Երրորդ դիակն էլ գտնվեց

Երրորդ դիակն էլ գտնվեց
Երեկ առավոտյան Դեբեդ գետում հայտնաբերվել է 10 օր առաջ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 30-րդ կմ-ում շրջված մեքենայի  ուղեւորներից եւս մեկի մարմինը:  07:54-ի սահմաններում ոստիկանության Գուգարքի բաժնից Լոռու մարզի փրկարարական վարչության դիսպետչերական կետ ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի հարակից տարածքում, տղամարդու դիակ կա:



Դիակը գետից դուրս բերելու համար դեպքի վայր է մեկնել Լոռու փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Աշխատանքները ղեկավարել է վարչության պետ Հրաչ Անտոնյանը: Դիակի ճանաչման ժամանակ պարզվել է, որ խեղդվածը Ալավերդի քաղաքի բնակիչ, 1956թ. ծնված Վահան Երիցյանն է, ով դժբախտ պատահարի ժամանակ եւս մեկ ուղեւորի հետ անհետացել էր. գետը նրանց քշել-տարել էր անհայտ ուղղությամբ:



Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին Փամբակ գետն էր ընկել «Գազ-3110» մակնիշի ավտոմեքենան, որից կարողացել էր փրկվել միայն վարորդը: Մյուս չորս ուղեւորներից երկուսի մարմինները փրկարարները գտել էին դեպքի օրը, երեկ գտնվեց երրորդ տուժածի մարմինը: Այժմ որոնվում է եւս մեկ դիակ, որը մինչ օրս չեն գտել: