Սումգայիթյան ցասո՞ւմն էր պատել ոստիկաններին

Սումգայիթյան ցասո՞ւմն էր պատել ոստիկաններին
Մինչ բազմաթիվ կազմակերպություններ սումգայիթյան ոճրագործության տարելիցի կապակցությամբ միջոցառումներ էին անում եւ հիշատակում լրատվամիջոցներով, երեկ կեսօրին տեղեկատվություն տարածվեց, թե քաղաքապետարանի մոտ ցուցարարներին են ջարդում, եւ բանը հասել է պատգամավորներին:



Երբ տեղ հասանք, «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանն ու Արմեն Մարտիրոսյանը ցուցարարների հետ վրդովված քննարկում էին տեղի ունեցածն ու պատրաստվում լքել Կարեն Կարապետյանի անձեռնմխելի տարածքը: Քաղաքացիների բողոքի ձայնն ուղղված էր իշխանությունների՝ իրենց սովի ենթարկելու ծրագրի դեմ: Իշխանության պահապաններն այս անգամ փրփրած հարձակվել էին բացօթյա առեւտրականների  վրա, որոնք «Ժառանգության» պատգամավորների հետ եկել էին քաղաքապետարանի մոտ՝ ստանալու այն նամակի պատասխանը, որը տեւական ժամանակ է, ինչ  պատգամավորներն ուղարկել են եւ արձագանքի չեն արժանացել:



Մինչ Զարուհի Փոստանջյանն ու Ստեփան Սաֆարյանը գնացել էին պատասխանի ետեւից, մի խումբ հրոսակներ հարձակվել էին քաղաքապետարանի մոտակայքում հավաքված քաղաքացիների վրա, որոնք համարձակվել էին վանկարկել՝ «մեզ սովի մի մատնեք»: Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ նրանք նույնիսկ քաղաքապետարանի դիմաց կանգնած չեն եղել, այլ «անկյունում»: Սակայն նրանց տեսնելուն պես քաղաքապետարանից ինչ-որ մարդիկ են դուրս նետվել ու գոռգոռացել. «Մաքրեք հրապարակը լրբերից, տարեք սրանց այստեղից»: Սաֆարյանն ասաց. «Նման անվայելուչ, լկտի կոչեր, որից հետո փոխգնդապետ Ավետիսյան կոչեցյալը հրահանգ տվեց բոլորին հրել, ու փողոցում հրմշտոցներով, արմունկներով հարվածում էին կանանց»: Բորբոքված քաղաքացիները, միմյանց հերթ չտալով, ընդհատեցին Սաֆարյանին. «Գցել էին գետին, ասում էին՝ մի քանի հատ լիրբ են, հավաքեք-տարեք ստեղից: Հենց ապացույց՝ տեսեք Ստեփան Սաֆարյանի շալվարը կեղտոտ, փոշոտ: Ոչ մեկիս չէին լսում, հրմշտում էին: Մի տարեց կնոջ հազիվ փրկեցինք դրանց ճանկերից»:



Իսկ Սաֆարյանը պնդեց, որ «իրենք բոլորը պառկած են եղել գետնին»: Մեկն էլ ավելացրեց. «Գետնին էին գցել Սաֆարյանին, ես էլ փորձեցի ոտքի կանգնեցնել, բայց ինձ էլ գցեցին»: Քաշքշել են Զարուհի Փոստանջյանին, ապա ոտքի տակ տվել  ազգությամբ եզդի 60-ամյա Խանում Ավդալյանին: Վերջինս վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. լուրեր տարածվեցին, թե կնոջ ոտքը ճաքել է: Նրան հիվանդանոց էր տեղափոխել Փոստանջյանը: Այս վայրագությունից հետո դեպքի վայր են եկել պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւ ուրիշ պատգամավորներ: Մեր հարցին, թե բռնություններ եղե՞լ են Ստեփան Սաֆարյանի հանդեպ, պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, ես իրենց, ի դեպ, զգուշացրեցի, որ ես անձեռնմխելի անձնավորություն եմ, եւ ինքն իրավունք չունի մատով կպնի ինձ»: Սակայն  իշխանության պահապանների համար միեւնույն է եղել պատգամավորի զգուշացումը: Իրենք  որոշել են անթերի իրականացնել գործազուրկ խավին ցրելու հրահանգը: Մինչ նրանք բորբոքված ու վիրավորված պատմում էին իրենց հետ տեղի ունեցածը, մենք մոտեցանք ոստիկաններին՝ մեկնաբանություններ ստանալու:



Մի խումբ ոստիկաններ ասացին, որ մեկ ժամ  ներկա են գտնվել, բայց ոչինչ չեն տեսել: Մեզ հետ զրուցեց ոստիկանության լեյտենանտ Աղաջանյանը. «Մենք էլ ենք նոր մոտեցել, բայց ծեծկռտուք չի եղել: Հարձակում տեղի չի ունեցել, ծեծողներ էլ չեն եղել: Մոտավորապես մի ժամ ստեղ ենք, չենք տեսել»: Ստացվում է, որ ստո՞ւմ են ցուցարարներն ու պատգամավորը, ոստիկանը պատասխանեց՝ «այո»: Հենց «այո»-ի պահին մի  տարեց կին, թոռան ձեռքը բռնած՝ մոտեցավ ու բարձր ասաց. «Սուտ են ասում՝ ծեծում էին ժողովրդին, դաժե երեխու պարապմունքի շյուղն են գողացել իմ սումկից: Ասեցին՝ երեխին ո՞ւր ես տանում, ասեցի՝ տանում եմ պարապմունքի՝ «Փյունիկ»: Բայց իրանք հարձակվեցին իմ վրա, թե՝ խոտը մի տրորի, ես էլ ասեցի՝ աչքներդ էլ կհանեմ»: Չնայած մարդկանց պնդումներին, դեպքին ականատես ոստիկանը մինչեւ վերջ պնդեց, որ «ոչինչ չի տեսել»: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ էին հատկապես երեկ այդպես գազազել ոստիկանները, գուցե սումգայիթյան ոճրագործության տարելիցի հետ կապված ցասո՞ւմն էր դեր խաղացել, կամ գարնան շեմին Կարապետյանին շրջապատած գազոնի անվտանգությանն սպառնացող վտանգը: