Վթարի պատճառը պարզ կլինի մեկ ամիս անց

Վթարի պատճառը պարզ կլինի մեկ ամիս անց
Մայիսի 17-ին, ժամը 21:30-ին  Երեւանի Արցախի փողոցում  տեղի ունեցած խոշոր ավտովթարի արդյունքում ինը տուժածներից  երեքը  «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում են: Բժիշկներն անցած գիշեր երկու վիրահատություն են կատարել. հիվանդների վիճակը միջին ծանրության է:



Վիրավորներից 5-ը տղամարդ են, 3-ը՝ կին, որոնցից մեկը՝ 5 ամսվա հղիությամբ: Բժիշկների հավաստմամբ՝  բարեբախտաբար, պտղի հետ խնդիրներ չկան, եւ կինը նորմալ կծննդաբերի: Իսկ ամենափոքրին՝ 7 տարեկան Գոռին, հակաշոկային բուժօգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են այրվածքաբանության կենտրոն:



Հիշեցնենք, որ երեքշաբթի, ժամը 21:30-ին, 1987թ. ծնված Սերգեյ Բախշյանն  իր  «Մերսեդես-Բենց Ե 320» 23 ՍԼ 673 պետհամարանիշի ավտոմեքենայով  հարվածել է «ԳԱԶ-32213» մակնիշի 34 56 Տ պետհամարանիշի թիվ 76 երթուղային միկրոավտոբուսին: Ինչպես «Մերսեդեսի» վարորդը, այնպես էլ երթուղային տաքսու  վարորդը՝ 1949թ. ծնված Աշոտ Գուրգենի Հովհաննիսյանը, տեղում մահացել են՝ պարզապես նստած այրվել-ածխացել են: Մահացել են նաեւ երթուղային տաքսու 2 ուղեւոր, որոնց ինքնությունը դեռ չի պարզվել:



Աշխատանքները դժվարանում են նրանով, որ մահացածներն այրվել են, ու հնարավոր չէ ճանաչել նրանց: Ճանապարհային ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ, նախնական տվյալներով, մեղավորը «Մերսեդեսի» վարորդն է եղել: Նա հանդիպակաց փողոցը կտրել է մեծ արագությամբ ու բախվել երթուղային տաքսուն: «Սակայն ամեն ինչ պարզ կլինի փորձագիտական աշխատանքներից հետո: Հարուցվել է քրեական գործ, նախքաննություն է ընթանում»,- ասաց ՃՈ պետ Մարգար Օհանյանը:



Իսկ փորձաքննության արդյունքները հավանաբար պարզ կլինեն մեկ ամիս հետո: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի որոշմամբ թիվ 76 երթուղին սպասարկող ընկերությունը զրկվել է լիցենզիայից:



Սակայն, հաշվի առնելով բնակչության սպասարկման անհրաժեշտությունը, քաղաքապետի որոշմամբ միայն մայիսի 20-ից է լուծված համարվում տվյալ  ընկերության  հետ կնքված պայմանագիրը, ըստ այդմ էլ նույն օրվանից կազմակերպությունը  զրկվում է տվյալ երթուղին  սպասարկելու իրավունքից։ Միայն դրանից հետո  «Երեւանտրանս» ՓԲԸ-ին հանձնարարվել է կնքել պայմանագիր այլ կազմակերպությունների հետ, մինչեւ նոր մրցույթը: Նշենք, որ թիվ 76 երթուղին մինչեւ մայիսի 20-ը սպասարկում է «Լյուդվիգ եւ որդի» ՍՊԸ-ն: