Երեք դրածո ուսուցիչ + Եզեկյան = հաղթանակ

Երեք դրածո ուսուցիչ + Եզեկյան = հաղթանակ
Հերթական բաց նամակը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին



Օրերս լրատվամիջոցներից մեկի հարցին՝ «Դուք խոսեցիք դասագրքերի փոփոխություններից: Իրականում, սակայն, հաճախ թեեւ մրցույթ է հայտարարվում, բայց կանխավ հայտնի է լինում ով է հաղթողը», Դուք պատասխանել եք. «Կատարվել է դասագրքի լավագույն ընտրություն, իսկ մնացյալ ամեն ինչից կխոսենք մեկ ամիս հետո»։



Զարմանալի է, որ երկրի նախագաhին, վարչապետին եւ Ձեզ ուղղված մեր բաց նամակներից հետո, որոնք հստակորեն ցույց են տալիս դասագրքերի մրցույթի իրական պատկերը, Դուք նման միտք եք արտահայտում։



Չենք հոգնում եւ շարունակում ենք Ձեզ եւ հանրությանը ներկայացնել դասագրքերի մրցույթի այլ մանրամասներ` հույս ունենալով, որ կրթական համակարգի առողջացմանն ենք նպաստում։ Կարեւորում ենք նաեւ մեր մասնագիտական վարկի հարցը. մեզ անարդար եւ կոպիտ եղանակով բարոյական վնաս են հասցրել: Հայոց լեզվի դասագրքեր գնահատողներից երեքը գիտական աստիճան ունեցող մասնագետներ են: Ներկայացնենք «ծանր հրետանին»:



Լեւոն Եզեկյան. Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ավագ դպրոցի հայերենի դասագրքերի հեղինակ: Լ. Եզեկյանի ղեկավարած հեղինակային խումբն ավագ դպրոցի դասագրքերի 2009թ. մրցույթում երկու մրցակից ուներ: Դրանք 7-9-րդ դասարանների դասագրքերի այս տարվա մրցույթում դուրս մղվածներն էին` Ֆ. Խլղաթյան (ընդհանուր հոսքի համար գրված դասագրքով) եւ Դ. Գյուրջինյան, Ն. Հեքեքյան (հումանիտար հոսքի համար գրված դասագրքով)։ Մեր «հարցը լուծեցին» Գնումների պետական գործակալությունում եւ թույլ չտվեցին մասնակցել բովանդակային կողմի քննարկմանը, իսկ Ֆ. Խլղաթյանը պարտվեց։



Երկու հոսքերի դասագրքերի համար հայտարարված մրցույթում հաղթեցին Լ. Եզեկյանի խմբի ներկայացրածները` միանգամից 6 դասագիրք եւ ուսուցչի 2 ձեռնարկ։ Ինչպե՞ս։ Շատ պարզ, քանի որ բացարձակապես նույնն են ընդհանուր եւ հումանիտար հոսքերի դասագրքերը, դրանք բառ առ բառ կրկնում են իրար (եզակի բացառություններ կան միայն թեմայի տարբերության դեպքում)։ Արդեն լույս են տեսել 10-րդ եւ 11-րդ դասարանների դասագրքերը, եւ կասկածի դեպքում կարող եք համեմատել։ Աչքակապության, խաբեության, կրթական բարեփոխումների խեղաթյուրման փայլուն օրինակ. նույն դասագրքերը տարբեր հոսքերում։ Պարզ է, չէ՞, որ կրկին վարկաբեկվել են պետությունը, դասագրքերի մրցույթն իրականացնող նախարարությունը։ Իսկ հայոց լեզո՞ւն... Մեր պաշտոնյաների համար այն մի՞թե կարեւոր է:



Այս դեպքո՞ւմ էլ կասեք, թե ավագ դպրոցի գաղափարը  հաջողությամբ իրականացնում եք, եւ լավագույն դասագրքերն են ընտրվել։ Իհարկե, ժամանակին այս մասին հրապարակավ խոսեցինք, Ձեզ եւս ահազանգեցինք (Դուք նոր էիք ստանձնել նախարարի պաշտոնը եւ չուզեցիք նախորդի արածը ջրի երես հանել)։



Եվ հարցը լուծվեց այսպես. եզեկյանական գրքերն անխոչընդոտ մտան դպրոց, իսկ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն իր հաշվին  հրատարակեց հայոց լեզվի մեր հեղինակած դասագիրքը 10-րդ դասարանի համար։ Թող մարդիկ համեմատեն այն եւ գործող դասագրքերը։



Հիմա այս նույն Լ. Եզեկյանը հնարավորություն ուներ գնահատելու իր նախկին (եւ ապագա՞) մրցակիցներին: Եվ ոչ միայն։ Նա հատուկ առաքելություն էլ ուներ` առաջ մղել իր ամբիոնի դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանի գրքերը (այժմ դրանք քողարկվում են իննսունմեկամյա պրոֆ. Հ. Բարսեղյանի անվամբ։ Այդ պատճառով չենք ասում, թե Բարսեղյանն էլ է համալսարանական, կամ բարսեղյանական ներկայացվող դասագրքերը երեսուն տարի առաջ գրված մեկ ուրիշ հեղինակ էլ են ունեցել` ակադ. Էդ. Աղայանը եւ այլն. ճշմարտությունը մի օր կբացահայտվի)։



Պրոֆեսոր Լ. Եզեկյանը միացել է ուսուցիչների եռյակին (Սերիկ Պարսամյան՝ Երեւանի թիվ 68 դպրոց, Աշխեն Հովհաննիսյան՝ Երեւանի Ե. Չարենցի անվան դպրոց, Անահիտ Ավանեսյան՝ Երեւանի թիվ 119 եւ 45 դպրոցներ) եւ իրականացրել նախատեսված ծրագիրը։ Այդ են վկայում փաստերը: Ահավասիկ։ Լ. Եզեկյանը, որ դասագրքերի մրցույթի է մասնակցել եւ հաղթել, ժամանակին մրցույթի առարկայական հանձնախմբի նախագահ է եղել, չնայած քաջ գիտի, որ գրքերի 60% կամ 40%-ն է ներկայացվում մրցույթին, բայց իր եզրակացության մեջ նշում է, թե մեր դասագրքերում ոչինչ չի ասվում ոճերի դասակարգման, գիտական եւ հրապարակախոսական ոճերի մասին (ծանոթ մոտեցում է ասելիքի բացակայության պայմաններում` հար եւ նման ուսուցիչների եռյակի գործելակերպին)։



Գիտական, հրապարակախոսական ոճերին անդրադառնալու պահանջ դնող ոճաբանը լավ կլիներ, որ նախեւառաջ այդ ոճերի գործնական կիրառության օրինակ տար. դասագրքերի մասին նրա կարծիքը գրվել է առանց  ժանրին բնորոշ առանձնահատկությունները պահպանելու: Բազում գրախոսություններ գրած լեզվաբանը վստահաբար գիտի, որ յուրաքանչյուր կարծիք սկսվում է աշխատանքի գնահատումով, այնուհետեւ նշվում են թերությունները: Մեր դասագրքերում մի դրական բան չկար, որ նշվեր:



Այդ մասին նա երեւի մոռացել է, քանի որ գերխնդիր ուներ` մերժել, ջարդել, ջնջել... Առանց երկար մտածելու` Եզեկյանը գրում է, թե «ապահովված չեն միջառարկայական կապերը» (ուսուցիչները, մի քիչ բարեխիղճ լինելով, գրել էին այդ կապերի միայն միօրինակության մասին)։ Մի՞թե կարելի է նման բացահայտ աչքակապությունը հանդուրժել: Մեր դասագրքերում տասնյակ առաջադրանքներ կապեր են ստեղծում գրականության, պատմության, աշխարհագրության, կերպարվեստի, երաժշտության եւ մաթեմատիկայի հետ:



Հարց է առաջանում. ընդունելության քննությունների, դպրոցականների օլիմպիադաների մասնակիցները բողոքարկելու հնարավորություն են ունենում եւ հաճախ հասնում են արդարության, իսկ մենք ինչո՞ւ ենք զրկված մեզ պաշտպանելու իրավունքից:



Եվ պիտի հանդուրժե՞նք այս ամենը։ Մարդը գրել է, նիշերը շրխկացրել հեղինակների ճակատին ու գոհ հեռացել։ Գոհ է ինքը, գոհ է իր ամբիոնի դասախոս Փ. Մեյթիխանյանը...  Զարմանում ենք, որ կարծես թե Դուք էլ եք գոհ: Տարեցտարի դպրոցին մոտեցող Լ. Եզեկյանը գրում է. «Չկան համապատասխան վարժություններ եւ առաջադրանքներ աշակերտի անհատական ուսուցման համար։ Նյութերը քիչ են նպաստում սովորողի ինքնուրույն մտածողության զարգացմանը»։ Կեղծիք օրը ցերեկով. մուտքի բոլոր դասերը հենց ինքնուրույն մտածողությունը զարգացնելու նպատակ են հետապնդում։ Բայց պիտի գրեր, ուռճացներ, թերություններ նշող կետերի թիվը հասցներ 17-ի:



Գրել է ու հայտնվել զավեշտալի վիճակի մեջ: Ոգեւորված, մտովի մեզ հետ կռիվ տալով, դժգոհում է, որ բայի սեռը բացատրելիս չենք տվել «անդրադարձ» տերմինը, հաջող չէ «դերբայ» եւ «ձեւաբայ» տարբերակումը: Սա արդեն չափազանց է։ «Անդրադարձ» տերմինը չկա հայոց լեզվի պետական ծրագրով։ Մարդը չգիտի նաեւ, որ պետական ծրագրի թելադրանքով արդեն քանի՜ տարի «դերբայ» եւ «ձեւաբայ» տերմիններն են գործածվում հայոց լեզվի ուսուցման ժամանակ: Գործող ծրագրով էլ է այդպես։ Չգրեինք ձեւաբայերի մասին, կասեր ծրագրային է, շեղվել եք։



Այստեղ Լ. Եզեկյանը խիստ նմանվում է իր գործընկերուհի Փ. Մեյթիխանյանին։ Անցյալ տարի նրա կազմած տխրահռչակ թեստերը լրացնողները պետք է մոռանային դասագիրք ու ծրագիր եւ գուշակեին, թե այդտեղ ո՛ր պատասխանը կուզենար տեսնել ամենայն հայոց թեստագրուհին։ Ոճի այսպիսի նմանությունը կասկածի հիմք է տալիս՝ գործելակերպի ինչպիսի՜ նմանություն, փաստերը խեղաթյուրելու ինչպիսի՜ ջանադրություն, մասնագիտական ինչպիսի՜ անկարողություն:



Որոշ դեպքերում քննադատությունը վերաբերում է այնպիսի իրողությունների, որոնք դասագրքերում արտացոլված են (օրինակ` ապառնի ձեւաբայի եւ անորոշի սեռական հոլովաձեւի տարբերությունը, ժխտման դերբայի կիրառությունը եւ այլն), սակայն Լ. Եզեկյանը դրանք կամ չի տեսել, կամ պարզապես չի ցանկացել տեսնել։ Գուցե ամբողջությամբ չի՞ կարդացել։ Խնդիրը եղել է թերությունների շարքն ընդարձակելը, կարեւոր չէ ինչ եղանակով։



Մյուս դիտողություններն էլ նույն ոգով եւ ոճով են գրված: Ողբալի է, որ այսպես թեթեւորեն, այսպես նենգորեն խեղաթյուրում են ամեն ինչ: Եվ հաջողում են, մարսում, քիչ-քիչ առաջ գնում` միջոցների ընտրության ժամանակ ոչնչի առջեւ չկանգնելով։ Մի ցնցող դիտողության կուզենայինք հատուկ անդրադառնալ։ Գոյականի գործիական հոլովին նվիրված դասի մեջ բազմիցս հիշատակվել է «գործիական» տերմինը:



Բայց ցավալիորեն այսպիսի վրիպակ է սպրդել. «Մարդ եւ կին գոյականների հոգնակի թվի, ինչպես նաեւ -անք, -ենք, -ոնք, -ունք ածանցներով հավաքական գոյականների բացառականը կազմվում է սեռական հոլովի ձեւից` մարդկանց-մարդկանցով, կանանց-կանանցով, Արամենց-Արամենցով»։ Գործիականի փոխարեն գրվել է բացառական, որ հետագայում անշուշտ կուղղվեր։ Պրոֆեսորն ուղղում է. «... սա գործիական հոլով է»։ Շնորհակալություն. անձամբ Լ. Եզեկյանից սովորեցինք բացառականն ու գործիականը տարբերել։ Միայն թե իր դիտողության մեջ պրոֆեսորն ինքն է վրիպում` ընկնելով ծիծաղելի վիճակի մեջ, երբ գրում է. «էջ 37-ում հավաքական գոյականների բացառականը կազմվում է սեռականից /գրված է` մարդիկ-մարդկանցով, կանայք-կանանցով. այնինչ սա գործիական հոլով է»։



Բա եղա՞վ, մարդիկ եւ կանայք հավաքական գոյականնե՞ր են։ Թե՞ միտումնավոր է այդպես վարվել, որպեսզի եզրակացությունը կարդացողը դա էլ մեզ վերագրի: Այսպիսի տխուր եւ զվարճալի բաներ։ Հարկ կա՞ ասելու, որ ոճաբան պրոֆեսորի տիտղոս ունեցողին վայել չէ նման մերկապարանոց հայտարարություններ անելը. «Էջք 23-28-ի վարժություններն անիմաստ են», «էջ 32-ի Բ պահանջն անիմաստ է» եւ այլն։ Պատկերացնո՞ւմ եք` վեց էջ անիմաստ վարժություններ։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք պրոֆեսորին հանգամանալից բացատրել, թե ինչն ինչոց է եւ իսկապես անիմաստ բազմաթիվ իրողություններ ցույց տալ իր գրածներում։ Արդեն մեթոդիստի թիկնոցով` Եզեկյանը քննադատում է մեր «Ուսուցչի ձեռնարկը» եւ կեղծում անգթորեն, իբր այն միայն դասագրքի նկարագրությունն է, չկան ուսուցչին ուղղված նյութեր, հանձնարարականներ, առաջադրանքներ եւ այլն։ Պրոֆեսորակա՜ն սուտ։



Միայն այն, որ նկարագրված են նորագույն մեթոդները, նաեւ այն, թե դրանք որ  թեմաների ուսուցման ժամանակ եւ ինչպես կարող են կիրառվել, արդեն գործնական մեծ օգնություն է ուսուցչին: Մուտքի դասերի 4 նմուշների վերլուծությունը, դրանց շուրջ կազմակերպելիք աշխատանքի մասին ասվածը, համոզված ենք, դասագրքի նկարագրություն չեն: Կան նաեւ ցուցումներ ուղղագրական, բառակազմական եւ քերականական դադարների կազմակերպման, գծապատկերներով աշխատելու ձեւերի վերաբերյալ եւ այլն:



Սրանք ավելի մեծ գործնական արժեք ունեն, քան իր հեղինակած դասագրքերի «Ուսուցչի ձեռնարկում (10-12-րդ դաս.)», Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատուից  «Բաղադրյալ հատուկ անուններում մեծատառերի գործածության մասին» որոշման զետեղումը ¥չէ՞ որ դրանով էջեր են լցվում¤:



Գրաբար ասույթն ասում է. «Բժի՛շկ, բժշկեա՛ զանձն քո» (Բժիշկ, նախ քե՛զ բժշկիր): Լավ է ասված, չէ՞, պարոն նախարար։ Հանուն արդարության պիտի ասենք, որ Լ. Եզեկյանն իր գործընկեր գնահատողներին մեր եւ Ֆ. Խլղաթյանի դեմ չի տրամադրել։ Սակայն նա այլ խնդիր է ունեցել` թույլ չտալ, որ Փ. Մեյթիխանյանը շատ ցածր գնահատվի: Այդպես էլ արվել է:



Հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Գայանե Խալաթյանը եւ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատող Անահիտ Գալստյանը բավական բարձր են գնահատել մեր եւ Ֆ. Խլղաթյանի ու Լ. Խաչատրյանի դասագրքերը, բայց բովանդակային շեմից անցնելու հնարավորություն են տվել Փ. Մեյթիխանյանին:



Նրանք ասում են, թե հավատացել են Ձեզ, որ մրցույթը պետք է արդար լինի: Դասագրքային մրցույթի մութ կուլիսներից անտեղյակ այս մասնագետներն ի՞նչ իմանային, որ հեղինակային մյուս խմբերի հարցը լուծելու մասին մրցույթի կազմակերպիչները կանխավ մտածել էին: Տեխնիկայի հարց է. երեք դրածո ուսուցիչ + Լ. Եզեկյան = հաղթանակ (մարզական լեզվով ասած` 4։2¤: Հաղթանակ, բայց ինչպիսի՞: Մենք կողմ ենք արդար մրցույթի, եթե դա մրցույթ է, որը պետությունն է անցկացնում։



Բոլորովին էլ չենք կարծում, թե վստահաբար մենք պիտի հաղթեինք: Մեր բողոքը այսպես` շեմը չանցնելով պարտվելու դեմ է։ Քանի որ մրցույթի ողջ գործընթացը կազմակերպված է եղել մեկի հաղթանակն ապահովելու համար, ուստի նրա արդյունքները չեն կարող հավաստի լինել: Ձեզնից պահանջում ենք ընդունել դասագրքերի մրցույթի ձախողումը եւ անհրաժեշտ հետեւություններ անել։ Հորդորում ենք համարձակություն ձեռք բերել եւ ուղղել սխալը:



Ցավալի է նաեւ խոստովանել, որ այսպիսի կանխազգացում ունենք. մրցույթի կազմակերպիչներից մեկը (այդ դերը լավ կատարում է փոխնախարար Մ. Մկրտչյանը) մի տասը օր հետո հանրությանը կտեղեկացնի, թե հանրապետության 50 դպրոցներից ստացված կարծիքների հիման վրա նախարարությունը որոշեց, որ Դ. Գյուրջինյանի եւ Ն. Հեքեքյանի դասագրքերը դպրոցի համար պիտանի չեն ¥չենք կասկածում, որ Հայաստանում ուսուցիչների հայտնի եռյակի եւ Լ. Եզեկյանի նման մի հարյուր մարդ կգտնվի, որոնք կստորագրեն ցանկացած թղթի տակ¤։ Իսկ հաղթած դասագրքերը 21-րդ դարից առաջ անցած գրքեր են։ Ինչպես որ Դուք եք ասում` «Կատարվել է դասագրքի լավագույն ընտրություն»։



Ասենք նաեւ, որ նման վճռի դեպքում հայերենի ողջամիտ բազմաթիվ ուսուցիչների եւ նրանց աշակերտների համար մենք ամեն տարի հերթով լույս կընծայենք 7-9-րդ դասարանների մեր դասագրքերը` որպես ապացույց մեր ասածների, համոթ այդ դասագրքերը մերժող «մասնագետների» եւ պետական նշանակություն ունեցող գործը տապալած անբարեխիղճ պաշտոնյաների: Միաժամանակ` մեր դասագրքերի գաղափարները, նյութերը հնարավոր գրագողերից պաշտպանելու նպատակով։



Վստահ ենք, որ այսպես չի մնա:



Դավիթ Գյուրջինյան, Նարինե Հեքեքյան