Ամենից բարձր արժեքը ազատությունն է

Ամենից բարձր արժեքը ազատությունն է
Մամուլի մասին բոլոր խոսակցությունների ու քննարկումների առանցքում ի վերջո մի հարց է դրված՝ որքանով է այն ազատ, հանրությանն օգտակար եւ երկրի առաջընթացին ծառայող: Անշուշտ, քիչ չեն մարդիկ, որոնց առնչությունները մամուլի հետ բացասական նստվածք են թողել: Մանավանդ՝ եթե մամուլը քննադատել է ու պախարակել, բացահայտել նրանց իրական դեմքն ու ի ցույց դրել հանրությանը:



Չի բացառվում նաեւ, որ երբեմն դա հանիրավի է եղել ու չափազանցված: Իսկ ո՞վ է անսխալական: Բայց առողջ, գիտակից մարդը պետք է ոչ թե մասնավոր օրինակների հիման վրա եզրահանգումներ անի, այլ՝ ընդհանրական վերլուծության: Օգտակա՞ր է արդյոք մամուլն իր ամբողջության մեջ, նրա գոյությունը նպաստո՞ւմ է մեր հասարակության, պետության առաջ ծառացած խնդիրների լուծմանը:



Ահա այս հարցի պատասխանը պետք է տանք բոլորս: Ես դրա համար առաջարկում եմ մի պահ պատկերացնել, որ մամուլը չկա: Արդյո՞ք դրանից նվազելու են մեր խնդիրները, կյանքը հեշտանալու է, առաջընթացն արագանալու: Եթե մենք միակարծիք ենք, որ մամուլն անհրաժեշտ է, կարելի է խոսել հաջորդ հարցի մասին՝ իսկ ինչպիսի՞ մամուլ է մեզ անհրաժեշտ:



Արդյո՞ք լղոզած, կիսատոներով, վախվորած մամուլը կբավարարի մեզ ու կկատարի իր առաքելությունը: Արդյո՞ք գրաքննվող, դատական հեռանկարից ու պատժիչ հետեւանքներից զգուշավոր մամուլն ու լրագրողը կծառայեն հասարակությանը: Մամուլի դեմ ձեռնարկված դատավարությունների այս օրերին ինձ հաճախ են հարցնում՝ իսկ ինչ է, դու կողմ ես, որ լրագրողները զրպարտեն, վիրավորեն ու չպատժվե՞ն:



Ամեն ինչ սահման ունի՝ նաեւ խոսքի ազատությունը, ասում են սովետ երկիր տեսածները, չի կարելի հայհոյանքներով ու վիրավորական արտահայտություններով քննադատել: Համաձայն եմ, բայց եկեք այս խնդրին նայենք այլ տեսանկյունից: Հայաստանում բարոյական վնասի ինստիտուտ է մտցվում՝ բացառապես մամուլի հետ կապված: Աշխարհում վաղուց է գործում այդ ինստիտուտը. դրա իմաստն այն է, որ մարդուն պատճառված վնասը չափվի ոչ միայն նյութական, գույքային, առողջական վնասի գնահատման ձեւով, այլեւ բարոյական վնասի:



Ասենք, մարդուն բռնաբարելու համար հանցագործը մեզանում, բացի քրեական պատասխանատվությունից, որեւէ նյութական փոխհատուցում կարող է չվճարել, վճարածն էլ կչափվի բժշկի ու դեղերի վրա կատարված ծախսերին համարժեք, իսկ այ մամուլում գրված վիրավորանքն ու զրպարտանքը, որոնք անգամ հստակ ձեւակերպված էլ չեն, կարող են ձեր վրա նստել 3 միլիոն դրամ:



Ինչո՞ւ, ի՞նչ սկզբունքից ելնելով են նման մոտեցում որդեգրել: Ստացվում է, որ բռնաբարությունն ավելի մեղմ հանցանք է, քան վիրավորանքը: Ավելին՝ միայն հրապարակված վիրավորանքը: Դուք կարող եք հեռախոսով մարդուն վերջին հայհոյանքներն ասել (ինչպես Ռուբեն Հայրապետյանը «Հետքի» լրագրողին), եւ դրա համար այս հոդվածը կիրառելի չի լինի, քանի որ դրանք մամուլում չեն տպագրվել: Աբսուրդ:



Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այս խտրական մոտեցման հեղինակները, այդ թվում՝ գործող օմբուդսմենը, կարծում են, որ հրաշալի օրենք են կյանքի կոչել, եւ այստեղ խնդիրը միայն կիրառման մեջ է: Այ եթե դատավորները ճիշտ կիրառեն, այն շատ օգտակար կլինի մեր հասարակությանը:



Ոչ, հարգելիներս, մեր երկրի նման չկայացած երկրում, որտեղ մամուլն այն սակավաթիվ կայացած ինստիտուտներից է, որ երբեմն մյուս բոլոր ինստիտուտներին է փոխարինում: Մի երկրում, որտեղ լրատվամիջոցները բյուր խնդիրներ ունեն եւ հազիվ են գոյատեւում, նման հոդվածներ մտցնելը ոչ միայն վտանգավոր է, այլեւ անթույլատրելի ու անբարո: Եվ այն միմիայն ծառայելու է մամուլին զսպաշապիկ հագցնելուն, այլ ոչ թե հասարակության անդամների իրավունքները պաշտպանելուն:



Անգամ պրակտիկան է ցույց տալիս, որ ոչ մի անպաշտպան մարդ, ոչ մի շարքային քաղաքացի չի օգտվում ձեր նորամուծությունից: Դրանից օգտվում են օլիգարխները, պատգամավորները, Ռոբերտ Քոչարյանը եւ տարբեր մութ անձինք: Այսինքն՝ դուք հնարավորություն ստեղծեցիք, որ նրանց պաշտպանվածության աստիճանը բարձրանա մեր՝ լրագրողներիս՝ ազատ գրելու եւ հանրության տեղեկացված լինելու իրավունքի հաշվին: Ապա այս երկուսը փորձեք դնել նժարին՝ ո՞րն է ավելի կարեւոր. մի խումբ անձանց չքննադատվելու-չվիրավորվելու իրավո՞ւնքը, թե՞ բաց ու թափանցիկ հասարակություն, ազատ մամուլ ունենալու անհրաժեշտությունը:



Այլ կերպ ձեւակերպեմ ասելիքս. եթե մեր կողմից խոսքի ազատությունը չարաշահելու վնասները գնահատենք մեկ միավոր, ապա այս օրենսդրական փոփոխությունների արդյունքում մամուլի սահմանափակման հետեւանքով հանրությանը պատճառված վնասները կարելի է գնահատել 100 միավոր: Ո՞րն է ավելի նախընտրելի:



Այս իրավիճակում մեր վայ-օմբուդսմենը փորձում է ոչ թե իր եւ իշխանությունների սխալը շտկել, այլ նոր մարմիններ ստեղծել, հիմա էլ ինչ-որ դիտորդ մարմին է ուզում ստեղծել: Այսպես ասած՝ նոր դատարան կամ մամուլի նախարարություն, գլավլիտ, իր կողմից ընտրված մարդկանց մի խումբ, որը պետք է ստանձնի մամուլի դատավորի դերը: Նախապես ասեմ, որ ես կտրականապես դեմ եմ տարբեր էթիկայի, ինքնակարգավորման մարմիններին, հանձնաժողովներին ու ատյաններին: Նախ, որովհետեւ վստահ եմ, որ դրանք բոլորը կեղծ, սարքովի, ոչինչ չտվող կառույցներ են: Ապա այն պատճառով, որ վստահ եմ՝ որքան շատ են մամուլի մասին օրենքներն ու մարմինները, այնքան նեղ է ազատության դաշտը:



Դրանք բոլորն ուղղված են մեզ սահմանափակելուն: Ես չեմ կարող համաձայնել, որ ինչ-որ մարդիկ, անգամ շատ հարգելի, իրենց կրթության, գիտելիքների, հայացքների ու կոմպլեքսների պրիզմայով որոշումներ կայացնեն ինձ համար: Ես իմ, իմ թերթի, մեր թերթում աշխատող լրագրողների ազատությունը չափից դուրս բարձր եմ դասում, որ համաձայնեմ ենթարկվել ինչ-որ կասկածելի մարմնի: Մանավանդ նման մարմինները, որպես կանոն, ուղղված են կամ գրանտներ ստանալուն, կամ իշխանությունների հետ թաքուն համագործակցությանը, կամ էլ իրենց իսկ ինքնահաստատմանը:



Վերջապես՝ մի երկրում, որտեղ անգամ օրենքները չեն գործում, ինչ-որ մարմիններ՝ օրենքի ուժ չունեցող իրենց որոշումներով ի՞նչ դեր պետք է խաղան: Եվ մի բան էլ՝ հենց սկսում են խոսել էթիկայի նորմերի պահպանումից, հասկանալի է դառնում, որ խոսողը մամուլի ազատության թշնամին է: Որովհետեւ մամուլը բարեկիրթ օրիորդների պանսիոն չէ, այն պետք է միտք արտահայտի, գաղափարներ դնի շրջանառության մեջ, հատու եւ սուր խոսք ասի, քննադատի, երբեմն անգամ չափազանցնի, հեգնի ու ծաղրի: Իհարկե՝ վատն ու մերժելին: Այնտեղ, որտեղ էթիկայի ու բարեկրթության նորմերն են սկսում իշխել, ես խիստ կասկածում եմ, որ կա վերը թվարկվածը: