Ավտոերթը փորձեցին խոչընդոտել, բայց այն կայացավ

Ավտոերթը փորձեցին խոչընդոտել, բայց այն կայացավ
Վրացական պետհամարանիշներով մեքենաների մաքսազերծման հետ կապված բողոքը գնալով թեժանում է։ Երեկ, խոստացվածի պես, Վանաձորում կայացել է հերթական բողոքի ցույցը, որին ներկա են եղել «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները։



Ցույցի հենց սկզբում, երբ վարորդները հավաքվում էին Վանաձորի Շառլ Ազնավուր հրապարակում, մեծ թվով ոստիկաններ կային, ներկա էր նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը։  «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության դրոշը ձեռքին, կանգնած էր փողոցում, վարորդների կողքին, որին ոստիկաններն ամեն կերպ համոզում էին հեռանալ ճանապարհի մեջտեղից, ինչը, սակայն, պատգամավորն այդպես էլ չարեց։ Ինչպես նախորդ ցույցի ժամանակ, այնպես էլ երեկ ոստիկանները մոտենում էին վարորդներին եւ համոզում, որ լքեն տարածքը, պատճառաբանելով, թե խոչընդոտում են երթեւեկությանը։



Իսկ ճանապարհային ոստիկանության պետ Մերուժան Կարապետյանն իրենց պահանջը բացատրում էր փողոցների անանցանելիության եւ վթարաստեղծ իրավիճակով։ Ի տարբերություն օրեր առաջ անցկացված բողոքի ցույցի, երեկ վանաձորցի վարորդները պակասել էին: Նրանք պատմեցին, որ իրենց զգուշացրել են ցույցին չմասնակցել։ Մոտ մեկ ժամ անց մեքենաները հեռացրել էին տարածքից, մնացել էին միայն վարորդները։ Քիչ անց ժամանեցին Զարուհի Փոստանջյանը եւ Ստեփան Սաֆարյանը, որոնց ուղեկցությամբ էլ վարորդներն ուղեւորվեցին Հայքի հրապարակ,  սակայն՝ առանց մեքենաների։ Ոստիկանությունը փորձում էր դրան էլ խոչընդոտել։ Հայքի հրապարակում ԱԺ պատգամավորները խոսեցին նոր օրենքի թերություններից, կառավարության անտարբեր վերաբերմունքից, նաեւ հնչեցին բազմաթիվ կոչեր։



Ժողովրդին խանգարելու համար Հայքի հրապարակ էին բերել ձյունահավաք տեխնիկա, որը քիչ էր մնում՝ մարդկանց վրայով անցներ, ինչը եւս կազմակերպված էր։ Վանաձորում կայանալիք ցույցին պետք է մասնակցեին նաեւ գյումրեցի վարորդները, սակայն հեռախոսով ներկաները տեղեկացան, որ Վանաձոր-Գյումրի ճանապարհին, Ջաջուռ գյուղում ոստիկանները փակել են մայրուղին եւ վարորդներին արգելում են հասնել Վանաձոր։ Վանաձորում ԱԺ պատգամավորները Լոռու փոխմարզպետին հանձնեցին պահանջագիր եւ ուղեւորվեցին գյումրեցի վարորդներին ընդառաջ։  Ջաջուռում հավաքված էր մոտ 40 մեքենա, որոնք 4 ժամից ավելի կանգնած էին ճանապարհին եւ չէին կարողանում հասնել Վանաձոր։



Մեզ հետ զրույցում «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը պատմեց. «Ջաջուռի մոտ, Գյումրիից 13 կմ հեռավորության վրա Ախուրյանի ճանապարհային ոստիկանությունը՝ մոտ 25 ոստիկանով ու 10 մեքենաներով, փակել էր ավտոմեքենաների երթը դեպի Վանաձոր»։ Բարսեղյանը նշեց նաեւ, որ սկզբում ճանապարհը փակ է եղել բոլոր մեքենաների համար, հետո սկսել են բացել, բայց ոչ վրացական պետհամարանիշներով մեքենաների համար, իսկ իրենց արարքը պատճառաբանել են ճանապարհների անանցանելիությամբ, սակայն Վանաձորից Գյումրի ճանապարհը բաց է եղել։



ԱԺ պատգամավորներն արդեն գյումրեցիների հետ որոշեցին կայացնել իրենց չիրականացված ցույցը եւ Գյումրիից մոտ 40 մեքենաներով շարժվեցին կրկին Վանաձոր։ Վանաձորի շեմին, ճանապարհի մեջտեղում կանգնեցված էր հզոր՝ «գրեյդեր» տեսակի տեխնիկա, որն ամբողջովին փակել էր միջպետական ճանապարհն ու առաջացրել մեծ խցանում։ Այստեղ եւս հավաքված էին ինչպես ճանապարհային ոստիկանները, այնպես էլ իրավապահ մարմինները՝ իրենց վերադասներով ու բաժինների ղեկավարներով: Մոտ կես ժամ պատգամավորները բանակցում էին մարզի ոստիկանապետի հետ, պահանջելով թույլ տալ շարունակել ճանապարհը, իսկ ոստիկանապետն արգելում էր։ Տեսնելով, որ իրենց ձեռնարկած շոուն իրենց է վնասում, վերջապես ազատեցին ճանապարհը «խափանված» տեխնիկայից, որը հրամանն ստանալուց անմիջապես հետո «աշխատեց»։ Անուբախ Համբարյանին դիմելով՝ Զարուհի Փոստանջյանն առաջարկեց. «Գնացեք ու Ձեր պարտականությունները կատարեք»: Ի վերջո վարորդներն ավտոերթ արեցին։ Ավտոերթի ավարտին Արցախ պուրակում կայացավ հանրահավաք, որի ժամանակ ելույթ ունեցան ներկա պատգամավորները։