Բարձրագույն կրթության վարկի տնօրինուհին

Բարձրագույն կրթության վարկի տնօրինուհին
Այս տարի մի շարք բուհերում ռեկտորների ընտրություններ են տեղի ունենալու: Եթե որոշ բուհերում նախկին ռեկտորները շանս ունեն վերընտրվելու, ապա մի քանիսում նրանց տարիքը լրացել է, եւ նոր մարդիկ կընտրվեն: Մեզ հասած տեղեկություններով, Ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվելու է կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը, որը, չնայած հանրապետական է եւ 10 տարուց ավելի զբաղեցնում է այդ պաշտոնը, սակայն այդպես էլ ԿԳՆ-ում գործուն դերակատարություն չունեցավ:



Ասում են՝ պատճառն այն է, որ նա հին՝ անդրանիկմարգարյանական ՀՀԿ-ականներից է, որոնց նոր ՀՀԿ-ականները չեն սիրում: Նրա՝ ռեկտոր նշանակվելուց հետո բարձրագույն կրթության ոլորտը կղեկավարի նորանշանակ փոխնախարար Կարինե Հարությունյանը, որը թեեւ հանրակրթության մասնագետ է, սակայն վարկային միջոցների մեծ սիրահար: Նա երկար ժամանակ աշխատել է ԿԳՆ ԾԻԳ-ում, որը Համաշխարհային բանկի վարկերն է տնօրինել: Իսկ ոլորտը փոխելու իմաստն այն է, որ այս տարվանից մեր պետությունը բարձրագույն կրթությանն ուղղված մեծ վարկ է ստանալու ՀԲ-ից: Ի դեպ, ըստ մեզ հասած տեղեկությունների, Կ. Հարությունյանի՝ ԾԻԳ-ից դուրս գալու պատճառը ՀԲ դժգոհություններն են եղել նրա աշխատանքից եւ վարկային միջոցների սխալ օգտագործումից: