Անվերջ պայքար

Անվերջ պայքար
Ամեն օր ես խմբագրի աթոռից կարեկցանքով հետեւում եմ մեր լրագրողների՝ տեղեկատվություն հայթայթելու, չինովնիկական արգելքները հաղթահարելու ջանքերին: Հետեւում եմ լրագրող-պաշտոնյա անդուլ պայքարին, երբ 20-30 տարեկան աղջնակներն ու տղաները մարտնչում են հարյուրամյա բյուրոկրատական ապարատի դեմ եւ փորձում փոքրիշատե հետաքրքիր, հանրությանն օգտակար ու կարդացվող ինֆորմացիա գտնել ու մատուցել ընթերցողին: Ասենք, երկու օր է՝ մենք փորձում ենք տարբեր իրավասու անձանցից ու մարմիններից տեղեկություններ ստանալ Մասիսում ջրի վարակի մասին, որը հերքում են, լրագրողներին փորձում մոլորեցնել անգամ նրանք, ովքեր բոլորովին պատասխանատու չեն այդ վիճակի համար: Երեկ ողջ օրը մեր լրագրողներից մեկը փորձել է պարզել մարզադպրոցներից մեկում մահացած երեխայի անունը, ծնողների տվյալները, մահվան պատճառները: Դպրոցի տնօրենը, որ ԲՀԿ անդամ է, ամեն ինչ արել է ինֆորմացիան թաքցնելու եւ լրագրողի հետ շփվողներին պատժելու համար: Հեշտ չէ մեկ օրում եւ տեղեկությունը ճշտել, եւ այնքան բազմակողմանի ներկայացնել, որ սխալներ չլինեն, ու հերթական դատական հայցը չունենանք մեր սեղանին: Իսկ Միկա Բաղդասարովն, ասացին, որ բողոքել է իր ասուլիսի լուսաբանումից եւ, ծաղրելով լրագրողներին, հայտարարել է, թե՝ այսուհետ մամուլի ակումբներ գնալուց պահանջելու է իր խոսքը սինխրոն թարգմանեն: Գուցե մեր լրագրողները գիտելիքների, մասնավորապես ռուսերենի իմացությամբ չեն փայլում: Բայց երբ մի փոքրիկ սրահում 40-ի չափ լրագրող է աշխատում, իսկ բանախոսը քթի տակ փնթփնթում է ու բազում խնդրանքներից հետո էլ բարձր չի խոսում, հնարավոր են նաեւ վրիպակներ: Երբեմն լրագրողներից բողոքողներին ուզում ես հարցնել՝ իսկ դուք ի՞նչ եք տվել մամուլին, որ մամուլը ձեզ ինչ տա: