Անին կարող ենք վերականգնել, Երեւանը՝ ոչ

Անին կարող ենք վերականգնել, Երեւանը՝ ոչ
Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, այսպես ասած՝ երեւացող պաշտոն է եւ հասարակության բոլոր շերտերի գրեթե յուրաքանչյուր ներկայացուցչի համար՝ հստակ տեսանելի: Հետեւաբար, գլխավոր ճարտարապետի  մասին հասարակական կարծիքի հետ չի կարելի հաշվի չնստել:



Թե ինչու Նարեկ Սարգսյանին վերադարձրին նախկին պաշտոնին՝ դեռ կերեւա, բայց, որ դա պատահականություն չէ, գուցե էլի նոր բաներ կան մտածված՝ հաստատ է: Այս առումով սպասվող վտանգները նույնպես կանխատեսելի են: Երեւանի այն պատկերը, որն այսօր ունենք, եւ որում մեծ է հենց այս մարդու «ավանդը», ուղղակի սարսափելի է… Նույնիսկ Անին կարող ենք վերականգնել, բայց Երեւանը՝ ոչ:  Նրա «շնորհիվ» ոչնչացավ մայրաքաղաքի գոնե կենտրոն ասվածը, 19-րդ եւ 20-րդ դարի Երեւանը ոչնչացնելով՝ այն վերածեց ինչ-որ անհասկանալի միջավայրի:



Եվ հիմա, եթե այդ տենդենցը շարունակություն ունենա, Լենինականն էլ դուրս կգա մեջտեղից: Որպես մասնագետ՝ չեմ կարող գոհ լինել նրա աշխատանքից, հենց թեկուզ միայն Հյուսիսային պողոտայի կառուցումը հաշվի առնելով:



Այն, ինչ կարելի էր անել, արվեց ամենացածր մակարդակով: Երկու կարեւոր հրապարակներն իրար միացնող հնարավորություն ընձեռվեց այս մարդուն: Հազվագյուտ մարդկանց է կյանքում տրվում նման հնարավորություն, եթե չասենք փարավոններին, իսկ որակի մասին այսօր իրենք՝ սպառողներն են արտահայտում իրենց վերաբերմունքը: Էլ չեմ խոսում Դալմայի այգիների, «Հաղթանակ» զբոսայգու, Սարյան այգու եւ այլ հատվածների հողհատկացումների եւ կանաչ տարածքների անխնա ոչնչացման մասին:



Կարծում եմ, որ ոչ միայն իմ՝ մասնագետիս, այլեւ ողջ հանրության համար է հասկանալի Նարեկ Սարգսյանի գործունեությունը: Հետեւաբար արդարացի՞ է Նարեկ Սարգսյանի դեմ սկսված արշավը. դա կախված կլինի նրանից, թե որքան մարդ կմիանա բողոքողներին, եւ այն չի դիտվի որպես մի խումբ մարդկանց ցանկություն: Իսկ առհասարակ «գլխավոր ճարտարապետ» հասկացողությունը վերապահումով պետք է ընդունել, որովհետեւ դա սոսկ կենտրոնացում էր, մի լարի վրա շարելու եւ որոշակի մարդկանց ձեռքին պահելու:



Խմբ. կողմից - Երեանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում Նարեկ Սարգսյանի նշանակումը մեծ աղմուկ է բարձրացրել եւ երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նրա հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել:



Համլետ Խաչատրյան, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ