշանակում է, որ ՊՆ-ն արդեն որոշակի միտում ունի այդ անձի գործողությունների մեջ հանցակազմ տեսնելու եւ պատժելու: Իսկ պատժելու իմաստն այն է, որ այսուհետ ոչ ոք չհամարձակվի նման տեսանկարահանումներ անել եւ բանակի իրական դեմքը ցուցադրել: