Սադրե՞լ են Եհովայի վկաներին

Սադրե՞լ են Եհովայի վկաներին
Անցած կիրակի Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցու հովվի եւ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության քարոզիչների միջեւ տեղի ունեցած միջադեպը լրատվամիջոցները, չգիտես ինչու, ներկայացրին միակողմանիորեն եւ անխնա մեղադրեցին «Եհովայի վկաներին»՝ խուլիգանական արարք թույլ տալու մեջ: Երեկ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչը մեզ հետ զրույցում ճիշտ հակառակն էր պնդում, ասելով, որ Հայ առաքելական եկեղեցու սպասավորն է միջադեպը հրահրել:



Հիշեցնենք, որ Սբ. Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը տեղեկացրել էր լրագրողներին, թե կիրակի օրը եկեղեցու բակում «Եհովայի վկաներ» աղանդի երկու ներկայացուցիչ  հոգեւորսություն են իրականացրել եկեղեցու տարածքում, որին ինքը միջամտել է՝ խնդրելով եկեղեցու տարածքում քարոզչություն չանել: Տ. Եսայու պատմածով՝ կրոնական կազմակերպության ներկայացուցիչները պահանջել են փաստաթուղթ, որտեղ նշված կլինի՝ այդ տարածքը պատկանում է եկեղեցուն, թե ոչ:



Հոգեւորսության փաստն արձանագրելու համար եկեղեցու սպասավորը փորձել է իր բջջային հեռախոսով նկարահանել, սակայն աղանդավոր երիտասարդները խլել են հեռախոսը: Ապա հարվածել են նրա ձեռքին, սպառնացել՝ «կոկորդդ կկրծեմ» եւ այլն: Արդյունքում քահանան դիմել է ոստիկանություն, որտեղ նյութեր են նախապատրաստվում: Ի դեպ, միջադեպի ժամանակ Եհովայի վկաներից մեկն առանց վախենալու հայտնել է իր հեռախոսահամարն ու անունը: Երիտասարդներն արդեն կանչվել են ոստիկանություն, ցուցմունք են տվել եւ չեն ժխտել, որ իրենք «Եհովայի վկաներ» կազմակերպության քարոզիչներ են: Կազմակերպության քարտուղար եւ հասարակության հետ կապերի պատասխանատու Տիգրան Հարությունյանը երեկ մեզ պատմեց, թե միջադեպը տեղի է ունեցել ոչ թե եկեղեցու բակում, այլ փողոցում:



«Տղաներն այդ պահին թռուցիկ չեն տարածել, նրանք պարզապես զրուցելիս են եղել մի մարդու հետ, ում հեռանալուց հետո մեքենա է կանգնել, եւ միջից քաղաքացիական հագուստով դուրս է եկել քահանա Եսային» (ի դեպ, նշենք, որ նախօրեին Տեր Եսային ասել էր, թե ինքը համայնքի բոլոր «աղանդավորներին» դեմքով ճանաչում է եւ հաճախ է նրանց փողոցում տեսնելիս մոտենում-զրուցում): Հարությունյանի խոսքով՝ Տ. Եսային ինքն է սպառնացել տղաներին՝ քարոզչությամբ չզբաղվել, եւ հայհոյել է նրանց:



«Տղաները բորբոքվել են, որովհետեւ քահանան չափից դուրս անվայել արտահայտություններ է հնչեցրել: Ինչպե՞ս կվարվի մի մարդ, եթե իր հորը հայհոյեն, մորը հայհոյեն, վերջին բառերն ասեն: ...Կամ որեւէ մեկից, եթե հանրային մարդ չէ, նկարելուց առաջ պե՞տք է կարծիք հարցնել: Եթե պիտի վատ տրամադրված եւ վերաբերված լինեին այդ քահանայի հանդեպ, հարց է առաջանում՝ ինչո՞ւ պիտի անուններ եւ հեռախոսահամարներ փոխանցեին: Եվ հետո՝ Եհովայի վկաները ողջ աշխարհում ճանաչվել են խաղաղասեր մարդիկ ու երբեք նման քայլի իրենք չեն դիմում, դրա համար շատ տարօրինակ է, որ այլ կերպով է ամեն ինչ ներկայացվում: Հետեւաբար լավ կլինի քահանան խոստովանի, թե ինքն ինչեր է տղաներին ասել, ու հատկապես ինչն է պատճառը եղել»,- հակադարձեց Հարությունյանը: Միջադեպը «ցնցել» է հայ հոգեւորականներին, ովքեր ջանք չեն խնայում արդեն մի քանի օր սարսափազդու որակումներ հնչեցնել կրոնական այս կազմակերպության հասցեին եւ կատարվածը որակել «ոտնձգություն Եկեղեցու հանդեպ»: Սակայն կատարվածի նկատմամբ հասարակական արձագանքները եւս վկայում են, որ Հայ առաքելական եկեղեցու հանդեպ հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ:



Սոցիալական ցանցերում քննարկվում է, որ վերջին տարիներին Եկեղեցին է նպաստել կրոնական կազմակերպությունների զարգացմանը՝ «շնորհիվ» բարոյազուրկ հոգեւորականների եւ «իշխանական օղակներին ծառայող» սպասավորների: Սակայն Եկեղեցին «միայնակ» չէ՝ նրա կողքին են անգամ որոշ կուսակցություններ: «Նոր ժամանակներ» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ, օրինակ, կոչ է արվել «դադարեցնել Հայաստանյայց առաքելական եկեղեցին որպես իշխանության քաղաքական նպատակների օգտագործման միջոց օգտագործելը», ինչպես նաեւ՝ «կասեցնել կրոնական քայքայիչ աղանդների գործունեությունը, որոնք միտումնավոր խարխլում են պետության եւ Հայ եկեղեցու հիմքերը»:



Իսկ Արմեն Ավետիսյանի Հայ արիական միաբանությունը մի ռասիստական տեքստ է տարածել, որտեղ հարցադրումներ է արել. «Ինչքան կարելի է Եվրոպա-Եվրոպա խաղալ: Ինչպես ասում են՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ ենք դարձել, եվրոպացուց՝ ավելի եվրոպացի: Մի քանի հարց ենք ուղղում երկրի աշխարհիկ եւ հոգեւոր «տերերին».



1. Ցույց տվեք ձեր փափագած մի եվրաերկիր, որտեղ աղանդավորականները եկեղեցու տարածքում կրոնական սպասավորի են ծեծում ու անարգում, իրենց քարոզն են անում՝ չվախենալով պատժից:



2.  Ցույց տվեք ձեր այդքան ձգտելի մի եվրաերկիր, որտեղ հոմոսեքսուալը, բիսեքսուալը, պեդոֆիլը կամ մեկ այլ մոլագարը ոստիկան է ծեծում կամ ոստիկանին սպառնում է զանգահարել միջազգային ինչ-որ մի խփնված կազմակերպության հայաստանյան ներկայացուցչի, եւ ոստիկանը «նահանջում» է:



3. Ցույց տվեք ձեր սիրած մի եվրաերկիր, որտեղ ազգային փոքրամասնություններն ավելի մեծ տեղ ու դիրք ունեն, քան երկրի բուն ազգային (աստվածների) հավատով ու խնդիրներով ապրող բնիկները»: Ապա եզրափակել է. «Հայրենիք ենք կորցնում եւ ազգ, հանուն ինչի՞ պիտի լռենք»:



Մինչդեռ աշխարհը հասկացել է, որ մարդու կրոնական զգացմունքները վիրավորելուց, նրան «աղանդավոր» կոչելուց առաջ հարկավոր է մտածել, որ ցանկացած ուղղության հարողների մեջ էլ կարող են լինել մարդիկ, ովքեր իսկապես Աստծուն են փնտրում: Բոլոր ոչ առաքելական եկեղեցիներ հաճախողներին աղանդավորներ համարելն անհեթեթ է ու վկայում է մեր անհանդուրժողականության մասին: Կնշանակի աղանդավորներ են ավետարանականները, լյութերականները, պրեսբիտերները, կաթոլիկները, ուղղափառ եկեղեցին:



Եթե համառորեն ուզում եք պնդել, որ միակ ճշմարիտ եկեղեցին առաքելականն է, ապա պետք է իմանալ, որ առաքելական եկեղեցին նույնպես Աստվածաշնչից ոչ էական շեղումներ է թույլ տվել: Ամենաակնառուն մատաղի սովորությունն է: Պողոս առաքյալը բազմիցս շեշտում է, որ այժմ, երբ Աստծո գառը մորթված է (խոսքը Քրիստոսի մասին է), մատաղի կարիք չկա: Իսկ առաքելական եկեղեցին շարունակում է մատաղն ընդունել իբր աստվածահաճո մի բան: Աստվածաշունչը ոչ մի հիշատակություն չի անում մոմերի մասին:



Ավետարանականներն օրինակ՝ մոմ չեն վառում: «Հելսինկյան կոմիտեի» նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ կատարվածը հերթական վարկաբեկող քարոզչությունն է: «Հայ առաքելական եկեղեցին ահավոր անհանդուրժող է ցանկացած այլ քրիստոնեական եւ այլ ուղղությունների նկատմամբ, որեւէ առիթ բաց չի թողնում վարկաբեկելու եւ իհարկե՝ պետության օգնությամբ ամենակոշտ միջոցները կիրառելու այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ»,- կարծում է իրավապաշտպանը՝ հիշեցնելով, որ անհանդուրժողականության արդյունքում ոչնչացվեց մի ամբողջ հեթանոսական մշակույթ:



«Չեմ կարծում, որ այդքան խոցելի եւ այդքան թիրախային խումբը կարող է նման սադրանքներ անել եւ այդպիսի հարձակում գործել, ագրեսիվ լինել: Խոսում են նրանց ագրեսիայից: Մեր տուն էլ են եկել, եւ երբեք ագրեսիա չեմ տեսել նրանց մեջ: Խնդիրն այն է՝ մեզ դո՞ւր է գալիս քարոզչությունը, թե՞ ոչ: Ինձ նաեւ զարմացրեց, թե ինչու մեր լրատվամիջոցները միակողմանի ներկայացրեցին եղելությունը: Առաքելական եկեղեցին չի պատկերացնում, որ կարող է ինչ-որ մարդիկ, այսպես ասած՝ իր հոտից դուրս գան, որովհետեւ դա եւ իրենց խնդիրն է, եւ իշխանության: ...Ժողովրդի վրա իշխանություն ունենալու խնդիրը կա»: