Հետ վերադարձրեք որդուս

Հետ վերադարձրեք որդուս
Շուտով կլրանա Շիրակի մարզի Բասեն գյուղի բնակիչ Ռուզաննա Բարսեղյանի որդու մահվան մեկ տարին: Որդին` Արմենակ Հովսեփյանը, ծառայել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հորաթաղի զորամասում: Դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովը եզրակացրել է. «Հիվանդությունն իր կլինիկական եւ մորֆոլոգիական պատկերով բնորոշ է H1N1 գրիպի արագընթաց ձեւին»: Այսինքն, թռչնի գրիպից է մահացել:



«Ինչ թռչնի գրիպ, ինչ բան, երեխուս ծեծել-սպանել են, հմի էլ տակից դուրս գալու համար հեքիաթներ են հորինում: Իմ տղան փոքր հասակում ձեռքը կոտրել է, ու անընդհատ արմունկը թարախակալվում էր, ու էդ պատճառով տղուս 3 անգամ հետ են քցել բանակից, բայց որի համար Ախուրյանի զինկոմը ինձանից 100 դոլար փող ուզեց, ու ասեցին, որ եթե 400 դոլար էլ տամ, որդուս զինվորական գրքույկը կտան:  Եկավ-հասավ վերջնական կամիսիան, ասեցին՝ ձեր տղան շատ առողջ է, բանակ պիտի տանենք: Բայց ես գիտեմ, չէ՞, որ տղաս էդ ձեռքով չի կարող ծառայել: Տղաս ծառայության 9 ամսում 153 օր գտնվել է Ալաշանի հոսպիտալում, միշտ ունեցել է բարձր ջերմություն, ձեռքը չի կարողացել շարժել: Հենց էնտեղ էլ տղայիս ծեծել են, թե չես ուզում ծառայես, դրա համար էլ գալիս ես ստեղ»,- պատմում է Ռուզաննա Բարսեղյանը:



Տիկին Ռուզաննան ասում է, որ ամուսինը երկրորդ կարգի հաշմանդամ է, որդին` Արմենակը, իրենց խնամակալն է եղել. մինչեւ փոքր որդին` Անդրանիկը, բանակից չվերադառնար, Արմենակին չէին տանելու: Սակայն երկու որդիները միասին են ծառայել: Անդրանիկը պատմել է մորը, թե ինչպես են Ալաշանի հոսպիտալում «նեղել» եղբորը, վերջինս անընդհատ խնդրել է, որ իրեն էդ հոսպիտալ չտանեն:



Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Արմենակ Հովսեփյանի մահը վրա է հասել գլխուղեղի կարեւորագույն կենսական ֆունկցիաների սուր խանգարումից:



Հիմա տիկին Ռուզաննան պահանջում է արտաշիրմում անել՝ հանել դիակը եւ դատաբժշկական զննություն անցկացնել,  բայց ոչ նույն բժշկական կազմով, «որովհետեւ հաստատ գիտեմ՝ ստեղի բժիշկները մեկը մեկին չեն քցի: Հիմա իմ տղան գրիպի՞ց է մահացել, թե՞ գլխին հասած հարվածներից: Մինչեւ իրական պատճառը չբացահայտվի, մեղավորները չպատժվեն, չեմ հանգստանա: Ախ, գոնե թուրքի գնդակից մեռներ, ես հպարտ կլինեի, բայց երեխուս ծեծեն-սպանե՞ն:  Ես ձեզ տվել եմ ողջ-առողջ երեխա, համենայնդեպս, բանակ տանում են առողջներին, ուրեմն հետ վերադարձրեք իմ տղային: Թեկուզ տղայիս մահվանից 10 տարի անցնի, ես քանի սաղ եմ, պիտի բողոքեմ: Ինչի՞ իմ տղային ուրիշի հարուստ տղայի փոխարեն տարաք, ձեզ քանա՞կ էր պետք»,-ասում է որդեկորույս մայրը:



Տիկին Ռուզաննան մի քանի անգամ դիմել է Սեյրան Օհանյանին, բայց որեւէ բացատրություն այդպես էլ չի ստացել: «Կա բժշկական եզրակացություն»,- ասել են տիկնոջը: Որդեկորույս մայրը պատրաստվում է ընդհուպ Եվրադատարան դիմել:



Անժելա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ