Տագնապ. ապականվում է գեղեցկությունը

Տագնապ. ապականվում է գեղեցկությունը
Դառնագին խոհեր Վանաձորի հրապարակի պղծման առիթով



Տխուր մտայնություն է ձեւավորվել մեզանում. Հայաստանի նախանկախ կացութաձեւի պայմաններում անկախության հասկացությունը վեհի, բարձր արժանապատվության զգացողություն էր առաջացնում հայրենասեր հոգիներում։ Անկախության հաստատումը, սակայն, իր՝ «հիմա մենք ենք մեր գլխի տերը, էլ օտարը չէ, ինչ ուզենք, այն էլ կանենք» արտաքուստ արժանավոր հոգեբանությամբ, այդ «ինչ ուզենալու» բացարձակությունը հասցրել է արատավոր ու աղետալի հետեւանքների։



Եթե հասկանալի է թվում համաշխարհային տնտեսական ճգնաժամով Հայաստանի տնտեսական եւ հայության սոցիալական վիճակը պատճառաբանելու բացատրությունը, ապա ինչո՞վ պետք է բացատրել այդ ճգնաժամի բացակայությունը բիրդանաղաների պարագայում, հարկ եղած դեպքում նրանց՝ կին լրագրողներին հայհոյելու կամ զուգարան հրավիրելու սանձարձակությունը, հայրենասիրական պահանջներով ցույցի ելած կանանց երեսին պարզած եռամատնյա համակցության պատգամավորական անպատժելիությունը, մեր քաղաքները «կոթողներով» համալրելու անարգել նկրտումները, մեր անապահով, հիվանդ ու հաշմված նպաստառուների քառորդ նպաստը յուրացնելու քեդխուդայությունը, լեզվի օրենքում մի նախադասություն ավելացնելով՝ անկախության մահավճռի վավերացվածությունը։ Այս կարգի ամեն մի եղելություն եղերականություն է, իսկ բոլորը միասին՝ անասելի եղեռնանք՝ մե՛ր ձեռքով իրագործված մե՛ր հանդեպ։



Այս ամենը, այսպես շարունակվելու դեպքում, ոգեքաղցության մեր ժամանակներում վաղ թե ուշ հանգեցնելու է երկրի ու ժողովրդի ֆիզիկական գոյության խնդրի։ Դժբախտաբար չափազանցություն չէ մտավախությունս, իսկ վերջերս այն ամրակայվեց Արցախյան հերոսամարտի մի պատկառելի գեներալի հետ ունեցած պատահական հանդիպման ժամանակ կայացած թռուցիկ մի զրույցով, որի ընթացքում խոժոռ դեմքին անել արտահայտություն գծագրելով եւ մատների դյուրաշոշափ շարժմամբ ակնարկեց, թե միայն լեզվի օրենքով դրսեւորված ոգու սահմանը չէ, որ նեղացված է դրսի «ներդրումներով». երկրի առարկայական սահմանին եւս սպառնում են այդ կարգի «ներդրումները»...



Իմանալով ու գիտակցելով հանդերձ քաոսային կացությամբ հագեցած ողջ անելությունը՝ ուզում եմ դիմել Վանաձորի Հայքի հրապարակում մարդկային բարոյականության կանոններով անթույլատրելի շինարարություն ծավալած գործարար հայրենակցիս, որին չեմ ճանաչում ու նույնիսկ չեմ քննադատում, որովհետեւ ինչքան էլ օրինազանցական լինի նրա արարքը, մարզպետարանի եւ քաղաքապետարանի դեմ հանդիման կատարվող անօրինության պատասխանատուները այդ շենքերում բազմած առաջին դեմքերն են՝ Լոռու մարզպետն ու Վանաձորի քաղաքապետը, նաեւ քաղաքի գլխավոր ճարտարապետը, որ հանգիստ խղճով կարող է ապացուցել կառուցվելիքի փաստաթղթային օրինականությունը՝ վկայակոչելով պատկան գերատեսչությունների, դրանց մեջ՝ նաեւ՛ հուշարձանների պահպանության հանրապետական մարմնի թույլտվությունը։



Գիտեմ, լսել եմ, որ այդ գործարարը նաեւ բազմաթիվ բարեգործությունների հեղինակ է, ուստի ուզում եմ կառչել նրա հոգու բարության այդ հատվածից՝ հույս ունենալու համար, որ նա կգիտակցի անգամ օրենքով թույլատրված իր այդ գործողության ահավորության իրական չափը, որը վնասակար ու հենց դրանով վտանգավոր է բոլորիս, նաեւ իր, իր զավակների, թոռների, ծոռների եւ ծոռնորդիների համար։ Վանաձորի կենտրոնական հրապարակը մեր եզակի արժեքներից է՝ ճարտարապետական ինքնատիպ լուծումներով ու դրանցով պայմանավորված անօրինակ գեղեցկությամբ։ Այդ հրապարակում անգամ եկեղեցի կառուցելը սրբապղծություն պիտի դիտվի, որովհետեւ աստվածային գեղեցկությունն է ապականվում։



Ուզում եմ հավատալ, որ, ինչքան էլ դժվար լինի, այս ահավորությունը խորքից գիտակցելու դեպքում ուժ կգտնի իր մեջ՝ դադարեցնելու սկսած գործը՝ ի սեր եւ հանուն իր զավակների ու թոռնթոռների, ի սեր արյան այն բաղադրության, որ իրեն հայ է պահում, ի սեր մարդկայնության, հայության եւ հայկականության։ Շատ եմ ուզում հայրենակցիս մեջ տեսնել այն զորությունը, որի շնորհիվ պիտի դադարեցնի հրապարակը փչացնելու ոչ պատվաբեր ձեռնարկը՝ աննախադեպ այդ արարքով օրինակ լինելով ներկա եւ գալիք բոլոր գործարարների համար։



Պատկերացնում եմ տնտեսական կորուստն ինչ ահավոր չափերի է լինելու, փոխարենը, սակայն, դա կլինի սեփական հոգու վեհ արտահայտության դժվարագույն ձեռքբերում. ասեմ ավելին, դա կլինի համազգային բարեգործություն։ Ինչքան միամիտ, նույնքան էլ զարմանալիորեն հավատավոր եմ իմ այս առաջարկության հարցում։ Հավատում եմ, որովհետեւ պիտի լինի, չէ՞, այդպիսի մեկը, որ, ուշքի գալով, հիշի իր արյունը, գո՛նե արյունը...



Դավիթ Գյուլզադյան