Մայր աթոռի «չաստվածաբան» որոշման դեմ

Մայր աթոռի «չաստվածաբան» որոշման դեմ
Մենք ներկայացրել ենք Ժնեւի եկեղեցու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեւ ծագած խնդիրները, որի արդյունքում Ժնեւում տարիներ ի վեր գործող հայկական եկեղեցին փակվեց: Նշել էինք, որ տեղի համայնքի կողմից եկեղեցին փակելու պատճառը դարձել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի այն որոշումը, համաձայն որի՝ վերջինիս տնօրինությամբ մայիսի 10-ից կախակայվել է Ժնեւի հոգեւոր հովիվ Տ. Աբել քահանա Մանուկյանի քահանայագործությունը:



Նշենք, որ Մայր Աթոռի մամլո դիվանի տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ «կախակայման ընթացքում կարգազանց եկեղեցականին արգելվում է կատարել ծիսապաշտամունքային որեւէ արարողություն, հակառակ պարագայում կատարված արարողությունն անվավեր է համարվում»:



Իսկ նման որոշումը պատճառաբանվել էր Մանուկյանի «դրսեւորած կարգազանց վարքի, այն է` Շվեյցարիայում հաստատված կանոնական թեմի իրողությունը մերժելու, նշանակված առաջնորդական տեղապահի եւ Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցու հովվի հանգամանքը չճանաչելու եւ Մայր Աթոռ ներկայանալու հայրապետական հրահանգները չկատարելու համար»:



Ժնեւի Հայ դպրոցական եւ ընտանեկան միության նախագահ Կարո Տեթիճին  խմբագրությանը հասցեագրած նամակով խնդրում էր եւս մեկ անգամ բարձրացնել խնդիրը, քանի որ կաթողիկոսի վերոնշյալ որոշումն «անհիմն եւ անարդար է», իսկ Մայր Աթոռի ներկայացրած պատճառաբանությունները «կեղծ մեղադրանքներ են» (ի դեպ, մեր նախորդ հրապարակումներում պարբերաբար ներկայացրել ենք եւ Ժնեւի հայ համայնքի ներկայացուցիչների, եւ Մայր Աթոռի փաստարկները):



Ժնեւի հայ համայնքի ներկայացուցչին հատկապես վրդովեցրել էր Մայր Աթոռի մամլո դիվանի հայտարարությունում վերը նշված հատվածը, որի առթիվ նա տարակուսանք է հայտնել իր նամակում. «Այս չաստվածաբանությունը որտե՞ղ եւ ե՞րբ սովորեց այս հաղորդագրությունը գրողը: Կախակայված քահանային, ում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ուղղված գրության մեջ ոչ «փիլոնազուրկ» եւ ոչ էլ «կարգալույծ» եզրերն էին գործածված, այլ ընդամենը «կախակայում»...»: Նաեւ զարմացած է. «Ինչպե՞ս անվավեր կլինեն արարողությունները, որոնք կարող են կատարվել նաեւ ենթակաների կողմից»:



«Նշված կախակայումը, այլ խոսքով՝ «առկախումը», ըստ Մայր Աթոռի նորարարությունների, մի պատժամիջոց է, համաձայն որի միեւնույն է՝ ենթական միշտ էլ ձեռնադրված եւ օծված քահանա կմնա, իսկ իր կողմից կատարված արարողությունը կհամարվի ամբողջապես վավերական: Այլ խոսքով՝ այսպես կոչված, կախակայումը եկեղեցու նվիրական դրվածքի մեջ ընդամենը վարչական միջոցառում է, իսկ կատարված կրոնական արարողությունը՝ աստվածային օրենքի վրա հիմնված շնորհ, որից ենթակային չի կարելի զրկել»,- նշված է նամակում:



Հիշեցնենք միայն, որ ամեն ինչ սկսվել է կաթողիկոսի` Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում եկեղեցական թեմ հիմնելու որոշումից, որին դեմ էին արտահայտվել շվեյցարահայերը: Վերջիններս գտնում են, որ դրա անհրաժեշտությունը չկա, եւ դա լրացուցիչ ֆինանսական բեռ է հայ համայնքի ուսերին: Չնայած հայ համայնքի բողոքին, այս տարվա մարտի կեսերին Էջմիածնում գումարված գերագույն հոգեւոր ժողովը որոշում էր կայացրել Շվեյցարիայի հայոց թեմում առաջնորդական տեղապահ կարգել Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին եւ ետ կանչել Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Աբել քահանա Մանուկյանին:



Ժնեւի առաքելական եկեղեցու խորհուրդն անընդունելի էր որակել էջմիածնում ընդունված որոշումը եւ զգուշացրել, որ չի ընդունի Մեսրոպ վարդապետ Պարսամյանին կամ որեւէ մեկ այլ անձի: Ավելին, երբ ապրիլի 10-ին նորանշանակ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը ժամանել է Ժնեւ` անցնելու իր պարտականությունների կատարմանը, Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցու խորհուրդը փակել է Սուրբ Հակոբ եկեղեցին` թույլ չտալով նրան ներս մտնել: Նման վերաբերմունքի համար կաթողիկոսը հավանաբար որոշել էր պատժել Մանուկյանին՝ կախակայելով վերջինիս քահանայությունը: