Փակն ու բացն ամեն դեպքում վնաս են

Փակն ու բացն ամեն դեպքում վնաս են
Անցած ուրբաթ Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած` Շահումյանի բազմամետաղային հանքավայրի  ընդլայնման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախագծի քննարկումը:



Ըստ մշակված նախագծի,  Շահումյանի հանքավայրի  հզորությունը նախատեսվում է հասցնել տարեկան 600 հազար  տոննա հանքաքարի ` նախկին 300 հազարի փոխարեն: 2009թ. կենտրոնական հանքի կոնսերվացումից եւ ձեռնարկության հաշվեկշռից հանվելուց հետո հարստացուցիչ ֆաբրիկայում ազատվեցին լրացուցիչ հզորություններ:



Այն հիմա 20-30 տոկոս բեռնվածությամբ է աշխատում: Այդ պատճառով արտադրությունն ընդլանվեց: Քննարկման ժամանակ ներկաները հիմնականում մտահոգ էին Շահումյանի հանքավայրը բաց եղանակով շահագործելու գաղափարով, որին եւ խիստ դեմ արտահայտվեցին: Սակայն  ընկերության աշխատակիցները հավաստիացրին, որ հանքավայրի ընդլայնման դեպքում հանքաքարի արդյունահանումը արվելու է միայն փակ եղանակով: Բաց հանքի մասին առայժմ խոսք չկա, իսկ փաթեթում  նշված բաց հանքը վերաբերում է կենտրոնական բաց հանքին, որը փակվել եւ հանձնվել է պետությանը:



Փաստաթղթի քննարկումն անցավ  սուր բանավեճով: Մասնակիցների` բնապահպանների, ՀԿ ներկայացուցիչների,  լեռնահանքային արդյունաբերության նախկին աշխատողների, ավագանու անդամների, համայնքի ներկայացուցիչների կարծիքով, կոմբինատն անշուշտ պիտի աշխատի, սակայն նվազագույնի պետք է հասցվեն այն բնապահպանական խնդիրները, որոնք առաջանում են ձեռնարկության գործունեության ընթացքում:



Նրանց մտահոգում էին նաեւ այն սոցիալական ծրագրերն ու նոր աշխատատեղերի բացումը, որը հնարավոր է նախագծի իրականցումից հետո: Բնապահպաններն ահազանգեցին, որ պետք է ուշադրություն դարձնել հանքաքար տեղափոխող մեքենաների անվադողերի լվացմանը, նաեւ հանրապետությունում միայն կոմբինատի Թեջադինի հանքի շրջակայքում աճող վայրի քաջվարդի էնդեմիկ տեսակի պահպանմանը: Ավելի քան 2 ժամ տեւած քննարկման արձանագրությունը մի քանի օրից  պատրաստ կլինի։



Կապանցիներն առաջարկեցին արձանագրությունում ավելացնել, որ Կապանի  ողջ հասարակությունը դեմ է Շահումյանի բաց հանքի  շահագործմանը։ Դեռ հետախուզական աշխատանքներ են ընթանում այդ տարածքում, եւ  շահագործողները վերջնականապես չեն հայտարարել, որ բաց հանք չի լինելու, բայց կրքերը Կապանում բորբոքված են։



Մեր այն հարցին, թե Քաջարանի կոմբինատն ինչու է շահագործվում բաց եղանակով, բնապահպան Վլադիկ Մարտիրոսյանը նկատեց, որ նախ այդ հանքը հեռու է Քաջարան քաղաքից։ «Եվ հետո՝ քաղաքը կառուցվել է շատ տարիներ հետո։ Այնուհետեւ՝ քամիները փոշին չեն բերում քաղաքի վրա, այլ տանում են անմարդաբնակ վայրեր։ Այսինքն էլի տուժում է բնությունը, բայց մարդիկ չեն տուժում»,- ասաց բնապահպանը։