Մարդկային կերպը կորցրածները

Մարդկային կերպը կորցրածները
Ահասարսուռ հանցագործությունների մասին տեղեկությունները, որ պարբերաբար ստացվում են, ցնցում են հասարակությանը եւ մեզ՝ լրագրողներիս դնում անելանելի դրության մեջ՝ գրե՞լ այդ մասին, թե՞ ոչ: Մայիսի 28-ին 16-ամյա աղջնակը՝ Ռուսաստանից մի քանի ամսով Հայաստան հյուր եկած Տաթեւիկ Սերոբյանը, ինքնասպան եղավ՝ Կասկադի հարթակից իրեն ցած նետելով:



Հաջորդ օրը պարզվեց, որ աղջկա նկատմամբ սեռական ոտնձգություններ են եղել՝ նա առավոտյան տնից դուրս է եկել խանութ գնալու համար, ճանապարհին նրան առեւանգել են, մեքենայով տարել ինչ-որ տեղ եւ անարգել: Աղջիկն այնպիսի ցնցում է ապրել, որ հասնելով տեղ՝ ինքնասպան է եղել: Իսկ այդ մարդակերպ գազանները, ովքեր աղջնակին հասցրել են դրան, նրա եղբոր հետ ղումար էին խաղացել եւ կրել: Պարտքը ստանալ չեն կարողացել եւ որոշել են պատժել նրան՝ քրոջը բռնաբարելով:



Քրեական գործ է հարուցվել, սակայն վստահ չենք, որ այս ճիվաղները կպատժվեն: Մյուս ահասարսուռ գործում հանցագործը հայրն է, զոհը՝ աղջիկը:



Մայիսի 31-ին Սյունիքի ոստիկանության Գորիսի բաժին   Վարդուշ Գյադունցը  հայտարարություն է տվել, որ ամուսինը՝ 45-ամյա Վրեժ Տիգրանյանը, սեռական հարաբերություն է ունեցել դստեր՝ 15-ամյա Աշխենի հետ, ինչի պատճառով վերջինս հղիացել է: Մոր պատմելով, ինքը դրա մասին իմացել է այն ժամանակ, երբ որովայնի շրջանում ցավերի պատճառով աղջկան տարել է բժշկի: Գորիսում տարածված լուրերի համաձայն, ոստիկանությունը փնտրում է Վրեժ Տիգրանյանին: Սակայն Գորիսի ոստիկանության բաժնի պետ Սեւադա Առաքելյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ օպերատիվ կարգով ճշտվել է նրա գտնվելու վայրը:  Վրեժ Տիգրանյանը  բերման է ենթարկվել ու ներկայացվել քննության:



Վերջինս մայիսի 30-ին ընտանիքում  անախորժ զրույց ունենալուց հետո հեռացել էր անհայտ ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, Գորիսի քննչական բաժանմունքում կատարվում է նախաքննություն:  Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե աղջիկը հաճախ ծեծի ու բռնության է ենթարկվել, ապա այդ մասին ոչ մի անգամ ոստիկանությունն ահազանգ չի  ստացել: Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանն էլ ասաց, որ Աշխենն իրենց մոտ բուժում է ստացել՝ մտավոր հետամնացություն եւ վարքի խանգարում ախտորոշմամբ: Ավելացնենք, որ աղջիկը սովորում է Գորիսի գիշերօթիկ դպրոցում:



Ճիշտ է, բացակայություններ ունեցել է, բայց սովորաբար դասի գնացել է: Քննության շրջանակներում դատահոգեբուժական փորձաքննություններ են նշանակվել եւ աղջկա, եւ հոր նկատմամբ: Բժիշկների խոսքով, հայրը նույնպես խնդիրներ ունի հոգեկան առողջության հետ կապված: