Միակ թեկնածուն վարչապետի մտերի՞մն է

Միակ թեկնածուն վարչապետի մտերի՞մն է
Այս գարունը թեժ է լինելու մի շարք բուհերի համար, քանի որ փետրվարից մեկնարկելու են բուհերի ռեկտորների ընտրությունները: Այն խաղաղ կանցնի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, քանի որ միակ թեկնածուն ներկայիս պաշտոնակատար Ռուբեն Միրզախանյանն է:



Ռեկտորի ընտրությունն այստեղ տեղի է ունենալու փետրվարի 24-ին, նախօրեին ավարտվել է դիմումների ընդունման վերջնաժամկետը, եւ միակ թեկնածուն է ժամանակավոր պաշտոնակատարը: Հիշեցնենք, որ Միրզախանյանը բուհի կուլտուրայի ֆակուլտետի դեկանն էր, եւ Արտյուշա  Ղուկասյանի հեռանալուց հետո ժամանակավոր ռեկտոր նշանակվեց: Այն ժամանակ ռեկտորի պաշտոնի այլ հավակնորդներ էլ կային, այժմ չկան: Բացատրությունը մեկն է՝ բոլորը համոզված են, որ ընտրվողը ռամկավար Միրզախանյանն է լինելու:



Թեման էլ իր՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո փակված է, քանի որ իր կուսակցության հանդեպ դեռ էն գլխից մեծ սեր էր տածում վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչն արտահայտվեց 2009 թվականին, երբ  կուսակցությունը պառակտեց ու իր «կրիշի» տակ առավ կարկառուն ռամկավարներին՝ ստեղծելով նոր կուսակցություն: Բնականաբար, մանկավարժականի հնաբնակ, ռամկավար Միրզախանյանն էլ պետք է նվաճեր ռեկտորի   թափուր պաշտոնը: Ավելին, վերջինիս նշանակվելուց մի քանի ամիս անց այս բուհի ղեկին հայտնվեց վարչապետը՝ դեկտեմբերին ընտրվեց մեծ խորհրդի նախագահ: Միրզախանյանը, սակայն, վարչապետի տանիքով չսահմանափակվեց, նա այս մի քանի ամսում ակտիվություն մտցրեց բուհում՝ կոլեգաների վստահությունը շահելու համար:



Որպեսզի հետո իր լեգիտիմությանը կասկածող չլիներ: Եվ ռեկտորացուն սկսեց ամենախոցելի տեղից՝ աշխատավարձ բարձրացրեց ու կոռուպցիայի դեմ պայքարի  ժողովներ գումարեց, այսպիսով երեւի փորձելով կոտրել բնութագրականները, թե մանկավարժականն ամենակոռումպացվածներից է: Կարճ ասած՝ տեխնիկական, սոցիալական ու գիտական իրարանցում  է սկսվել բուհում: Ավելին՝  Միրզախանյանը վստահ է, որ իր ղեկավարման տարիներին կբարձրանա հեղինակազրկված բուհի վարկանիշը: Ամեն դեպքում, իր՝ միակը լինելու վերաբերյալ մեկնաբանություն լսեցինք նաեւ Միրզախանյանից:



- Ինչպե՞ս եք մեկնաբանում այլ թեկնածուների բացակայությունը:



- Հարցը ճիշտ կլիներ ուղղել նրանց, ովքեր նման հավակնություններ ունեին: Ես շարունակում եմ աշխատել այնպես, ինչպես սկսել եմ: Քավ լիցի, եթե այլ ձեռնարկումներ, որոնք հաջողվել են՝ իրականանան, թող ինչպես ուզում են մտածեն, կարեւորը՝ իրականանա այն, ինչ սկսվել է: Չորս ամիս առաջ մենք ունեինք մեկ դասախոս ակադեմիկոս, էսօր ունենք՝ հինգ, Գիտությունների ակադեմիայի երկու թղթակից անդամներ:



- Մոտ երկու ամիս առաջ վարչապետին ընտրեցիք բուհի խորհրդի նախագահ, կոմերցիոն նպատա՞կ էր հետապնդում:



- Վարչապետի ընտրությունը իմաստային տեսակետից շատ դրական եմ համարում, դա ուշադրության դրսեւորում է, շատ-շատ կարեւոր է: Այնուամենայնիվ, նախորդ կառավարությունները, ըստ իս, նույն ուշադրությունը չէին դարձնում մանկավարժականին, տարբեր պատճառներով, որը պետք է լիներ: Ի վերջո՝ Մանկավարժական համալսարանը  պայմանավորված է մեր դպրոցի ապագայով, ինչը մեր ապագան է: Նաեւ այն պատճառով, որ բուհն էլիտար չէր համարվում: Վարչապետի՝ խորհրդի  նախագահ լինելու հանգամանքը, ես համոզված եմ, նպաստելու է կրթական գործընթացի կատարելագործմանը եւ մանկավարժականի հնարավորությունների նշանակության բարձրացմանը: