Արագածոտնում Հանրապետականի լծակները մաշվել են

Արագածոտնում Հանրապետականի լծակները մաշվել են
Երեկ Արագածոտնի մարզի մի քանի համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: «Հրապարակն» անդրադարձել էր այդ համայնքների նախընտրական զարգացումներին եւ ինչ-որ առումով կանխատեսել նախընտրական եւ հետընտրական գործընթացները:



Ափնա, Տեղեր, Լեռնապար համայնքներում որպես համայնքապետի թեկնածու գրանցվել էր մեկական մարդ, համապատասխանաբար` անկուսակցական Ռոբերտ Կարապետյանը, ՀՀԿ-ական Գառնիկ Հովհաննիսյանը եւ դարձյալ ՀՀԿ-ական Մանվել Հարությունյանը: Այս երեք համայնքներում էլ ձայների գերակշիռ թվաքանակով գյուղապետեր ընտրվեցին նշված թեկնածուները: Ապարանի տարածաշրջանի Արագած համայնքում պայքարում էին անկուսակցականներ՝ գործող գյուղապետ Գագիկ Պողոսյանը եւ ավագանու անդամ Գագիկ Մելքոնյանը:



Ընտրությանը մասնակցած 1.717 ընտրողի ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Գագիկ Պողոսյան` 863, Գագիկ Մելքոնյան` 806, եւ 47 անվավեր քվեաթերթիկ: Արագածի ընտրությունների արդյունքները բողոքարկվել են պարտվող թեկնածու Գագիկ Մելքոնյանի կողմից, եւ այսօր տեղի կունենա քվեների վերահաշվարկում:



Այլ էին նախընտրական զարգացումներն Աշտարակի տարածաշրջանի Օհանավան համայնքում: Այստեղ գրանցվել էին երեք թեկնածուներ` նախկին գյուղապետ ՀՀԿ-ական Նշան Միսակյանը, Ամասիկ Միսակյանը, ով Նշան Միսակյանից առաջ ղեկավարել է համայնքը, եւ անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը: Ընտրությանը մասնակցել է 1.452 ընտրող:



Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Ալեքսան Ալեքսանյան` 610, Նշան Միսակյան` 566, Ամասիկ Միսակյան` 228, եւ 48 անվավեր քվեաթերթիկ: Գործող գյուղապետ ՀՀԿ-ական Նշան Միսակյանից 44 ձայնի առավելությամբ Օհանավան համայնքի ղեկավար է ընտրվել Ալեքսան Ալեքսանյանը: Այս ընտրությունների արդյունքները նույնպես բողոքարկվել են ՀՀԿ-ական Նշան Միսակյանի կողմից, որի մասին վաղն իր վերջնական եզրակացությունը կտա ՀՀ թիվ 14 ընտրատարածքային հանձնաժողովը:



Առաջ անցնելով ասենք, որ սա ՏԻՄ ընտրություններում պարբերաբար պարտվող Հանրապետական մարզպետ, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանի հետընտրական պարզունակ հնարքներից է: Մանավանդ որ ՏԻՄ ընտրություններում վաղուց բացառվում են լցոնումները, կուտակումները, իսկ եթե ավանդական այլ հնարքներ էլ կան, դրանք ի հայտ են գալիս միմիայն լծակ ունեցող պաշտոնյայի կողմից: Այդ լծակները չեն մոռացվել նաեւ Օհանավանի ընտրություններից առաջ:



Մարզպետ Ս. Սահակյանը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել է` սկսած թոշակառուներին «Փարոս» բերման ենթարկելուց, հողի եւ ջրի հարկերն իբր զիջելուց, տարբեր տեսակի պաշտոնյաների միջոցով ընտրողների վրա ճնշում գործադրելուց, նախկին գյուղապետ Ամասիկ Միսակյանին խաղի մեջ մտցնելուց եւ այլն:



Այսքանով հանդերձ, անկուսակցական թեկնածուն հաղթեց հանրապետական գործող գյուղապետ Նշան Միսակյանին: Սա խոսում է մեկ փաստի մասին. Հանրապետական կուսակցությունը կամ տեղյակ չէ, թե ինչի է ընդունակ իրենց կողմից Արագածոտնում նշանակված մարզպետը, կամ տեղյակ է, սակայն այնքան պինդ է այդ մարզպետի թիկունքը, որ կարող է միայն իր ներկայությամբ ձախողել նաեւ համապետական ընտրություններում հանրապետականների ակնկալիքները մարզում եւ հեշտությամբ «տակից դուրս գալ»: Գուցե դա օրինաչա՞փ է եւ ձեռնտո՞ւ Հանրապետականին:



Նորայր Գրիգորյան